600 կամավոր՝ 38 երկրից. Հայաստանում արդեն 15 տարի գործող կամավորական կազմակերպությունը հարուստ փորձ ու կամավորների մեծ ցուցակ ունի: Աշխարհի տարբեր ծայրերի մասնագետների փորձը Հայաստանում անվճար ներդնելու գաղափարը Հայ կամավորների միությանն է, որի գործադիր տնօրենն ու կամավորները Մեդիամաքսի հետ կիսվել են կամավորության իրենց «բաղադրատոմսով»:

Միությունը համագործակցում է «Դեպի Հայք» կազմակերպության հետ: Կամավորները հիմնականում օտարերկրացիներ են կամ արտասահմանում ապրող 30 տարեկանը լրացած հայեր:
Կամավորներն ամենատարբեր ոլորտներ են ընտրում՝ սոցիալականից մինչեւ գյուղատնտեսություն եւ համայնքային զարգացում, մեծ է հատկապես արվեստի, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կամավորության հայտերի թիվը: Ոմանք զուտ մասնագիտական աշխատանք փնտրում:
Պատմում է Հայ կամավորների միության գործադիր տնօրեն Թանիա Շիշմանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանում այս պահին Ֆրանսիայից, Հնդկաստանից, Շվեյցարիայից, Կանադայից, Ավստրալիայից, Իրանից եւ Անգլիայից եկած մասնագետներն են կամավորություն անում: Նախորդ տարի ունեցել ենք առաջին կամավորները Մեքսիկայից, Չեխիայից ու Եգիպտոսից: Կան կամավորներ, որոնք երկրորդ անգամ Հայաստան գալու ցանկություն են հայտնում, նույնիսկ տեղափոխվում են Հայաստան ապրելու: Ազգությամբ լեհ մի աղջիկ, որը երկու ամսով կամավորություն էր արել երեք տարի առաջ, կապվել էր Հայաստանի հետ, մոտ 18 ամիս առաջ տեղափոխվեց Հայաստան: Նույնն արեցին նաեւ եգիպտացի եւ կանադացի երկու կամավորներ:
Ինչո՞ւ հենց Հայաստան: Կամավորներին դեպի Հայաստան գրավելու մեծ փորձ ունենք, ուրախությամբ նշեմ, որ հետաքրքրություն հաճախ լինում է նաեւ հակառակ կողմից:
Մեքսիկայից Հայաստան եկած մեր կամավորներից մեկին Հայաստան էր բերել իր ծննդյան օրն ու ավարտական դասարանում ստացած հանձնարարությունը: Ապրիլի 24-ին ծնված երիտասարդը պետք է ուսումնասիրեր ցեղասպանություններն, եւ հենց այդպես է տեղեկանում Հայոց եղեռնի մասին: Տարիներ անց իր ուսումնական վերջին փուլը որոշել էր Հայաստանում հետազոտությամբ անցկացնել ու որպես կամավոր եկավ Հայաստան: Որոնողական համակարգերն էլ հենց Հայ կամավորների միության միջոցով Հայաստան գալու ուղին հուշեցին:
Չեխիայից մի կամավոր, որը Ֆրանսիայում կրթություն էր ստացել, մնացել էր հայկական հանրակացարանում, տեղի մեծ գրադարանում էլ ծանոթացել էր Հայաստանի մշակույթին, պատմությանը եւ որոշել ուսումն ավարտելուց հետո գալ Հայաստան ու որոշ ժամանակ կամավորական աշխատանք կատարել:
Կեցության հարցը լուծվում է հյուրընկալ ընտանիքների միջոցով: Կամավորները, մեծամասամբ, ընտանիքներում են մնում, քանի որ դա ավելի մատչելի տարբերակ է, բայցի այդ, մարդկանց հետ անմիջական շփում է ապահովում, շուտ են հարմարվում հասարակությանը եւ արագ են յուրացնում լեզուն:
Հայաստանում կամավորելու աշխարհագրությունը տարբեր է, միայն մայրաքաղաքի վրա չեն կենտրոնանում: Կամավորները ձմռան ամիսներին են հիմնականում Երեւանում մնում, իսկ երբ արդեն եղանակները տաքանում են, նաեւ մարզեր են մեկնում: Այս պահին միայն մեկ կամավոր կա, որ մարզում է. Վանաձորում երեխաների հետ է աշխատում:
Մարզային բնակավայրերից, որպես կանոն, նախընտրում են Գյումրին, Վանաձորը, ինչպես նաեւ Արցախը: Արցախ են մեկնում երկարաժամկետ կամավորները, որոնք արդեն որոշակի փորձ են ձեռք բերել, տիրապետում են հայերենին: Տարբեր կազմակերպությունների հետ են աշխատում, ոլորտները եւս տարբեր են. կրթություն, արվեստ, մշակույթ: Լուսանկարիչներ, դիզայներներ, թարգմանիչներ եւ ուսուցիչներ են գնացել Արցախ կամավորելու:
2015թ. կազմակերպությունը մտադիր է ավելացել բարձր տարիքի կամավորների թիվը: Մասնագիտական կամավորության ծրագիրը նպատակ ունի 32 տարին լրացած մարդկանց առնվազն երկու շաբաթից մինչեւ մեկ տարի ժամկետով բերել Հայաստան: Նպատակը լուրջ մասնագիտական փորձի ներդրումն է Հայաստանում:
Մեկ այլ ծրագիր կա, որ կոչվում է Voluntourism: Այս ծրագրով մարդկանց տանելու ենք տեսարժան վայրեր, որտեղ նրանք կամավորություն կանեն մի քանի օր: Սա հնարավորություն է տալիս Հայաստան գալ ընտանիքներով եւ 12 օր ժամկետով: Նախատեսում ենք մարդկանց կամավորության սահմանամերձ գյուղ տանել:
Գործունեությունն ընդլայնելու համար քննարկում ենք կամավորների ներգրավման ուղիները: Հիմնական տարբերակը լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի միջոցով իրազեկումն է, աշխատում ենք նաեւ արտերկրի հայկական կենտրոնների, համալսարանների հետ: Մեզ մեծ աջակցություն են ցուցաբերում արտասահմանյան կրթության ծրագրերը:
Ջեյմս Գլովեր, 26 տարեկան, Միացյալ Թագավորություն

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստան կամավորության եմ եկել 10 ամսով՝ 2014թ. նոյեմբերից մինչեւ 2015թ. օգոստոս: Կամավորություն եմ արել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL): Այժմ Ամերիկյան համալսարանի գիտության եւ ճարտարագիտության քոլեջում երկու ծրագրի վրա եմ աշխատում:
Ես որոշել էի կամավորությամբ զբաղվել ու դեռ չէի գտել այն երկիրը, որտեղ կուզեի լինել: Եկա Հայաստան, քանի որ հայ ընկեր ունեմ, որի հետ շփվելուց հետո սկսեցի հետաքրքրվել այս երկրով: Կամավորության գալուց մի քանի ամիս առաջ եղել էի այստեղ, ընկերոջս տանն էի մնացել մեկ շաբաթով:
Հիմա հայերեն եմ պարապում, բայց դեռ շատ քիչ եմ կարողանում խոսել: Կամավորական աշխատանքի շնորհիվ ես տարբեր մարդկանց հետ եմ շփվում ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, տարբեր աշխատանքներ եմ կատարում, Հայաստանի մշակույթն եմ յուրացնում: Դա հարուստ փորձ է ինձ համար:
Գայանե Գյունխանդանյան, 32 տարեկան, Կանադա

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանում եմ ծնվել, բայց 16 տարեկանից ծնողներիս հետ տեղափոխվել ենք Կանադա: Վաղուց ցանկություն ունեի վերադառնալու, այլ կերպ տեսնելու իմ հայրենիքը: Եկա 4 ամսով, հիմա կամավորության ժամկետն ավարտվում է, բայց չեմ ցանկանում գնալ: Ժամկետս արդեն մի անգամ երկարաձգել եմ:
Ես այստեղ եմ ծնվել-մեծացել, «համտեսել» էի Հայաստանը, եւ այդ կապը հավերժ է: Իրավիճակն ինձ հնարավորություն տվեց վերադառնալ: 2015-ը կարեւոր ժամանակաշրջան է, ես պետք է այստեղ լինեի:
Կամավորություն եմ արել «Ռեանիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն փառատոնում, «Մանանա» երիտասարդական կենտրոնում, «Ծիլ Բացատ» ներդաշնակ զարգացման կենտրոնում: Ավազով անիմացիայի դասեր եմ տալիս երեխաներին, կրթական կենտրոններում նկարչական պարապմունքներ եմ անցկացնում, դասական երաժշտություն, գեղարվեստ, պատմություն ենք սովորեցնում:
Կամավորությունն ինձ համար ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է: Ես լավ լիցքեր եմ ստանում, երբ տեսնում եմ, թե ինչպես է լուսավորվում երեխան իր հարցի պատասխանը ստանալիս, նոր բան սովորելիս:
Արշակ Կարսավարյան (Կարօղլու), 40 տարեկան, Ավստրալիա

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստան կամավորության եմ եկել 7 ամսով՝ 2014թ. նոյեմբերից 2015թ. հունիսը: Աշխատում եմ «Ինսթիգեյթ» ընկերությունում: Անօդաչու թռչող սարքեր ենք նախագծում: Ես որպես երկրորդ մասնագիտություն ընտրեցի ճարտարագիտությունը եւ որոշեցի մասնագիտական փորձս Հայաստանում ձեռք բերել: Երկար որոնումներից հետո ինձ համար գտնվեց համապատասխան աշխատանք, հիմա նաեւ հայոց լեզվի դասընթացներին եմ մասնակցում եւ արդեն կարողանում եմ մի փոքր խոսել:
Ավստրալիայում խիստ տարանջատված է աշխատանքը, դու կարող ես միայն քո նեղ մասնագիտությամբ զբաղվել: Երկու երկրների փորձը շատ է տարբերվում, եթե այնտեղ դիզայնն ես անում, չես կարող էլեկտրոնիկայով էլ զբաղվել: Այստեղ մեկ մարդը կարող է ամբողջը պատրաստել: Հայաստանում դրսից եկած մարդկանց համար նոր բան փորձելու եւ սովորելու հնարավորությունները շատ են:
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: