Վիգեն Սարգսյանի մասնագիտական խորհուրդներն ու Հայաստանի ապագայի տեսլականը - Mediamax.am

10220 դիտում

Վիգեն Սարգսյանի մասնագիտական խորհուրդներն ու Հայաստանի ապագայի տեսլականը


ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին, ովքեր սովորում են աշխարհի առաջատար համալսարաններում: Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով է իր տեսլականը Հայաստանի՝ որպես հնարավորությունների երկրի մասին:

Մեդիամաքս-ի թղթակիցը ներկա է գտնվել այդ հանդիպմանը եւ գրի առել Վիգեն Սարգսյանի ելույթի առավել հետաքրքիր հատվածները:

 

*****

 

Սովորելով աշխարհի առաջատար համալսարաններում՝ ներդրեք ձեր ուժերի առավելագույնը, ապա վերադարձեք եւ ձեր մասնագիտական ներդրումն ունեցեք մեր Հայաստանի առաջընթացի գործում: Երբ ավարտեք ձեր համալսարանները, դուք ձեր շուրջ բազմաթիվ հնարավորություններ կտեսնեք: Իրավացի է՝ այն աշխատանքը, որը կառաջարկեն ձեզ Հայաստանում, չի խոստանա այն վարձատրությունը, որը ձեզ կառաջարկեն այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիան: Բայց ես միանգամայն վստահ եմ եւ ասում եմ իմ անձնական փորձից. դուք հնարավորություն ունեք լինել այստեղ եւ մասնակցել փոփոխություններին: Յուրաքանչյուր ազգ, ինչպես յուրաքանչյուր մարդ իր կյանքում, թեկուզ մեկ հնարավորություն է ունենում` փոխել ինչ-որ բան եւ նոր երկիր կառուցել: Եվ հիմա Հայաստանն անցնում է հենց այդ ճանապարհով: Մեծ փոփոխության ժամանակում ենք: Եվ շատ դժվար է ապրել նման փոփոխության պայմաններում, բայց շատ հեշտ է փոփոխություն բերել այս շրջանում: 

 

*****

 

Երբ հայացք եք գցում ձեր ապագա մասնագիտական ճանապարհին, դուք պետք է մտածեք, ի՞նչ եք ուզում կյանքից: Դուք շարունակում եք առաջ ընթանալ ձեր շրջանակում, կյանքն ավելի անհանգիստ է դառնում, ժամանակը սկսում է քիչ թվալ եւ դուք ժամանակ չեք գտնում կանգ առնելու, մտածելու, ինչ-որ բան փոխելու համար: Դուք պարզապես վազում եք, վճարում եք վարձերը, վարկերը, եւ այս ողջ շղթայում ձեր ապագան պլանավորելու, վերաիմաստավորելու լավագույն պահը համալսարանում անցկացրած ժամանակն է: Այսպիսով, ձեր ակադեմիական կյանքի անբաժանելի մասը պետք է լինի մասնագիտական կարիերայի մասին մտածելը:

 

*****

 

Մասնագիտական կարիերան սկսելիս սկզբունքային նշանակություն ունի հասկանալ եւ որոշել, թե ինչ եք դուք ցանկանում կյանքից: Եվ իրականում, այն, ինչ դուք, որպես նպատակասլաց եւ կրթված երիտասարդներ, ցանկանում եք, փոփոխություն բերելն է: Ոչ ոք չի դատելու ձեզ նրանով, թե քանի անգամ եք դուք շքեղ արձակուրդ անցկացրել գեղատեսիլ վայրերում, ոչ ոք չի դատելու ձեզ ձեր բնակարանով կամ հագուստի որակով: Ձեզ հիշելու են այն փոփոխությամբ, որը դուք բերել եք: Եվ այս իմաստով Հայաստանը այն վայրն է, որտեղ դուք կարող եք բերել այդ փոփոխոթյունները: Լինելով անցումային շրջանում, շատ հարմար պահ է անել այդ փոփոխությունները:

 

*****

 

Երբ ես 14 տարի առաջ ավարտեցի ուսումս Ֆլեթչերի Իրավաբանության եւ Դիվանագիտության դպրոցում, իմ առջեւ կային բազմաթիվ հնարավորություններ: Անշուշտ, ես խորհում էի մասնավոր հատվածում կարիերա սկսելու մասին, քանի որ կային հնարավորություններ աշխատել միջազգային կազմակերպություններում: Բայց իքնս ինձ համար ես որոշել էի, որ իմ գիտելիքներն ու հմտությունները կարող եմ օգտագործել եւ դրանք օգտակար կլինեն իմ երկրի պետական ինստիտուտները կառուցելու գործում: Եվ այդ տարիներին այդ աշխատանքը բնավ լավ չէր վարձատրվում: Ես սկսեցի որպես պաշտպանության նախարարի օգնական, եւ այդ աշխատանքի դիմաց վարձատրվում էի ոչ ավել, քան $‌ 150-ով:  Կային բազմաթիվ հնարավորություններ, որոնցից մեկն էլ Հայաստանի Ամերիկյան համալսարանում աշխատելն էր: Ինձ հրավիրեցին այստեղ դասավանդելու, եւ դա օգնեց ինձ կայունացնել իմ սոցիալական վիճակը ակադեմիական կյանքին հրաժեշտ տալուց հետո: Ես հաջողակ էի այնքանով, որ ստիպված չէի ուսման համար վարկ վերցնել եւ վճարել դրա համար, բայց, իհարկե, ես ցանկանում էի ներդրում անել եւ նոր բնակարան ունենալ իմ ապագա նորաստեղծ ընտանիքի համար, կյանքի որոշակի որակ ապահովել: Եվ այս տեսանկյունից, համալսարանն ինձ համար հրաշալի հնարավորություն էր` պետական հատվածի շատ ցածր աշխատավարձը փոխհատուցելու համար: Ես անգամ որոշ խենթ բաներ էի անում, օրինակ, գիշերները թարգմանություններ էի անում անգլերենից հայերեն եւ հակառակը՝ դրանց դիմաց ստացած գումարով հոգալով ծախսերս:

 

*****

 

Հնարավորությունը ճիշտ օգտագործելու բանալին չվախենալն է: Սա է ձեր գլխավոր խնդիրը համալսարանն ավարտելուց հետո: Դուք պետք է հաղթահարեք վախը եւ հասկանաք, որ անկախ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակից, տնտեսական ճգնաժամերից, փոփոխությունը պետք է սկսվի ձեզանից եւ կատարվի ձեր ներսում: Եվ սրանք սոսկ խոսքեր չեն: Սա մի բան է, որին դուք կարող եք հասնել: Դա անելու համար խիզախություն է պետք ՝ դուք պետք է փորձարկեք տարբեր բարդ աշխատանքներ, պետք է պատասխանատվություն ստանձնեք, ինքնուրույն որոշումներ ընդունեք, եւ շարժվեք առաջ: Դուք կանեք սխալներ, բայց միայն այդ սխալներից հետո դուք կհարթեք ձեր մասնագիտական առաջխաղացման ճանապարհը: Եվ այդ սխալներով հանդերձ դուք կզգաք, որ այժմ գիտեք ավելին եւ ավելին կարող եք ներդնել ձեր երկրի զարգացման համար:        

 

*****

 

Իմ մասնագիտական կյանքի ողջ ընթացքում ես համոզվել եմ հետեւյալում. ամեն անգամ, երբ ես ինչ-որ բան էի տալիս Հայաստանին, Հայաստանը մեծահոգաբար ինձ հետ էր վերադարձնում ավելին՝ առաջարկելով ինձ այնպիսի աշխատանք, որն ավելին էր տվյալ պահին, քան թույլ կտար իմ տարիքը, փորձը, հմտությունները: Ահա սա է, ինչը ես կոչում եմ հնարավորություն: Երկիրը ձեր կարիքն ունի: Այսօր, լինելով ՀՀ նախագահի աշխակատազմի ղեկավարը, ես կարիք ունեմ իմ շուրջ հավաքել լավ կրթություն ունեցող մարդկանց: Եվ մեզ դիմում են հրաշալի երիտասարդներ, ովքեր ունեն հոյակապ ավարտական վկայականներ եւ նրանցից ոչ ոք որեւէ մեկի հետ կապված չէ, որեւէ մեկի ծանոթը կամ բարեկամը չէ: Բոլորն էլ այնտեղ են, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բան ունի տալու, եւ իրենց աշխատանքի մեջ նրանք տեսնում են արդյունքը, եւ հաճույքով են աշխատում, իսկ երկիրն էլ նույն վերաբերմունքն է ցույց տալիս իրենց:

 

*****

 

Լուսավոր մարդկանց համար ապրելու լավագույն վայրը անցումային շրջանում գտնվող երկրներն են: Դուք երբեք չեք կարող նմանատիպ կարիերա անել այլ, զարգացած երկրում, եւ սա ընդհանուր կանոն է, սա չի վերաբերում միայն Հայաստանին: Հայաստանը յուրահատուկ երկիր է, այն մարտահարվերների ողջ շղթա ունի. շատ բարդ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրք, տնտեսական բարդ իրավիճակ, փակ սահմաններ, անվտանգության ամենօրյա մարտահրավերներ, սահմանային գյուղեր, որոնք գրեթե ամեն օր հակառակորդի գնդակոծման տակ են: Եվ այս ամենով հանդերձ մենք պետք է պետություն կառուցենք, պետություն իր բոլոր պետական մարմիններով: Եվ կա մի ոսկե կանոն՝ «Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»: Մենք գոյատեւեցինք, եւ մենք հաստատ ավելի զորեղ ենք դուրս գալու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին