Ամատունի Վիրաբյան. Արխիվում կան բավարար փաստաթղթեր Թուրքիայի դեմ դատական գործընթաց սկսելու համար - Mediamax.am

Սեպտեմբեր 19, 2025
6988 դիտում

Ամատունի Վիրաբյան. Արխիվում կան բավարար փաստաթղթեր Թուրքիայի դեմ դատական գործընթաց սկսելու համար


Ամատունի Վիրաբյանը
Ամատունի Վիրաբյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր ասել է, որ ազգային արխիվում պահվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնց օգնությամբ կարելի է դատական գործընթաց սկսել Թուրքիայի դեմ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ազգային արխիվը պատրաստվում է հրատարակել Ցեղասպանության տարիներին հայերի նյութական եւ մշակութային կորուստների վերաբերյալ նյութերի ժողովածուներ:

 

«Ցանկանում ենք այս հարցի վերաբերյալ արխիվում պահվող բոլոր փաստաթղթերը մոտակա տարիներին վերհանել: Սա տարիների աշխատանք է»,- ասել է արխիվի տնօրենը:

 

2015 թ-ին Արխիվը կհրատարակի նաեւ Հայ եկեղեցու, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի հայկական եկեղեցիներին պատկանող սեփականության վերաբերյալ փաստագրական նյութերի ժողովածուն:

 

«Մենք ունենք մեծ թվով փաստաթղթեր, անգամ օսմաներեն լեզվով, որոնք վերաբերում են մեր եկեղեցիների ունեցվածքին: Այժմ խնդիր է դրանք հայերեն կամ անգլերեն թարգմանելը»,- ասել է Ամատունի Վիրաբյանը:

 

Նրա խոսքերով, շարունակվում են նաեւ Հայոց եղեռնի զոհերի անունների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման աշխատանքները: «Չեմ կարծում, որ կկարողանանք հավաքագրել մեկ ու կես միլիոն զոհերի անունները: Անցել է երկար ժամանակ, եւ մենք նոր ենք սկսում այդ աշխատանքը: Սակայն կարծում եմ, կկարողանանք հրապարակել շուրջ 300 հազար զոհերի անուններ: Ներկայումս արխիվում պահվում են շուրջ 30 հազար հայ որբերի անձնական գործեր, որոնց զոհված ծնողների անունները հայտնի են»,- ասել է Ամատունի Վիրաբյանը: 

 

2015 թ-ին ընդառաջ արխիվի մասնակցությամբ կյանքի կկոչվի նաեւ մի նախագիծ, որը  կներկայացնի Ցեղասպանությունից մազապուրծ եղած, արտերկրում ապաստանած եւ հետագայում մշակույթի, գիտության, բիզնեսի ոլորտներում համաշխարհային ճանաչում ստացած 100 հայերի պատմությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին