[Շարժում 1988/25]. Աննա Իսրայելյան` կուռքի վերածված տղաները զերծ չէին թուլություններից - Mediamax.am

exclusive
30961 դիտում

[Շարժում 1988/25]. Աննա Իսրայելյան` կուռքի վերածված տղաները զերծ չէին թուլություններից

Լրագրող Աննա Իսրայելյանը Ղարաբաղյան շարժման ուսանող ակտիվիստներից է եղել: Նստացույցերի ժամանակ նա ծանոթացել է ապագա ամուսնու հետ, իսկ հարսանիքի ժամանակ երգել են Ղարաբաղին նվիրված երգեր:

Աննա Իսրայելյանը ընկերների հետ Ազատության հրապարակում:
Աննա Իսրայելյանը ընկերների հետ Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

Աննա Իսրայելյանը ընկերների հետ Ազատության հրապարակում:
Աննա Իսրայելյանը ընկերների հետ Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

Աննա Իսրայելյանը ընկերների հետ:
Աննա Իսրայելյանը ընկերների հետ:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

Նստացույցը Ազատության հրապարակում:
Նստացույցը Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

Աննա Իսրայելյանը ընկերների հետ ցույցի ժամանակ:
Աննա Իսրայելյանը ընկերների հետ ցույցի ժամանակ:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

Աննա Իսրայելյանը ընկերների հետ ցույցի ժամանակ:
Աննա Իսրայելյանը ընկերների հետ ցույցի ժամանակ:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:


Ովքե՞ր եւ ինչպե՞ս էին համակարգում ուսանողական շարժումը

 

Լրագրող Աննա Իսրայելյանը Ղարաբաղյան շարժման ուսանող ակտիվիստներից է եղել: Նստացույցերի ժամանակ նա ծանոթացել է ապագա ամուսնու հետ, իսկ հարսանիքի ժամանակ երգել են Ղարաբաղին նվիրված երգեր:

 

1988 թվականին 4-րդ կուրսի ուսանող էի: Ուսանողական շարժման առաջնորդներն էին Տիգրան Նաղդալյանը, Ալիկ Հարությունյանը եւ Նաիրի Հունանյանը: Այն ժամանակ բանասիրականի կոմերիտական կազմակերպության սենյակում հաճախ տեսնում էի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանին, եւ կարող եմ ենթադրել, որ ուսանողական շարժման առաջնորդների եւ կոմիտեի գործողությունների որոշակի փոխհամաձայնեցում կար:

 

Բանասիրության ֆակուլտետը շարժման էպիկենտրոնում էր`սկսած բնապահպանական ցույցերից: Մեր ֆակուլտետը 1989թ.-ի սեպտեմբերին առաջին երթը կազմակերպեց դեպի Մուսա լեռ`եռագույն դրոշներով: Սովետական Հայաստանում այնքան էլ հեշտ չէր Առաջին հանրապետության խորհրդանիշներով երթ կազմակերպել:

 

Փորձում էինք ամեն տարի ապրիլի 24-ին երթով գնալ Ծիծեռնակաբերդ: Երկրաշարժից հետո` մայիսի 1-ի շքերթին, ցուցապաստառներ էինք պահել մեր հագուստների տակ, երբ մտանք հրապարակ, բարձրացրեցինք դրանք: Շատ լավ հիշում եմ, իմ պաստառի վրա գրված էր «Փակե՛լ բոլոր քիմիական գործարանները»: 

 

Աննա Իսրայելյանը ընկերների հետ:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

 

Նստացույց, որն արձանագրեց պատմական արդյունք

 

1988թ. մայիսին հայաստանյան բուհերի ուսանողները Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի աստիճանահարթակին կազմակերպեցին նստացույց` պահանջելով Գերագույն Խորհրդի նստաշրջան հրավիրել եւ քննարկել ԼՂԻՄ ներկայացուցիչների դիմումը Հայաստանի հետ վերամիավորվելու մասին: Աննա Իսրայելյանը եղել է ցուցարարների այն խմբի մեջ, ովքեր գնացել են Գերագույն Խորհուրդ` բանակցությունների:

 

Պետք է անհամեստորեն նշեմ, որ 1988-ի մայիսի նստացույցը այն քիչ ակցիաներից մեկն էր, որն արձանագրեց պատմական արդյունք: Օպերայի աստիճանների վրա նստացույց նախաձեռնեց բանասիրականի ֆակուլտետը, որը ուսանողական շարժման առանցքն էր, հետո մեզ միացան այլ բուհերի ուսանողներ:

 

Նստացույցը սկսվեց մայիսի 27-ին եւ ավարտվեց հունիսի կեսերին, երբ անվերապահորեն բավարարեցին մեր բոլոր պահանջները: Այդ օրերին Գերագույն Խորհուրդ բանակցությունների գնացած ցուցարարներիս ընդունեց Վլադիմիր Մովսիսյանը: Մենք վճռականորեն հայտարարեցինք, որ չենք հեռանալու Օպերայի հրապարակից, մինչեւ չկատարեն մեր պահանջները: Նա էլ հումորով ասաց, որ մինչեւ չհեռանանք հրապարակից, ինքը Սուրեն Հարությունյանին չի զեկուցի մեր պահանջների մասին:

 

Նստացույցի ժամանակ բոլորը մեզ աջակցում էին: Ամբողջ գիշեր մեզ համար նվագում եւ երգում էին Ռուբեն Հախվերդյանը եւ Արթուր Մեսչյանը: Հենց առաջին գիշերը հարակից շենքերի բնակիչները սկսեցին ծածկոցներ բերել մեզ համար: Մարդիկ խմորեղեններ էին պատրաստում, մատաղ էին անում եւ բերում էին մեզ: 

 

Աննա Իսրայելյանը ընկերների հետ Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

 

Ինչ-որ պահից սկսած ակտիվիստների շուրջ հավաքվում են կերպարներ, որոնք ենթադրում են, թե իրենք են ղեկավարում շարժումը: Մի այդպիսի «աղետ» էր մեր գլխին Գուսան Համազասպը, որը լուրջ դեմքով պտտվում էր մեր շուրջ եւ դիտողություններ անում:

 

Նաիրի Հունանյանը այդ ժամանակաշրջանում սկսեց տպագրել ընդհատակյա «Դաշինք» թերթը: Լուսահոգի Գառնիկ Անանյանը, ով այդ ժամանակ բանասիրության ֆակուլտետի դեկանն էր, շատ էր վրդովվել: Նա ասում էր, որ չի կարելի անկախության գաղափարը շոշափել, քանի որ դա կործանման կտանի ժողովրդին:

 

Այդ ընթացքում Նաիրի Հունանյանը եւ Բագրատ Եսայանը ձերբակալվեցին: Նրանց ձերբակալություններին հետեւեցին դասադուլներ եւ ցույցեր: Պահանջում էինք ազատ արձակել մեր ընկերներին: Ուսանողներին հատուկ է հեղափոխական լինելը, բայց նայում եմ այսօրվա երիտասարդներին եւ մտածում, որ, միգուցե, արդեն այդպես չէ:

 

Պառակտման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները

 

Շարժումից կարճ ժամանակ անց սկսեցի աշխատել մեր անկախ մամուլի առաջին թերթերում: Միաժամանակ թղթակցում էի «Հայք» եւ «Ազգ» թերթերին: «Հայքը» ՀՀՇ պաշտոնաթերթն էր, եւ ես ներկա էի լինում նրանց բաց նիստերին: Քննարկումների ժամանակ պարզ էր դառնում, թե միասնական պայքարով թրծված ընկերների շրջանում ինչպես են ի հայտ գալիս ընդդիմախոսներ:

 

Աննա Իսրայելյանը ընկերների հետ ցույցի ժամանակ:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

 

Տիգրան Սարգսյանը եւ Դավիթ Վարդանյանը, ովքեր հետագայում Վազգեն Մանուկյանի հետ ստեղծեցին ԱԺՄ-ն, ՀՀՇ նիստերից մեկում հարց էին բարձրացրել, որ իրականացվող սեփականաշնորհումը խորացնում է սոցիալական անարդարությունը:

 

Տարաձայնությունների համար շատ առիթներ կային: Հանկարծ պարզվեց, որ կոմիտեի անդամները տարբեր կերպ են պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` սկսած «ոչ մի թիզ հող» քաղաքականությունից մինչեւ խնդիրը սառեցված պահելը:

 

Տնտեսական խնդիրների լուծման ճանապարհները ոչ միշտ էին ընդունելի: Երբեմնի գաղափարակիցները Հրանտ Բագրատյանի իրականացրած քաղաքականությունն անվանում էին «վայրի լիբերալիզմ» եւ քննադատության էին արժանացնում:

 

Բացի նման օբյեկտիվ պատճառներից եւ իրականացվող քաղաքականության վերաբերյալ առկա գաղափարական խնդիրներից, կային նաեւ սուբյեկտիվ գործոններ: Այս իմաստով պառակտումն անխուսափելի էր:

 

Աննա Իսրայելյանը եւ Հայկազն Ղահրիյանը Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

 

Գերագույն Խորհրդի նախագահի, հետագայում հանրապետության նախագահի պաշտոնում  Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը կոմիտեի մի շարք անդամների կողմից դիմադրության արժանացավ եւ որպես դավադրություն ընկալվեց, քանի որ շարժման անվիճելի առաջատարն ի սկզբանե Վազգեն Մանուկյանն էր:

«Մի առիթով Վանո Սիրադեղյանն ասաց` «Փորձը ցույց է տալիս, որ ընկերությունը չի դիմանում ժամանակի փորձությանը»: Այս արտահայտությունը սկզբում ուժգին հակազդեցություն առաջացրեց ինձ մոտ: Հիմա մտածում եմ, որ միգուցե նա ճիշտ էր:

Երբ իշխանության բաժանման հարց է առաջանում, լուրջ բախումներ են լինում: Այդ օրերին տխուր, ճղճիմ պատմություններ էին շրջանառվում, որոնք պատիվ չէին բերում կոմիտեի անդամներին, բայց դա էր իրականությունը: «Ղարաբաղ» կոմիտեի կուռքի վերածված տղաները զերծ չէին մարդկային թուլություններից եւ թերություններից: Իրենք իրենց կիսաստվածների պես չպահեցին: Ինչպես ասում են`իշխանությունն այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ կերպով:

 

Միեւնույն ժամանակ, կարոտում եմ այդքան քննադատված ժամանակները, երբ գաղափարական պայքար կար: Գաղափարական պայքարն այժմ զրոյի է ձգտում, հիմա մարդիկ իրարից նեղանում են միայն այս կամ այն պաշտոնը չստանալու պատճառով:

 

Սիրելի «Ղարաբաղ» կոմիտեն

 

Աշխատանքի բերումով հետագայում մտերմացա Ղարաբաղ կոմիտեի անդամներից շատերի հետ: Շատ մտերիմ էի Համբարձում Գալստյանի հետ, եւ տեսնում էի, թե ինչպես է օրեցօր հիասթափվում իր ընկերներից…

 

Աննա Իսրայելյանը ընկերների հետ ցույցի ժամանակ:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

 

Մի առիթով Վանո Սիրադեղյանն ասաց` «Փորձը ցույց է տալիս, որ ընկերությունը չի դիմանում ժամանակի փորձությանը»: Այս արտահայտությունը սկզբում ուժգին հակազդեցություն առաջացրեց ինձ մոտ: Հիմա մտածում եմ, որ միգուցե նա ճիշտ էր:

 

Շարժման տղաներից ոչ մեկին չէի առանձնացնի, բայց յուրաքանչյուրի մասին ինչքան լավ բան կարող եմ ասել, նույնքան էլ` հակառակը: Ես սիրել եմ «Ղարաբաղ» կոմիտեն: Առանձին վերցրած նրանք շատ թերություններ ունեին, իսկ միասին` շատ կարեւոր խորհրդանիշ էին:

 

«Նաիրի Հունանյան կամ ընկեր Փանջունու դիմանկարը»

 

«Հոկտեմբերի 27»-ից մի որոշ ժամանակ հետո «Առավոտ»-ում հոդվածաշար գրեցի` «Նաիրի Հունանյան կամ ընկեր Փանջունու դիմանկարը»: Հոդվածի համար հիմք հանդիսացան իմ եւ ընկերներիս հուշերը, ովքեր նրան լավ ճանաչում էին:

 

Նաիրին ուսանողական շարժման լիդերներից էր եւ սկզբնական շրջանում նա ավելի հայտնի էր, քան Վազգեն Սարգսյանը: Վազգեն Սարգսյանը հետո պետք է իր մահապարտների ջոկատով հայտնի դառնար:

 

 

«Մի առիթով Վանո Սիրադեղյանն ասաց` «Փորձը ցույց է տալիս, որ ընկերությունը չի դիմանում ժամանակի փորձությանը»: Այս արտահայտությունը սկզբում ուժգին հակազդեցություն առաջացրեց ինձ մոտ: Հիմա մտածում եմ, որ միգուցե նա ճիշտ էր:

 

Նաիրիի կապը ինչ-որ պահ կտրվեց Հայաստանի հետ: Երբ նա վերադարձավ Ղրիմից, պարզվեց, որ իր մասին բոլորը մոռացել են: Նա մի հանդիպում նախաձեռնեց բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում, որտեղից ժամանակին նստացույցերն էին սկիզբ առնում:

 

Նրան թվում էր, որ այդ հանդիպումն իր վերադարձն է հայկական իրականություն, սակայն դա մի սովորական միջոցառում էր եւ մեծ աղմուկ չբարձրացրեց:  Ի դեպ, հրավիրել էր նաեւ Վազգեն Սարգսյանին: Նա ուզում էր վերադառնալ որպես հերոս, նրան առաջնորդում էին անձնական նկրտումները: Չգիտեմ` որքանո՞վ այդ ամենը ազդեցություն ունեցավ իր հետագա քայլերի վրա…

 

Երազանքի Հայաստանի ակնկալիքով…

 

Ես կարոտում եմ այն վիճակը, երբ պայքարում ես հավատալով: Մենք երազանք ունեինք Հայաստանի ապագայի հետ կապված, քանի որ մերժում էինք Խորհրդային Հայաստանի կարգերը: Վստահ էինք, որ ինչ-որ բան փոխելու ենք: Հիմա մտավախություն կա, որ ինչ էլ որ անենք, միեւնույն է, ոչինչ չի փոխվի… Մարդիկ տներում կամ սոցիալական ցանցերում նստած են պայքարում:

 

Նստացույցը Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ա. Իսրայելյանի արխիվից:

 

Մենք գիտեինք, որ մեր երազանքի Հայաստանում ամեն ինչ այլ է լինելու: Շարժման օրերին մի նպատակի շուրջ մեծ համախմբվածություն կար. լուսանցք էինք նետում բոլորին, ով կհամարձակվեր մեզ հետ չհամաձայնվել:  Նույնիսկ շատ սիրված գործիչ Կարեն Դեմիրճյանին ամբոխը սուլում էր «Ղարաբաղը գրպանումս չի» արտահայտության համար:

 

Հանրահավաքի ժամանակ առաջին շարքում գտնվողի համար մարդիկ վերջին շարքերից կարող էին ինչ-որ բան փոխանցել: Խելագարություն էր… Շատ գեղեցիկ էր, բայց վախենամ` էլ երբեք չկրկնվի:

 

Աննա Իսրայելյանի հետ զրուցել են Մարիամ Մանոյանը եւ Արա Թադեւոսյանը:

 

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

 

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին