Անցնող տարում էկրան բարձրացան մի շարք հայկական ֆիլմեր, որոնք տարբեր փառատոններում ու մրցույթներում մեծ ու փոքր մրցանակների արժանացան: Ֆիլմերը ցուցադրվեցին նաեւ Հայաստանի կինոթատրոններում, եւ հայ հանդիսատեսը, իր հերթին, «որոշեց» լավագույններին:
Մեդիամաքս-ը «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոնների օգնությամբ պարզել է, թե 2014թ. հայկական որ ֆիլմերն են ամենաշատ այցելուներ բերել կինոթատրոններ: «Սինեմա Սթար» կինոթատրոնից տեղեկություններ ստանալ չհաջողվեց:
«Մոսկվա» կինոթատրոնում այս տարի ցուցադրվել է մոտ 20 հայկական ֆիլմ, «Նաիրի»-ում՝ մոտ 10-ը:
2014թ. ամենաշատ դիտված ֆիլմը «Սուպեր մամա»-ն է: Ռեժիսորներ Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը կարծում են, որ ֆիլմի հաջողության գլխավոր գրավականները լավ սցենարն էր ու դերասանական կազմը:
«Նախապատրաստական մեծ աշխատանքը, որի ժամանակ մանրամասնությամբ պլանավորվում են ֆիլմի բոլոր կադրերն ու դերասանական խաղի տարրերը, նույնպես կարեւոր գրավական է: Հենց այս ամենի համադրությունն էլ օգնել է, որպեսզի մեր ֆիլմը հաջողություն ունենա: «Սուպեր մամա»-ն ֆիլմ է, որը նախատեսված է բոլորի համար»,- Մեդիամաքս-ին ասել է Վահագն Խաչատրյանը:
Ռեժիսորները զրույցի ընթացքում նկարահանումների ծիծաղաշարժ պահերն են մտաբերում. Հայկ Մարությանի կերպարը, օրինակ, ճիշտ շպարի ու հանդերձանքի շնորհիվ վերածվել է իսկական «կնոջ», եւ նկարահանման հրապարակից դուրս նրան ոչ ոք չի ճանաչել:
«Անկեղծ ասած, սպասում էինք, որ «Սուպեր մամա»-ն նման լավ ընդունելության է արժանանալու հանդիսատեսի կողմից: Բացի Երեւանից՝ այն ցուցադրվել է նաեւ Հայաստանի մարզերում, եվրոպական ու ռուսական մի շարք քաղաքներում: Ֆիլմի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա նաեւ ԱՄՆ-ում բնակվող հայերի կողմից»,- ավելացնում է Արման Մարությանը:
Երկու կինոթատրոններում էլ նշում են, որ ամենադիտված հայկական ֆիլմերի լավագույն եռյակում են նաեւ «Մեր սրտի տնակը» եւ «Thank you հայրիկը»:
«Մեր սրտի տնակը» ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նշում է, որ ամեն ինչ արվել է, որ աշխատանքը հանդիսատեսի կողմից լավ ընդունելության արժանանա, եւ ուրախալի է, որ սպասումներն արդարացել են:
«Սա շատ բարի ֆիլմ է հայկական գեղեցիկ ընտանիքի, Երեւանի ու լավ մարդկանց մասին, որոնք իրենց աշխատանքով հասնում են ցանկալի արդյունքի: Ֆիլմում միայն դրական մթնոլորտ է տիրում, ու այս ամենն է, որ հանդիսատեսին բերել է դահլիճ: Փաստորեն, կարողացել ենք մեր ասելիքը ճիշտ հասցնել դիտողներին»,- Մեդիամաքս-ին ասել է Քեշիշյանը:
Նա պատմում է, որ ֆիլմի նկարահանումները բավական հետաքրքիր են անցնել: Ոուս դերակատարները շուրջ մեկ ամիս ապրել են Հայաստանում եւ հասցրել են ծանոթանալ երկրին:
Նախատեսվում է նաեւ ֆիլմի շարունակությունը նկարահանել. աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
«Միգուցե սցենարն ընդլայնվի, նկարահանումներ լինեն ոչ միայն Հայաստանում, բայց շատ գաղտնիքներ առայժմ չեմ բացահայտի»,- ամփոփում է Հրաշ Քեշիշյանը:
«Thank you հայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր ու համահեղինակ Միքայել Պողոսյանի համար ուրախալի է այն փաստը, որ ֆիլմն ընդունվել է ոչ միայն հանդիսատեսի, այլեւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
«Ֆիլմն այս տարի երկու մրցանակ ստացավ: Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում արժանացավ Համարտադրություն խաղարկային կինո անվանակարգին, իսկ Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում՝ «Ոսկե նուռ» մրցանակին: Վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ «Thank you հայրիկը» ցուցադրվեց նախ «Ալեքս» կինոթատրոնում, իսկ հիմա էլ՝ «Five star cinema»-ում»,- Մեդիամաքս-ին պատմեց Միքայել Պողոսյանը:
Ժապավենի հաջողությունը, ըստ դերասանի, մարդկանց հետ ֆիլմում «մարդավարի» խոսելն է, քանի որ այն ստեղծողները չեն փորձում «խուտուտ տալով ծիծաղ կորզել, այլ գործն անում են պրոֆեսիոնալ մակարդակով»:
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: