IDeA-ն ու WWF-Հայաստանը կստեղծեն «Տաթեւ» ազգային պարկը - Mediamax.am

16159 դիտում

IDeA-ն ու WWF-Հայաստանը կստեղծեն «Տաթեւ» ազգային պարկը


Տաթևի Վանք
Տաթևի Վանք

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` բնության պահպանության եւ էկոտուրիզմի զարգացման ոլորտներում համագործակցելու մասին:

IDeA հիմնադրամը եւ WWF-Հայաստանը համատեղ աշխատանքներ կիրականացնեն «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի կառավարման բարելավման ուղղությամբ, ինչպես նաեւ հանրապետության հարավում կնախաձեռնեն բնության հատուկ պահպանվող նոր տարածքի՝ «Տաթեւ» ազգային պարկի ստեղծումը:

 

Արմեն Գեւորգյանն ու Կարեն Մանվելյանը

Լուսանկարը՝ IDeA

 

Վերոնշյալ նախաձեռնությունների նպատակը տարածքի յուրահատուկ էկոհամակարգի եւ կենսաբազմազանության պահպանումն է, աջակցությունը էկոտուրիզմի զարգացմանը:

 

«Մեր համագործակցությունն ուղղված է Տաթեւի տարածաշրջանում բնության պահպանությանն ու զբոսաշրջության զարգացմանը: IDeA հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանը զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ դարձնելն է, ինչը կնպաստի նաեւ հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Դրա համար բոլոր նախադրյալներն առկա են՝ միջնադարյան վանական համալիրը, ճոպանուղին, հարուստ բնությունն ու յուրահատուկ էկոհամակարգը, որի պահպանումը կարեւոր է նաեւ էկոտուրիզմի զարգացման առումով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի կյանքի կոչել տարածաշրջանի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը»,- ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

   

«Շատ կարեւոր է մեր համագործակցությունը IDeA հիմնադրամի հետ, որի արդյունքում կպահպանվեն Տաթեւի տարածքի յուրահատուկ էկոհամակարգը եւ կենսաբազմազանությունը, ինչպես նաեւ կստեղծվեն լայն հնարավորություններ տարածքում գտնվող համայնքների համար բարելավել իրենց ապրելամիջոցները»,- ասել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին