Երեւան: Մեդիամաքս: Այսօր «Գրանդ Սպորտ» մարզադահլիճում Հայաստանի շուրջ 140 պատանի բասկետբոլիստներ մասնակցել են օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլյոնիսի վարպետության դասին:
«Երեխաները պետք է իմանան, թե որն է բասկետբոլի հիմքը, սովորեն հասկանալ այս մարզաձեւն ու աստիճանաբար կատարելագործվեն: Ես այսօր նրանց սովորեցրի այն հնարքները, որոնք նրանց անպայման պետք են գալու: Այս երեխաները պետք է ավելի շատ չարչարվեն, անընդհատ մարզվեն, իսկ որոշներն՝ ավելորդ քաշ չհավաքելու համար քիչ կոնֆետ ուտեն: Մեկ մարզումով դժվար է գնահատական տալը, բայց կարող եմ ասել, որ աղջիկներն ավելի պատրաստված են երեւում: Նկատեցի նաեւ մի տղայի, որը, եթե շարունակի ճիշտ աշխատել, հաջողություններ կգրանցի»,- նշել է Մարչյուլյոնիսը:
Լիտվացի լեգենդար մարզիկը, որը Վիլնյուսում բասկետբոլի դպրոց ունի, նշել է, որ հետաքրքիր կլինի շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ. «Չնայած մեր երկրների միջեւ եղած հեռավորությանը, կարծում եմ, եթե համագործակցություն լինի, հնարավոր է, որ ամռան ամիսներին հայ պատանիները ժամանեն Վիլնյուս ու դասընթացներ անցնեն մեր դպրոցում»:
Վարպետության դասի ավարտից հետո իրենց լավագույնս դրսեւորած պատանիները ստացել են լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի սկավառակը՝ Մարչյուլյոնիսի ինքնագրով:
Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է այդ ֆիլմի ցուցադրությունը, որից հետո բասկետբոլի սիրահարները հարցեր են ուղղելու Շարունաս Մարչյուլյոնիսին:
Նշենք, որ հայտնի բասկետբոլիստի այցի կազմակերպիչներն են Հայաստանում Լիտվայի դեսպանատունը եւ Մեդիամաքս մեդիա ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: