Ռուսաստանցիների «բացահայտումները» Երեւանի դեպքերի մասին - Mediamax.am

10131 դիտում

Ռուսաստանցիների «բացահայտումները» Երեւանի դեպքերի մասին


Զախար Պրիլեպին, գրող
Զախար Պրիլեպին, գրող

Լուսանկարը` http://www.cinemotionlab.com/


Երեւան: Մեդիամաքս: Վերջին օրերին Ռուսաստանում կտրուկ աճել է այն մարդկանց թիվը, որոնք պնդում են, թե երեւանյան բողոքի ակցիաները կազմակերպված են «Ռուսաստանի թշնամիների կողմից»:

Մեդիամաքսը հավաքել է «դավադրության տեսության» կողմնակիցների մի քանի նման կարծիք եւ ներկայացնում է դրանք առանց մեկնաբանության:

 

***

 

Զախար Պրիլեպին, գրող

 

«Այնտեղ (Հայաստանում – խմբ.) շատ ակտիվ կերպով (այդ թվում՝ գաղափարական առումով) աշխատում են ամերիկացիները, շատ ավելի՝ տասնապատիկ ավելի ակտիվ, քան Ռուսաստանը: Ռուսաստանն աշխատում է մեկ գաղափարախոսական ակումբի ու մի քանի ԶԼՄ-ների մակարդակով: Այսինքն` գրեթե բացակայում է:

 

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը հանդուրժող է, հաճախ բարյացակամ, սակայն հակառուսական հիստերիա զարգացնելու ցանկացած հնարավորություն, իհարկե, օգտագործվում է:

 

Հայաստանյան մտավորականությունը (անչափ հմայիչ մարդիկ) ընդհանուր առմամբ լիբերալ է, ժողովրդավարական ու եվրոպամետ: Ես այնպես եմ հասկանում, որ նրանք Հայաստանը, ընդհանուր առմամբ, դիտարկում են որպես Եվրոպայի մաս եւ կարծում են, որ Հայաստանի ապագան «եվրոպական ուղու վրա է»:

 

Հայաստանը գտնվում է Ադրբեջանի հետ դանդաղ պատերազմի մեջ, եւ եթե Երեւանում Մայդան սկսվի, հայերը կարող են կորցնել վիճարկվող տարածքները»:

 

 

Աղբյուր՝  http://www.nakanune.ru/articles/110586#sthash.cZOx0vGF.dpuf

 

***

 

Իգոր Մորոզով, Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ

 

«Հայաստանը մոտ է հրազենի կիրառմամբ պետական հեղաշրջմանը: Դա տեղի կունենա, եթե Սերժ Սարգսյանը դասեր չքաղի ուկրաինական Մայդանից ու համապատասխան հետեւություններ չանի»:

 

Աղբյուր՝  http://argumenti.ru/world/2015/06/404899

 

***

 

Կոնստանտին Կոսաչեւ, Դաշնային խորհրդի անդամ

 

Այսօր առաջարկել է ստեղծել այն կազմակերպությունների «ստոպ-ցուցակը», որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում:

 

«Սկզբում նրանք այրեցին Վրաստանը, հետո Ուկրաինան, նույնիսկ FIFA-ին հասան: Կարող են նաեւ Հայաստանին անդրադառնալ»:

 

Աղբյուր՝  http://www.vz.ru/news/2015/6/24/752481.html

 

***

 

Վիկտոր Միլիտարեւ, քաղաքագետ

 

«Ինչպես եւ Յանուկովիչի դեպքում էր, ես հակված չեմ գերագնահատել Հայաստանի ներկա ղեկավարության սերը մեր երկրի նկատմամբ: Սակայն դա չի խանգարում ինձ պարզ հասկանալ, որ «սակագնային Մայդանը» կազմակերպվել է Ռուսաստանի թշնամիների կողմից, եւ դա նրանց պատասխանն է Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարություններին: Այսինքն, ամեն ինչ ճիշտ նույն կերպ է ընթանում, ինչպես Ուկրաինայում էր»:

 

Աղբյուր՝  http://izvestia.ru/news/588080#ixzz3dyAbMssA

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին