«ՀԲԸՄ զրույցներ»՝ մարդկային կապիտալի մասին - Mediamax.am

3524 դիտում

«ՀԲԸՄ զրույցներ»՝ մարդկային կապիտալի մասին


Լուսանկարը` PAN Photo

Արմեն Տեր-Կյուրեղյանը
Արմեն Տեր-Կյուրեղյանը

Լուսանկարը` PAN Photo

Սեմ Սիմոնյանը
Սեմ Սիմոնյանը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Հայր Մեսրոպ քհն. Արամյանը
Հայր Մեսրոպ քհն. Արամյանը

Լուսանկարը` PAN Photo


Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում այսօր մեկնարկել է «ՀԲԸՄ զրույցներ» քննարկումը, որի առաջին թեման է «Մարդկային կապիտալը Հայաստանում եւ Սփյուռքում»: 

 

Սահմանման համաձայն՝ մարդկային կապիտալ են գիտելիքները, ունակությունը, փորձը, մտածողությունը, վերապատրաստումը, դատելու եւ իմաստուն լինելու կարողությունը, ընտանեկան եւ մարդկային արժեքները:

 

Մարդկային կապիտալն ազգի ոչ նյութական ռեսուրսն է, որի ստեղծման համար անհրաժեշտ են ներդրումներ: Ըստ ժամանակակից տնտեսագետների՝ կրթությունը, վերապատրաստումները եւ առողջությունն այն ուղղություններն են, որոնք կարող են բարձրացնել մարդկային կապիտալի որակը:

 

«ՀԲԸՄ զրույցներ»-ի առաջին օրը թեմայի շուրջ իրենց կարծիքներն են հայտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քհն. Արամյանը, ՀԲԸՄ փոխնախագահ, Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթսի» գլխավոր տնօրեն Արամ Սալաթյանը եւ Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը: Նրանք առանձնացրել են մարդկային այն որակներն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են այսօր Հայաստանին եւ հայերին:

 

Ինչպիսի՞ն է այսօր մարդկային կապիտալը Հայաստանում եւ Սփյուռքում

 

Արմեն Տեր-Կյուրեղյան. Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ այսօր Հայաստանի ներուժը կազմում են մարդիկ, եւ երկրի ապագան կախված է մարդկային հզոր կապիտալի կառուցումից: Մեր համեստ գյուտարարությունը, կրթությունը եւ վերապատրաստումը մարդկային կապիտալի կարեւորագույն տարրերն են, եւ որպես հայաստանյան համալսարան՝ մենք այդ գործընթացի մասնակիցն ենք: Մարդկային ներուժը Սփյուռքում հսկայական է, եթե դատելու լինենք միայն թվերով: Սակայն հարց է առաջանում՝ ինչպես է հնարավոր կենտրոնացնել Սփյուռքի մարդկային կապիտալը կամ ինչ եղանակով օգտագործել: Սա մեզ համար մարտահրավեր է: Որպես համալսարան՝ մենք ցանկանում ենք կամուրջ ստեղծել Հայաստանի եւ արտասահմանի ապագա սերունդների միջեւ, մենք ցանկանում ենք, որ այլ երկրներից երիտասարդներ գան Հայաստան ուսանելու, որոնք հետագայում կդառնան երկրի մշտական ընկերներ կամ գործընկերներ:

 

Սեմ Սիմոնյան. Օգտվելով առիթից՝ կցանկանայի ներկայացնել «Թումո»-ում իրականացված մի հետազոտության տվյալներ: Մեր 6000 ուսանողներից 3000-ը մասնակցել են հարցմանը, որոնց մի մասը սկսնակներ են «Թումո»-ում, մյուս մասը արդեն 2 տարի է, ինչ հաճախում են: Հարցին, թե ինչ մասնագիտություն եք ընտրելու, սկսնակների 25%-ը նշել է, որ ցանկանում է դառնալ ծրագրավորող կամ ինժեներ: Նույն պատասխանը տվել է 2 տարի հաճախող երեխաների 40%-ը: Այս մասնագիտությանը հաջորդում են տնտեսագետի, արվեստագետի, բժշկի, իրավաբանի, ճարտարապետի մասնագիտությունները: Հարցված երեխաների ընդամենը 2%-ն է ցանկանում զբաղվել քաղաքականությամբ: Իսկ հարցին, թե որ երկրում եք տեսնում ձեր ապագան, երեխաների 29%-ն է պատասխանել Հայաստանում: 24%-ը նշել է ԱՄՆ-ը, 23%-ը՝ Եվրոպա, 13%-ը՝ Ռուսաստան, 11%-ը՝ այլ երկրներ: Երեխաներն ընդգծել են, որ կնախընտրեին այլ երկրներ, քանի որ իրենց մասնագիտական գործունեությունը չի կարող զարգանալ Հայաստանում: Կարծում եմ, եթե կարողանանք բարենպաստ միջավայր ստեղծել, այս երեխաները չեն ցանկանա լքել Հայաստանը եւ այն կդարձնեն բարգավաճ:

 

Եվա Հյուսյան. Կրթությունն այն բնագավառն է, որտեղ Հայաստանն առանձնակի փոփոխություններ ունի: Հիմնվել են գերազանցության բազմաթիվ կենտրոններ («Այբ», «Թումո», Microsoft գերազանցության կենտրոն), որոնք ստեղծվել են ոչ ավանդական ճանապարհով եւ աննախադեպ հաջողություններ են գրանցել: Այս կենտրոնները կերտում են ապագայի նկատմամբ հավատով լցված սերունդ, որն ունի նաեւ գիտելիքներ: Փոքր ներդրումներով կարելի է մեծ արդյունք ստանալ, այսօր մենք պետք է որդեգրենք «ստարտափային» մտածելակերպ եւ իրագործենք նորարարական գաղափարներ: Մենք ունենք մրցակցային առավելություն, քանի որ ունենք Սփյուռք եւ մեծ մարդկային ներուժ:

 

Հայր Մեսրոպ քհն. Արամյան. Մարդկային կապիտալի հիմքում կրթությունն է: «Այբ» դպրոցը ստեղծվել է յուրօրինակ համագործակցության շնորհիվ եւ այն մեր մարդկային կապիտալի մրցունակության ցուցանիշն է: Կրթության վերափոխման գաղափարը կարողացավ համախմբել զարմանալի մարդկային որակներ: Արտաքուստ այս փոքր նախաձեռնությունից ծնվեց ազգային մեծ նախագիծ, ինչը հնարավորություն կտա կրթական լավագույն տեխնոլոգիաները տարածել ամբողջ Հայաստանում եւ ինչու չէ՝ նաեւ Սփյուռքում:

 

Մենք կարիք ունենք հստակեցնելու, թե ինչպիսի արժեքների շուրջ ենք մենք համախմբվում: Արդյոք ունե՞նք միասնական ապագայի զգացողություն եւ կրթական մի հարթակ, որը կարող է իրականություն դարձնել մեր ապագան, հաճախ մեր միավորման հիմքն անցյալն է:

 

Արամ Սալաթյան. Ես առավելապես հետաքրքրված եմ Սփյուռքի մարդկային կապիտալով, քանի որ մոտավորապես 7 մլն հայ է ապրում Հայաստանից դուրս: Մենք կարիք ունենք մի բանի, որը կմիավորի ամբողջ աշխարհի հայերին, լինի դա արժեք, թե միասնական նպատակ:

 

Ինչպե՞ս օգտագործել Սփյուռքի մարդկային կապիտալը

 

Արմեն Տեր Կյուրեղյան. ՀԱՀ-ի օրինակով կարող եմ ասել, որ հաճախ մենք մասնագետներ ենք հրավիրում արտասահմանից եւ կազմակերպում սեմինարներ, աշխատաշուկաներ, համաժողովներ եւ այլն: Փոխադարձ շփումների հիման վրա ստեղծվում են ցանցեր, որոնք շատ ակտիվ եւ արդյունավետ գործածվում են: Չափազանց կարեւոր է նմանատիպ «ինտելեկտուալ կամուրջներ» կառուցել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:

 

Սեմ Սիմոնյան. Կարծում եմ՝ հայ ձեռներեցների մի քանի տեսակ կա: Առաջինները անկախ ամենից միշտ էլ կգան եւ կաջակցեն Հայաստանին: Երկրորդները կգան բիզնես նպատակներից ելնելով: Իսկ երրորդները չեն էլ մտածում օգնելու մասին: Մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ ոչ միայն հայ ձեռներեցները, այլեւ օտարերկրացի ձեռներեցները ցանկանան գալ եւ ներդրումներ կատարել: Ձեռներեցները պետք է համոզված լինեն, որ ռիսկի դիմելով կարող են պահպանել իրենց ներդրումները, քանի որ բավարար մարդկային կապիտալ կա Հայաստանում:

 

Եվա Հյուսյան. Ինչպե՞ս հաջող համագործակցել Սփյուռքի հետ: Բոլորս էլ գիտենք, որ այս ոլորտում բազմաթիվ ձախողումներ կան: Կարեւոր է ինչ-որ ծրագրի հիմքի վրա փոխշահավետ համագործակցության ստեղծումը:

 

Հայր Մեսրոպ քհն. Արամյան. Հոգեւոր ուժը մարդուն վերափոխելու մեծ կարողություն ունի եւ, այս առումով, Հայ առաքելական եկեղեցին ամբողջ աշխարհի հայերի համար մեծ անելիքներ ունի: Հայաստանն այսօր ի վիճակի է ինչ-որ բան տալ Սփյուռքին, մինչ այս մենք շարունակ «ուզողի» դերում էինք: Կարծում եմ՝ պետք է դուրս գանք այդ դերից եւ փորձենք փոխադարձաբար հարստացնել միմյանց:

 

Արամ Սալաթյան. Առաջին հերթին, Սփյուռքի ներկայացուցիչները կարող են օգնել տեղացիներին՝ հայկական արտադրանքն արտասահմանյան շուկաներում ներկայացնելու: Երկրորդ, շատ կարեւոր է՝ Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնել սփյուռքահայերի համար, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին