Երեւան: Մեդիամաքս: Հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը եւ գործընկերները հայտնել են, որ 2016 թվականին կայանալիք Starmus գիտական երրորդ փառատոնին մասնակցելու են Նոբելյան մրցանակի 10 դափնեկիրներ:
Երրորդ Starmus-ը կրելու է «Հորիզոնից այն կողմ» նշանաբանը եւ նվիրված է լինելու ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգին:
Սթիվեն Հոքինգը, որը նախորդ տարի մասնակցել էր փառատոնին, ասել է, «որ Starmus-ի հաջորդ թողարկումը կապացուցի, որ այն եզակի հարթակ է մարդկային քաղաքակրթության ապագայի քննարկման համար»:
Starmus փառատոնի խորհրդի անդամ, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն էլ ասել է, որ երրորդ Starmus-ը «ամենահզորն» է լինելու:
Փառատոնի հիմնադիր եւ տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշել է.
«Մեզ համար մեծ պատիվ է, որ պրոֆեսոր Հոքինգը համաձայնեց, որպեսզի երրորդ Starmus-ը նվիրենք իրեն ու իր գիտական վաստակին»:
2016 թվականի հունիսի 27-ից հուլիսի 2-ը կայանալիք Starmus փառատոնին կմասնակցեն Նոբելյան մրցանակի դափնեկիրներ.
Հարոլդ Կրոտո (Քիմիա, 1996 թ.)
Էրիկ Բեցիգ (Քիմիա, 2014 թ.)
Քերոլ Գրեյդեր եւ Էլիզաբեթ Բլեքբորն (Բժշկություն, 2009 թ.)
Ռոբերտ Ուիլսոն (Ֆիզիկա, 1978 թ.)
Դէվիդ Գրոս (Ֆիզիկա, 2004 թ.)
Ադամ Ռիես եւ Բրայան Շմիդտ (Ֆիզիկա, 2011 թ.)
Էվարդ Մոսեր եւ Մեյ-Բրիտ Մոսեր (Բժշկություն, 2014 թ.)
Starmus փառատոնին կմասնակցեն նաեւ այլ ճանաչված գիտնականներ, տիեզերագնացներ տարբեր երկրներից:
2014 թվականի սեպտեմբերին Գարիկ Իսրայելյանը եւ Սթիվեն Հոքինգը ներկայացրել էին «Մարդու 50 տարիները տիեզերքում» գիրքը: Դրանում ներկայացված են 2011 թվականին կայացած Starmus առաջին գիտական փառատոնի նյութերը:
2014 թ. սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կայացել էր Starmus գիտական երկրորդ փառատոնը՝ «Սկիզբը. Ժամանակակից տիեզերքի ձեւավորումը» (Beginnings: The Making of the Modern Cosmos) խորագրի ներքո:
Առաջին անգամ Starmus միջազգային փառատոնն անցկացվել էր 2011թ. Տեներիֆեում: Այն նվիրված էր Յուրի Գագարինի` տիեզերք կատարած առաջին թռիչքի 50-ամյակին եւ դարձել էր գիտական ու երաժշտական վառ իրադարձություն:
Փառատոնի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է http://www.starmus.com կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: