2014-ից ի վեր քննարկվող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն ունի նոր տարբերակ, որը արդարադատության նախարարությունը պատրաստվում է ներկայացնել գործադիր, ապա նաեւ օրենսդիր մարմնին:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի լրամշակման աշխատանքներին վերջին մեկ տարում աջակցում է Բրիտանական Խորհուրդնը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակներում:
Նախագծի նոր տարբերակի մշակման համար կայացել են մի շարք քննարկումներ, որոնց ընթացքում նախարարությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ ծրագրի կողմից հրավիրված եվրոպացի փորձագետները քննարկել եւ համաձայնեցրել են օրենքի նախագծի մի շարք դրույթներ, որոնք համահունչ են եվրոպական չափանիշներին: Աշխատանքների իրականցման աջակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրը: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի բյուջեն 949 670 եվրո է:
Կամավորների ներգրավման իրավունքի մասին
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի նոր տարբերակը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ, թույլ է տալիս ՀԿ-ների լիազորությունների ընդլայնում, իրավունք տալիս ինքնուրույն ընտրել կառավարման մոդելն ու ընդգրկել կամավորների, քաղաքացիների եւ իրավաբանական անձանց:
«Այս նախագծով կազմակերպությունները կարող են իրենց նպատակներին համապատասխան ունենալ շահառուներ կամ իրենց աշխատանքում ընդգրկել կամավորների»,- Մեդիամաքսի հետ զրույցում նշել է Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:
Նախագծում նշվում է նաեւ, որ, եթե կամավորի աշխատանքի տեւողությունը 1 ամսվա մեջ գերազանցում է անընդմեջ 5 օրը, ապա ՀԿ-ն պետք է պայմանագիր կնքի նրա հետ: Միաժամանակ, ՀԿ-ին արգելվում է կամավորին ներգրավել կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ:
ՀԿ-ներն իրավունք ունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ
Օրենքի կարեւոր մաս է կազմում նաեւ ՀԿ-ների ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը:
Կազմակերպությունն իրավունք ունի իր գույքը, գործունեության արդյունքներն օգտագործել ձեռնարկատիրական նպատակով, մատուցել վճարովի ծառայություն եւ օրենքով սահմանված կարգով ստեղծել առեւտրային կազմակերպություն կամ դառնալ դրա մասնակից: Փոխնախարարը նշում է, որ դա հնարավորություն կտա կազմակերպությանը ֆինանսապես ավելի կայուն դառնալ:
Ֆինանսական հաշվետվությունների մասին
Օրենքի նոր կարգավորմամբ սահմանվում է նաեւ ՀԿ-ների կողմից բուռն արձագանքի արժանացած՝ ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու կարգը, որը կազմակերպության ղեկավարները դիտում էին որպես պետության կողմից իրենց գործունեությանը միջամտելու լրացուցիչ լծակ:
Նախագծում, մասնավորապես, նշվում է. «Եթե կազմակերպությունը ֆինանսավորվում է պետական կամ համայնքային բյուջեից 10 մլն դրամի չափով, ապա օրենքով սահմանված չափով պետական մարմնին ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունում ոչ ուշ, քան հաջորդ տարվա մայիսի 15-ը, ֆինանսավորման ամսով ենթակա է պարտադիր աուդիտի: Ի դեպ, օրենքի նոր խմբագրմամբ նախատեսվում է, որ անկախ աուդիտորին ընտրում են կազմակերպությունները՝ կանոնադրությամբ սահմանված կարգով: Անկախ աուդիտորական եզրակացությունն էլ կցվում է հաշվետվությանը»:
«Նախորդ տարբերակում, անկախ ֆինանսական աղբյուրի տարանջատումից, հանրային հաշվետվողականություն էր նախատեսվում բոլոր ՀԿ-ների համար: Սակայն Եվրոպական դատարանի մեկնաբանությունները հանգում էին նրան, որ հանրային հաշվետվողականության պարտականություն պետք է կրեն նրանք, ովքեր հանրային աղբյուրներից են ֆինանսավորվում, մյուս ՀԿ-ների նկատմամբ հաշվետվողականության բեռն իրավունքի տեսանկյունից արդարացված չէր լինի: Հետևաբար, որոշումը փոփոխվեց եւ ընտրվեց հաշվետվողականության երկու մակարդակ»,- ասում է Արսեն Մկրտչյանը:
Նա նշում է, որ ՀԿ-ների, միջազգային փորձագետների առաջարկների եւ եզրակացությունների հիման վրա կազմված օրենքի նախագիծը հիմնականում ընդունելի է բոլոր շահագրգիռ կողմերի համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը եւս նկատում է, որ «երկարատեւ բանակցությունների եւ քննարկումների արդյունքում ստեղծված նախագիծը բխում է թե կառավարության, թե ՀԿ-ների շահերից»:
Սիրանուշ Եղիազարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: