«Շքեղ լեռնային անտառներ, գեղատեսիլ հովիտներ ու խիտ կանաչի միջից փայլող պարզ լճերի հայելիներ. բնությունը Քեսաբում հիանալի է»: Սիրիայի ծովափնյա Քեսաբ հայաբնակ ավանն այսպես է նկարագրում «Военное обозрение» պարբերականը, որը հատուկ ռեպորտաժով անդրադարձել է բնակավայրի հետպատերազմյան կյանքին: Մեդիամաքս-ը ներկայացնում է որոշ հատվածներ այդ անդրադարձից:
***
Փոքրիկ քաղաքում հիմնականում ապրում են ազգությամբ հայեր, ինչպես նաեւ արաբներ: Ժամանակին այն մեծ հռչակ ուներ իր զեյթունի եւ դափնու ձեթից անուշաբույր օճառի շնորհիվ: Այսօր Քեսաբը բոլորովին այլ փառք ունի՝ դառը, ինչպես վառոդի ծուխը: Դրա մատույցներում այրել են անտառն ու շատ ծառերի փոխարեն մնացել են միայն սեւ կոճղեր:
-Ահա այն գագաթներից այն կողմ արդեն Թուրքիան է,- տեղացիներից մեկը ձեռքով ցույց է տալիս հեռուն: Ճիշտն ասած, լեռներից այն կողմ գտնվող տարածքները եւս Սիրիայինն են: Անտիոքի հնագույն հողերն են, սակայն Թուրքիան, որը 4 դար իր լծի տակ էր պահում Սիրիան, 20-րդ դարի սկզբին իմպերիալիստական ուժերի աջակցությամբ կարողացել է խլել իր ենթակայությունից դուրս պրծնող երիտասարդ պետության սուրբ հողերը, որոնց վրա, ի դեպ, առաջինն է ի հայտ եկել «քրիստոնեություն» հասկացությունը:
***
2014 թվականի գարնանն արդեն Քեսաբը սկսեց հայտնի լինել ոչ իր օճառով եւ նույնիսկ ոչ իր անսովոր գեղեցկությամբ: Այս քաղաքի անունը սկսեց հիշատակվել ափսոսանքով եւ ցավով:
…Հանկարծակի հարձակում խաղաղ քնած քաղաքի վրա, եւ այն վերցնում են իսլամականները, ում անմիջական աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան: Էրդողանի ռեժիմի հրետանին կրակահերթի տակ է պահում սիրիական բանակի զրահատեխնիկան:
Լուսանկարը՝ Ելենա Գրոմովա/«Военное обозрение»
… Մարդիկ ստիպված էին հապշտապ, նույնիսկ առանց առաջին անհրաժեշտության իրերի, միայն երեխաներին իրենց գիրկը վերցնելով, հեռանալ Լաթաքիա: Փախստական հայերի մի մասը մնաց հարազատների մոտ, մի մասը մեկնեց Հայաստան եւ այլ երկրներ: Նրանք, ովքեր գնալու տեղ չունեին, ապրում էին փախստականների օթեւանի վերածված Լաթաքիայի հայկական եկեղեցում:
***
Արդեն մոտ կես տարի է անցնել, բայց քաղաքն ու դրա շրջակայքը դեռ կրում են հարձակման հետքերը: Քեսաբ տանող ճանապարհը ոլորապտույտ է, ծայրամասային գյուղերում վիրավոր տներ են:
Քաղաքը հեռվից թվում է ոչ շատ տուժած, բայց բավական է մոտենալ կենտրոնին…
- Սա բողոքական եկեղեցու դպրոցն է, ուր նաեւ երաժշտական սրահն էր տեղավորված,- երիտասարդ զինվորը ցույց է տալիս հին քարե շինությունը՝ ավերված եւ այրված: Այժմ այս շենքում պարապմունքներ դեռ շատ երկար չեն լինի, եթե իհարկե, առհասարակ հաջողվի այն վերականգնել: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնա պատերազմի ցավալի հուշարձան:
Լուսանկարը՝ Ելենա Գրոմովա/«Военное обозрение»
Վանդալ-հրոսակախմբերից եկեղեցին եւս տուժել է:
Եվս մի քանի քայլ եւ տեսանելի են այրված ու ավերված խանութները. նույնիսկ ցուցափեղկերը չեն պահպանվել, միայն կարելի է երեւակայել, թե ինչ է վաճառվել այստեղ այն լուսավոր օրերին:
Հայ Առաքելական Եկեղեցին փակ է վերանորոգման պատճառով: Շինությունն այնքան էլ չի տուժել, բայց միանգամից աչք են ծակում ավազակների կոտրած խաչերը:
***
Կաթոլիկ եկեղեցու քահանան բացել է դարպասները: Հենց բակում պղծված սրբապատկերներ են, իրար վրա լցված գերեզմանաքարեր, կոտրված զանգ եւ հոգեւորականներից մեկի՝ ականից ավերված գերեզմանը: Մուտքի մոտ թանգարանային ցուցափեղկ է, որում ցուցանմուշների փոխարեն եկեղեցի մտած ռումբերի բեկորներն են: Շատ հատվածներ արդեն վերանորոգվել են, բայց դա հեշտությամբ չի արվել:
Լուսանկարը՝ Ելենա Գրոմովա/«Военное обозрение»
-Ահաբեկիչները հատկապես գրքերը չեն խնայել, ասում է քահանան,- դրանք անխնա պատռել ու վառել են:
Այստեղ՝ եկեղեցական տարածքում, նոր թանգարան է բացվել, որտեղ փրկված գրքերն են, ինչպես նաեւ ներկայացված են տեղացիների կենցաղային իրերը: Քահանան ցավով ցույց է տալիս ահաբեկիչների ավերած եւ վնասած սրբապատկերներն ու Սուրբ Մարիամի կոտրված արձանը:
Լուսանկարը՝ Ելենա Գրոմովա/«Военное обозрение»
***
Բարեբախտաբար, տների մեծ մասը պահպանվել է, բայց տեղացիները դժգոհում են, որ քիչ թե շատ արժեքավոր գույքը թալանել են: Պատերին ատելությամբ գրություններ են թողնված: Ու, թեեւ շատ բնակիչներ արդեն վերադարձել են իրենց տները, որպեսզի կենցաղը նախկինի նման դասավորեն, կան նաեւ այնպիսիք, ովքեր վախենում են վերադառնալ: Ամեն դեպքում, Թուրքիան մոտ է, իսկ այնտեղից ցանկացած պահի կարելի է նոր հարձակման սպասել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: