Երեւան: Մեդիամաքս: RVVZ հիմնադրամի հիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն այսօր UWC Դիլիջան քոլեջի բացման ժամանակ ասել է, որ պետք է հավատալ սեփական երազանքին եւ աշխարհը փոխելու հնարավորությանը:
“Իմ ու Վերոնիկայի համար այսօր շատ հուզիչ օր է: Ես ցանկանում եմ խոսքս ուղղել առաջին հերթին դպրոցի աշակերտներին: Ես ուզում եմ ասել մի քանի խոսք, թե ինչը կարեւոր է փոխել մեր մեջ: Խորհրդային համակարգում կար երեք սկզբունք` չհավատալ, չվախենալ եւ չխնդրել: Դա ճիշտ չէ. ընդհակառակը, պետք է հավատալ երազանքին, պետք է հավատալ, որ դու կարող ես փոխել աշխարհը, չվախենալ սխալներից, չվախենալ փորձել ինչ-որ բան, եւ չվախենալ օգնություն խնդրել ընկերներից: Մենք չվախեցանք, եւ խնդրեցինք այդ օգնությունը”, - ասել է Ռուբեն Վարդանյանը:
RVVZ հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը հույս է հայտնել, որ որոշ ժամանակ անց դպրոցի սաները կդառնան Նոբելյան մրցանակի դափնեկիրներ եւ հայտնի կդառնա, որ նրանք բոլորը սովորել են Դիլիջանում:
















