[Շարժում 1988/25]. Աշոտ Սարգսյան ՝ Շարժումը սկսվեց տարերայնորեն - Mediamax.am

exclusive
29763 դիտում

[Շարժում 1988/25]. Աշոտ Սարգսյան ՝ Շարժումը սկսվեց տարերայնորեն

Արցախում ազգային-ազատագրական շարժումը սկսեցինք՝ համապատասխան առաջնորդող մարմիններ չունենալով: «Ղարաբաղ», «Կռունկ» եւ «Միացում» կոմիտեները ոչ թե շարժումն առաջնորդող կառույցեր էին, այլ հենց շարժումը ծնունդ տվեց դրանց:

Աշոտ Սարգսյանը
Աշոտ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ցույց Ստեփանակերտում
Ցույց Ստեփանակերտում

Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Ցույց Ստեփանակերտում
Ցույց Ստեփանակերտում

Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:


Արցախում ազգային-ազատագրական շարժումը սկսեցինք՝ համապատասխան առաջնորդող մարմիններ չունենալով: «Ղարաբաղ», «Կռունկ» եւ «Միացում» կոմիտեները ոչ թե շարժումն առաջնորդող կառույցեր էին, այլ հենց շարժումը ծնունդ տվեց դրանց:

 

Դեռ ինստիտուտի տարիներից պետանվտանգությունը ինձ ճանաչում էր որպես ազգայնական: ՊԱԿ-ի ավագ լեյտենանտ Սուչկովն անընդհատ փորձում էր պատճառ գտներ, որ ինձ հեռացներ ինստիտուտից: Հակառակի պես, ես լավ էի սովորում, դասերից չէի բացակայում:

 

Դպրոցում աշխատելուս տարիներին ինձ մի քանի անգամ հրավիրեցին Ժողկրթբաժին` զգուշացրեցին, որպեսզի զերծ մնամ Արցախում ազգային գաղափարներ տարածելուց: Այնտեղ իմացել էին, որ դասղեկական ժամին աշակերտներին բարձրացրել էի հայկական սրբատեղի եւ ասել, որ Ջամլու գյուղը հայկական է եւ այն նորից պիտի ազատագրվի:

 

«Արցախական» միությունը

 

Թե ՛ ուսանողական, թե՛ Ստեփանակերտի Կոնդեսատորների գործարանում աշխատելուս տարիներին եղել եմ գաղտնի խմբերի անդամ: Վերակառուցման տարիներին այդ խմբերն ակտիվացան: 1986 թ.-ին քաղաքի ազգայնական խմբերի ղեկավարներով արդեն միմյանց ճանաչում էինք: Ինձ դիմեց դրանցից մեկի ղեկավարը՝ Սերժ Առուշանյանը՝ առաջարկելով միավորել բոլոր խմբերը:  Ես համաձայնվեցի, ծանոթացանք տղաների հետ, եւ արդեն հաջորդ հանդիպման ժամանակ հիմնադրեցինք «Արցախական» միությունը:

 

Սկզբնական շրջանում միությանն անդամակցում էին մոտ 10 հոգի: Մեր շարքերում չկային պաշտոնյաներ, ովքեր կարող էին խոչընդոտել շարժմանը: Մնում եմ այն համոզմանը, այդ շարժումը ձեւավորվել է տարերայնորեն:

 

Բոլոր ակտիվիստների վերաբերյալ տեղեկություններ ունեի: Հետագայում, երբ LXH ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր էի, առաջարկեցի ստեղծել հատուկ հանձնաժողով, բացել արխիվները եւ ցույց տալ, թե «ով ՝ ով է»: Սակայն Ռոբերտ Քոչարյանը վեր կացավ եւ ասաց. «Ուզում ես, որ քաղաքացիական պատերազմ սկսվի՞»: Կային մարդիկ, ովքեր շարժման դեմ էին, սակայն հետո փոխեցին իրենց հայացքները: Եթե արխիվները բացվեին, բոլորն էլ կիմանային. «ով՝ ով է»:   

 

Մեր միության առաջին քայլը Հայաստանի հետ Արցախի վերամիավորման համար ստորագրություններ հավաքելն էր: Երեւանից բերեցինք հատուկ ձեւաթուղթ, որտեղ հստակ պիտի նշվեին ստորագրողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը: Համոզեցինք մարդկանց, որ պետք է ոչ թե հորինված, այլ իրական անուններով ստորագրություններ հավաքենք: Արդեն 1987 թ.-ին ունեինք հազարավոր ստորագրարություններ, որոնք հանձնեցինք Իգոր Մուրադյանին եւ դրանք ուղարկվեցին Մոսկվա:

 

Առաջին ցույցերը Ստեփանակերտում

 

1988 թ. սկզբին Արցախի գրեթե բոլոր խոշոր գործարանները, բացի մեր՝ Ստեփանակերտի Կոնդեսատորների գործարանից, ժողովներ էին կազմակերպել ու Հայաստանի հետ Արցախի միավորման վերաբերյալ որոշումներ ընդունել: Մեր գործարանի տնօրենը՝ Ասկարյանը, ԼՂԻՄ առաջին քարտուղար Բորիս Կեւորկովի «աջ ձեռքն էր» եւ դա էր պատճառը, որ մեր գործարանի աշխատակիցները չէին միանում հանրահավաքներին: Որոշեցի մտնել տնօրենի մոտ եւ ասել. «Ընկեր Ասկարյան, կամ Դուք եք ժողով հրավիրում, կամ ես»: Փետրվարի 12-ին հրավիրվեց գործարանի աշխատակիցների ժողով, որի արդյունքում մեր գործարանը եւս միացավ հանրահավաքին: Փետրվարի 13-ին Ստեփանակերտում անցկացվեց առաջին բազմամարդ հանրահավաքը: Ցույցի ժամանակ մարդիկ վանկարկում էին՝ «Միացում», «Մայր Հայաստան»:

 

Ցույց Ստեփանակերտում:

Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

 

Փետրվարի 13-ից հետո հանրահավաքները դարձան ամենօրյա:  Որոշ ժամանակ հետո զորքերը զբաղեցրին հրապարակը՝ թույլ չտալով հանրահավաքների անցկացումը: Սակայն մենք չընկճվեցինք, սկսեցինք քայլերթերը: Փողոցներ դուրս եկան հազարավոր մարդիկ: Նրանք հայրենասիրական երգեր էին երգում եւ քայլում ողջ քաղաքով:

 

1988 թ. մարտի 24-ին Մոսկվան որոշում ընդունեց Արցախին մոտ 500 միլիոն ռուբլի տրամադրելու մասին: Շատերը մինչ այսօր պնդում են, որ մենք պիտի վերցնեինք այդ գումարը: Սակայն ես գտնում եմ, որ եթե մենք այդ քայլին գնայինք, շարժումը ճեղք կտար: Մոսկվայի նպատակն էլ հենց դա էր՝ պառակտել շարժումը:

 

Ամեն ջանք գործարդրվում էր շարժումը կանգնեցնելու համար: Սկզբում փորձում էին «սիրաշահել» ակտիվիստներին, տարբեր պաշտոններ խոստանալով, իսկ հետո արդեն սկսվեցին ձերբակալությունները:

 

Զենքերը տեղափոխում էինք կաթի մեքենաներով

 

Մենք պատրաստ չէինք շարժմանը: Պատրաստ չէին նաեւ մեր հայրենակիցները, ովքեր ապրում էին Բաքվում, Կիրովաբադում: Նրանք պնդում էին, որ խաղաղ ապրում են ադրբեջանցիների հետ: Սակայն շարժման մասնակիցները լավ գիտակցում էին, որ զինված բախումն ու անգամ պատերազմն անխուսափելի են:

 

Մեր միության նպատակներից էր նաեւ մարդկանց նախապատրաստել պատերազմին: Առաջին զենքը ձեռք բերեցինք մեր միության հավաքած անդամավճարներով՝ Բերձորի շրջանից մի քրդից 600 ռուբլիով հրացան գնեցինք:

 

Բայց երբ շարժումն արդեն հասել իր գագաթնակետին, ադրբեջանցիները ռուսների օգնությամբ հավաքեցին բնակչության մոտ առկա զենքերը, անգամ որսորդական հրացանները: Դրանից հետո սկսեցինք զբաղվել Երեւանից Արցախ զենքերի փոխադրմամբ: Երբ նոր էինք սկսել Երեւանից ինքնաթիռով զենքեր տեղափոխել, զենք փոխադրող տղան բռնվեց Ստեփանակերտի օդանավակայանում: Այդ դեպքից հետո հսկողությունը շատ խստացավ եւ ստիպված եղանք զենքերն ուղղաթիռներով հասցնել Շահումյան, իսկ այնուհետ մեքենայով դրանք տեղափոխել Ստեփանակերտ: Պայմանավորվածություն ունեինք կաթի գործարանի հետ, որպեսզի զենք տեղափոխենք կաթի մեքենաներով:

 

Ցույց Ստեփանակերտում:

Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

 

Իրավիճակը մեզ պարտադրեց նաեւ, որպեսզի սկսենք զենք արտադրել հենց Արցախում: Մինչեւ հիմա քչերը գիտեն, թե ինչպե՞ս եւ որտեղի՞ց հայտնվեցին ֆիթիլով առաջին նռնակները: Մոտ 1 200 հատ այդպիսի նռնակ ես էի պատրաստել: 

 

Հեղափոխության սինդրոմ

 

Շարժման առաջին օրերից մենք լավ գիտակցում էինք, որ ազգային-ազատագրական շարժումը կարող է վերածվել հեղափոխության, եւ Արցախի պարագայում այդպես էլ եղավ: Սակայն մենք չենք առաջնորդվել հեղափոխությանը բնորոշ օրինաչափություններով, քանի որ շարժմանը չենք մոտեցել «գիտական տեսանկյունից»: Այդ պատճառով մինչեւ հիմա չենք կարողացել ձերբազատվել հեղափոխության եւ պատերազմի բացասական սինդրոմից:

 

Աշոտ Սարգսյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

 

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

 

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին