[Շարժում 1988/25]. Տիգրան Հակոբյան` լեգենդը չպետք է մեռնի - Mediamax.am

exclusive
28735 դիտում

[Շարժում 1988/25]. Տիգրան Հակոբյան` լեգենդը չպետք է մեռնի

«Եթե Վանո Սիրադեղյանը հայտնի արտահայտությունը մի քիչ ձեւափոխենք, ապա այն ժամանակ «մենք վիրտուալ ազատ ու անկախ հայրենիքն էինք սիրում»»:

Տիգրան Հակոբյանը եւ Վանուշ Շերմազանյանը Մոսկվայում:
Տիգրան Հակոբյանը եւ Վանուշ Շերմազանյանը Մոսկվայում:

Լուսանկարը` Տ. Հակոբյանի արխիվից:

Տիգրան Հակոբյանը եւ Հրան Մաթեւոսյանը:
Տիգրան Հակոբյանը եւ Հրան Մաթեւոսյանը:

Լուսանկարը` Տ. Հակոբյանի արխիվից:

Տիգրան Հակոբյանը` պատգամավորի թեկնածու:
Տիգրան Հակոբյանը` պատգամավորի թեկնածու:

Լուսանկարը` Տ. Հակոբյանի արխիվից:


Գրական ինստիտուտը` որպես Շարժման մոսկովյան «հենակետ»

 

1988 թվականին դեռ սովորում էի Մոսկվայում` երկրորդ կրթությունս էի ստանում Գորկու անվան Գրական ինստիտուտում: Հանրակացարանի սենյակիս պատին կախված էր «ծովից ծով» Հայաստանի քարտեզը, ընկերներով, երբ գինովցած էինք լինում, երգում էինք «Զարթնիր լաոն»: Ժամանակ առ ժամանակ ծեծկռտուքներ էինք սարքում մեզ հետ սովորող ադրբեջանցիների հետ (բայց, ընդհանրապես, լավ ընկերներ էինք), առիթները տարբեր էին. մի անգամ պատմական մի հարց, մյուս անգամ` Զորի Բալայանի «Օջախ» գիրքը:  Ջահել էինք, հայրենասիրությունն այդպես էինք պատկերացնում: Մոսկովյան բուհերի շարքում Գրական ինստիտուտն առանձնանում էր ազատամտությամբ, փայլուն դասախոսներ ունեինք, որոնք չեին թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը սովետական ռեժիմի նկատմամբ:  Այսինքն, բավական պարարտ հող էր մեր ազատամտությունն էլ ավելի «հրահրելու» համար:

 

Անկախության գաղափարը մեզ համար այն ժամանակ աղոտ մի բան էր: Եթե Վանո Սիրադեղյանը հայտնի արտահայտությունը մի քիչ ձեւափոխենք, ապա այն ժամանակ «մենք վիրտուալ ազատ ու անկախ հայրենիքն էինք սիրում»: 

 

«Ազգայնական» հայ ուսանողներ լինելով հանդերձ, հարգանքով էինք վերաբերվում  Կարեն Դեմիրճյանին` համարելով, որ ի տարբերություն Ալիեւի եւ Շեւարդնաձեի, նա փորձում է որոշակի ինքնուրույնություն պահպանել եւ առիթներ չի փնտրում Մոսկվային հաճոյանալու համար:

 

Ինստիտուտում մեր քաղաքական դիրքորոշումը առաջին անգամ արտահայտեցինք  1986 թվականին: Այդ տարի Մոսկվան Ղազախստանում Կոմկուսի առաջին քարտուղար նշանակեց ազգությամբ ռուսին եւ ժողովուրդն ընդվզեց դրա դեմ՝ Ալմա-Աթայում բախումներ տեղի ունեցան, զոհեր եղան: Մեր ինստիտուտի ղազախ ուսանողները բողոքի ցույցի դուրս եկան, սգո երեկո կազմակերպեցին հանրակացարանի դահլիճում: Արդյունքում ռեկտորատը երկու ամենաակտիվ  ղազախ ուսանողների հեռացման մասին որոշում կայացրեց: Պատկերացրեք, որ մի խումբ ուսանողների (որի մեջ ամենաակտիվ մասնակցությունը հայերս ունեցանք) բողոքի արդյունքում ռեկտորատն իր որոշումը չեղյալ հայտարարեց: Դա հաղթանակ էր, եւ մենք հասկացանք, որ հնարավոր է պաշտպանել նաեւ մեր ազգային իրավունքները:

 

Մոսկվայում մեր համար «ղարաբաղյան շարժումը» սկսվեց  Սումգայիթի ջարդերից հետո, մի քանի օր դասի չգնացինք, հավաքվում էինք սենյակներից մեկում, քննարկում էինք կատարվածը, մեր անելիքները, օրը մի քանի անգամ զանգում էինք Երեւան, հոդվածներ եւ բաց նամակներ էինք պատրաստում մոսկովյան տարբեր թերթերի համար (բնականաբար, ոչինչ չտպագրվեց):  Սումգայիթից հետո մենք՝ Մոսկվայի հայ ուսանողների մի լայն  շրջանակ, հասկացանք, որ ԽՍՀՄ-ն այլեւս «չի աշխատում»: 

 

Մանդելշտամ, թե՞ Բարսեղով

 

1988 թ. Երեւանից Մոսկվա սկսեցին հաճախակի այցելել մտավորականության ներկայացուցիչներ: Մենք գրեթե չէինք շփվում «անվանի  մտավորականության» ներկայացուցիչների հետ` Սիլվա Կապուտիկյան, Զորի Բալայան, Սերո Խանզադյան…: Նրանց  բողոքների, «բացատրական աշխատանքների» հասցեատերերը նստած էին շատ բարձր կաբինետներում, որտեղ ուսանողներս մուտք չունեինք: 

 

Ավելի շատ օգնում եինք Հայաստանից  ժամանած արդեն ձեւավորվող շարժման ակտիվիստներին: «Գլասնոստի» տարիներին մտավորականների խոսքը հսկայական ազդեցություն ուներ հասարակության համար, ուստի չափազանց կարեւոր էր աշխատել նրանց, ինչպես նաեւ լրագրողների հետ, ու ներկայացնել Ղարաբաղի հարցի էությունը:

 

Տիգրան Հակոբյանը եւ Վանուշ Շերմազանյանը Մոսկվայում:

Լուսանկարը` Տ. Հակոբյանի արխիվից:

 

1988-ի գարնան ամիսներին Մոսկվա մի քանի անգամ եկան Համբարձում Գալստյանը, Վանո Սիրադեղյանը, Մատենադարանի ներկայիս տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Այդ շրջանում ղարաբաղյան խնդրի մասին հսկայական ծավալի նյութեր էինք տարածում Մոսկվայում: Քանի որ պատճենահանող մեքենաներ գրեթե չկային, իսկ եղածները գտնվում էին պատկան մարմինների խիստ վերահսկողության տակ, մեր հանրակացարանը մի պահ վերածվել էր մեծ մեքենագրական գրասենյակի: «Կոնֆիսկացրել» էինք հանրակացարանի բոլոր գրամեքենաները եւ մեր շարժմանը համակրող տարբեր ազգերի ուսանողները գիշերները տպում էին նյութեր, նամակներ, որոնք այնուհետեւ բաժանում  էինք խմբագրություններում, ստեղծագործական միություններում, բուհերում:  Հարյուրավոր ծրարներ էինք պատրաստում: Երբեմն թեժ վիճում էինք դրանց բովանդակության մասին: Օրինակ, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը պնդում էր, որ ծրարի մեջ պետք է անպայման լինեն  Մանդելշտամի տողերը Շուշիի հայկական ջարդերի մասին (“..40 000 мертвых окон…”), մյուսը  համոզում էր, որ ավելի լավ է շեշտը դնենք պատմական փաստերի վրա, երրորդը՝  Բարսեղովի իրավական փաստաթղթերի կողմնակից էր:

 

Հրանտ Մաթեւոսյանի դեմքին տառապանք կար

 

Հիշում եմ, որ 1988-ի գարնանը Մոսկվայի Գրողների տան սրճարանում զրուցում էինք Համբարձումի ու Վանոյի հետ: Սկզբում նրանք որոշակիորեն անհանգստացած էին Պարույր Հայրիկյանի` անկախության մասին արվող հայտարարություններով: Ասում էին, որ այդ պահին Հայաստանի անկախության խնդրի բարձրացումը կարող է խանգարել Ղարաբաղի հարցի լուծմանը: Բայց երկար բանավեճից հետո բոլորս նույն եզրակացությանը եկանք՝ շարժման վերջնական նպատակը պետք է Հայաստանի անկախացումը լինի, Սովետի բարի կամքով Ղարաբաղ չենք ստանա: Զրույցից զրույց մենք կամաց-կամաց քաղաքականապես հասունանում էինք…

 

Իմիջիայլոց, եւ Համբարձումը, եւ Վանոն, փայլուն կերպով կարողանում էին աշխատել ռուս մտավորականության հետ: Թեեւ Վանոն ռուսերեն լավ չէր խոսում, սակայն հրաշալի գիտեր ռուս գրականությունը ու կարողանում էր «մատուցել» իրեն: Հսկայական ծավալի գործ էին անում Անահիտ Բայանդուրը, Կինոինստիտուտի բարձրագույն սցենարական կուրսերում սովորող Վանուշ  Շերմազանյանը: 

 

Լավ հիշում եմ մոսկովյան իմ զրույցը  Հրանտ Մաթեւոսյանի հետ: Մենք՝ երիտասարդներս, ոգևորված էինք, այսօր կարող եմ նույնիսկ ասել, որ որոշ իմաստով տեղի ունեցողը որպես խաղ էինք ընկալում, խոսում էինք զարթոնքի, մեր ժողովրդի առջեւ բացվող փայլուն հեռանկարների մասին: Իսկ Հրանտը մտահոգ էր, նույնիսկ  ընկճված, մի քանի անգամ «իմպերիա» բառը կրկնեց, ասում էր, թե հանկարծ անհույս նյութը առագաստ չդարձնենք, ափսոսում էր, որ այս շարժումը մի 10-15 տարի առաջ չի սկսվել, որպեսզի իր սերունդը պայքարի մեջ մտներ, չթողներ այն մեր ուսերի վրա: Գորբաչովին չէր հավատում, Պաստերնակի տողերը հիշեց` “Предвестьем льгот приходит гений и гнетом мстит за свой уход”: Կարծես, գուշակում էր այն բոլոր փորձությունները, որոնք սպասում են Հայաստանին, մեզ բոլորիս: Այդպես էլ եղավ՝ երկրաշարժ, պատերազմ, ջարդեր, փախստականներ, շրջափակում, հիասթափություն: Ուրիշ Հրանտ չունեինք եւ չունենք…

 

Տիգրան Հակոբյանը եւ Հրան Մաթեւոսյանը:

Լուսանկարը` Տ. Հակոբյանի արխիվից:

 

Երկու կյանք` «Կոմունիստում» ու «Հայքում»

 

Մինչեւ Ղարաբաղյան շարժումը հաստատ որոշել էի, որ մնալու եմ Մոսկվայում`  ասպիրանտուրայում ուսումս շարունակելու համար: Բայց 1988-ը ամեն ինչ փոխեց: Գերազանցությամբ ավարտելով Գրական ինստիտուտը, վերադարձա Երեւան` Մոսկվայում մնալու մասին այլեւս խոսք լինել չէր կարող:

 

Երեւանում սկսեցի աշխատել «Կոմունիստ» թերթում, ինձ այդ հարցում օգնեց իմ ավագ ընկեր, նույն մեր ինստիտուտի շրջանավարտ Վարդան Ալոյանը: Լրագրության լավ դպրոց էր կուսակցական այդ թերթը: Կարծում եմ, ինձ հաճախ հաջողվում էր  ընդլայնել թույլատրելիի սահմանները` թերթի գլխավոր խմբագիր Բորիս Մկրտչյանը, ով համակրում էր ինձ, քթի տակ փնթփնթում էր, սակայն իմ գրած  հոդվածներից  չէր հանում այն հատվածները, որոնք, թվում էր, երբեք չեն կարող լույս տեսնել Կոմկուսի պաշտոնաթերթում: Որոշ ժամանակ հետո սկսեցի գրել նաեւ ՀՀՇ-ի «Հայք» թերթի համար: Այն, ինչը չէի կարող տպագրել «Կոմունիստում», տպագրում էի «Հայքում»` օգտագործելով տիկնոջս անունը: Դա «Պոլիշինելի գաղտնիքն էր»,  Մկրտչյանը գիտեր այդ մասին, բայց ուշադրություն չեր դարձնում:

 

1990թ. մայիսին «Կոմունիստում» իմ գրած հոդվածից  («Водораздел» -էր կոչվում, Նուբարաշենի եւ կայարանի դեպքերի մասին էր) մի քանի կարեւոր հատվածներ «անհետացան», որից հետո աշխատանքից  ազատվելու դիմում գրեցի ու մոտ մեկ շաբաթ խմբագրություն չգնացի: Դրա մասին տեղեկացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում հետ մինչ այդ  մենք անձնական շփում չեինք ունեցել: Նա հրավիրեց ինձ ՀՀՇ գրասենյակ եւ առաջարկեց շարունակել աշխատանքը «Կոմունիստում»` ասելով, որ հոդվածներս արձագանք են գտնում Հայաստանի սահմաններից դուրս եւ դա կարեւոր է մեր երկրի համար: Դիմումս ետ վերցրեցի, բայց մի քանի ամիս հետո արդեն վերջնական հրաժեշտ տվեցի «Կոմունիստին»: Հետագայում աշխատեցի «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում, նշանակվեցի թերթի գլխավոր խմբագիր: Հետո ղեկավարել եմ  Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեն, Արմենպրեսը, ընդդիմադիր «Հայքը», կառավարության աշխատակազմի տեղեկատվության վարչությունը: Բայց դա արդեն «Շարժման»  տարիներ չեին՝  ռոմանտիկան ու մեծ ոգևորությունն անցան պատմության գիրկը…

 

Լվովում մեզանից սովորեցին բռունցքներն օդ բարձրացնելը

 

Մեր Շարժումն, իսկապես, սկիզբ դրեց  ԽՍՀՄ տրոհմանը, առաջինը մենք էինք, որ քաղաքական պահանջներ ներկայացրեցինք Մոսկվային: Այդ մասին շատ լավ տեղեկացված էր խորհրդային հանրապետություններում ձեւավորվող ազգային-դեմոկրատական վերնախավը: Մեր գործողություններով հպարտանում էին, կրկնօրինակում, Հայաստան էին գալիս սովորելու, փորձ փոխանակելու: 

 

Տիգրան Հակոբյանը` պատգամավորի թեկնածու:

Լուսանկարը` Տ. Հակոբյանի արխիվից:

 

1989 թվականի դեկտեմբերին ՀՀՇ-ն Լվով գործուղեց  մեզ՝ գրող Աղվան Վարդանյանին (այժմ  խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամ), քանդակագործ Վաչե Պետրոսյանին եւ ինձ: Մոտ հինգ հարյուր կիլոգրամ քաշով գրքեր էինք տանում Լվովի հայկական համայնքի համար, քարոզչական նյութեր, Սումգայիթի ջարդերի եւ երկրաշարժի մասին պատմող բրոշյուրներ: Լվովում մի շարք միջոցառումներ կազմակերպեցինք, մեզ հրավիրեցին նաեւ մասնակցել եւ ելույթ ունենալ  խորհրդային կարգերի դեմ ուղված բազմամարդ հանրահավաքում: Ելույթներից հետո հռետորներին այնտեղ ծափահարում էին: Ելույթ ունեցանք Աղվանն ու ես, եւ վերջում առաջարկեցինք հավաքվածներին ոչ թե ծափահարել, այլ  բռունցք բարձրացնել, ինչը ուժի, կամքի, պայքարի խորհրդանիշն է: Հանրահավաքի մասնակիցները ոգեւորությամբ ընդունեցին այդ առաջարկը: Եվ ինչպես  տարիներ անց մեզ պատմում էր Օլգա Պարխոմենկոն, սքանչելի ուկրաինացի կինը, այդ օրվանից հետո ոչ միայն Լվովի, այլ նաեւ Արեւմտյան Ուկրաինայի բոլոր քաղաքներում  հանրահավաքներում բռունցք էին բարձրացնում: Իմիջիայլոց, մեր այցից հետո Օլգան սիրահարվեց Հայաստանին, տեղափոխվեց Երեւան, ավարտեց է ԵՊՀ-ն, հայերեն փայլուն խոսել եւ գրել սովորեց: Այժմ նորից Լվովում է ապրում, բայց իր ֆեյսբուքյան էջում ամեն երկրորդ նյութը Հայաստանի մասին է:

 

Հեղափոխությունը խժռեց իր զավակներին

 

«Ղարաբաղ» կոմիտեի տրոհումը օրինաչափ էր մի քանի պատճառներով: Նախ, կոմիտեն կատարեց իր պատմական առաքելությունը՝ համախմբեց ժողովրդին ընդհանուր տեսլականի, գաղափարի  շուրջ, թույլ չտվեց ըմբոստ զանգվածներին դուրս գալ օրինականության սահմաններից, իր վրա վերցրեց այն կազմակերպչական ֆունկցիաները, որոնք չէին կարող կատարել սպառված կուսակցական իշխանությունները: Անկախությունը հռչակելուց  հետո, երբ սկսեցին ձեւավորվել իշխանական ինստիտուտները, կոմիտեն, որպես ղեկավարման ոչ ֆորմալ մարմին, այլեւս գոյություն չպիտի ունենար: Մանավանդ, որ բոլոր «կոմիտեականները»  օրենսդիր կամ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ դարձան: 

 

Պետական պաշտոններում ոչ բոլորը դրսեւորեցին իրենց որպես հմուտ պետական  պաշտոնյաներ կամ քաղաքական գործիչներ, բայց նրանցից  յուրաքանչյուրը արժանի է  հարգանքի: Կարծում եմ, քաղաքական այդ թիմի բոլոր անդամները, գոնե կարճ ժամանակով, իշխանական վերնախավում անպայման պետք է հայտնվեին՝  դա ցանկացած, նաեւ թավշյա հեղափոխության տրամաբանությունն է: Համբարձումը պետք է ազատեր քաղաքը կայսերական սիմվոլներից, Վանոն՝ քրեական տարրերից եւ վերականգներ ոստիկանության աշխատունակությունը: Ալեքսան Հակոբյանը պետք է վերաբնակեցներ Լաչինի (շատ սիմվոլիկ է, որ իրենից հետո Լաչինի բնակչությունը սկսեց կրճատվել), Լեւոնը պետք է կանգնած լիներ պետության ղեկին կայացման եւ պատերազմի տարիներին, հետագայում արժանանալով ժողովրդի անեծքին եւ օրհնանքին, Վազգեն Մանուկյանը նույնիսկ կարճ ժամանակով  ղեկավարեր պաշտպանության նախարարությունը: Իմիջիայլոց,  քաղաքական թիմ ասելով, նկատի չունեմ միայն այս 11 գործիչներին` Շարժման տասնյակ  գործիչներ կային, որոնք պակաս հեղինակություն չունեին եւ պակաս ներդրում չեն ունեցել Շարժման նպատակներին հասնելու գործում: Հրանտ Բագրատյանը ճիշտ ժամանակ հայտնվեց վարչապետի պաշտոնում, Վազգեն Սարգսյանը` բանակում, Բագրատ Ասատրյանը` Կենտրոնական բանկում... չշարունակեմ:

 

Շատ տարբեր մարդիկ էին հավաքված «Ղարաբաղ» կոմիտեում, միմյանց հետ հետագայում նույնիսկ թշնամացան, բայց նրանց բոլորին շատ բան էր միավորում: Օրինակ, ոչ ոք այդ թիմից հարստություն չդիզեց,  գործարանների, մենաշնորհների տեր չդարձավ: Որովհետեւ, այդպիսի նպատակներ չունեին, որովհետեւ նրանց խնդիրը տալն էր, ոչ թե վերցնելը:  

 

Լեգենդը չպետք է մեռնի

 

Շարժման եւ մասնավորապես «Ղարաբաղ» կոմիտեի լեգենդը շատ արագ մարեց: Պատճառները շատ էին՝ եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ:  1994 թ. գարնանը ինձ համար պարզ դարձավ, որ Կոմիտեն այլեւս չկա: Երկրի փոխնախագահ Գագիկ Հարությունյանի մոտ, եթե չեմ սխալվում, Մեծ Եղեռնի 80-ամյակի անցկացման հանձնաժողովի հերթական նիստն էր: Ինչ-որ հարցի շուրջ բանավեճ  ծավալվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ  Ռաֆայել Ղազարյանի եւ Գ.Հարությունյանի  միջեւ,  վերջինս անթաքույց արհամարհանքով էր խոսում իրենից տարիքով մեծ մարդու,  Շարժման լիդերներից  մեկի հետ, իսկ վերջում նույնիսկ կոպտեց նրան: Ռաֆայել Ղազարյանը մի պահ շփոթվեց, ասաց, որ այլեւս չի մասնակցի այս հավաքներին եւ մինչեւ նիստի ավարտը լուռ մնաց: Հենց այդ օրը հասկացա, որ ժամանակները փոխվում են, անկախության նվիրյալներին փոխարինում են ճարպիկները, պրակտիկ  գործիչները:

 

Իսկ 1994 վերջում սպանելով Համբարձումին, հանցագործության հեղինակները անշրջելի դարձրեցին Կոմիտեի տրոհումը: Այդ օրը լեգենդը մեռավ եւ ցավում եմ, որ իշխանությունը բավարար քայլեր չձեռնարկեց այդ սպանությունը բացահայտելու եւ լեգենդի գոնե մնացորդները պահպանելու համար:

 

Բայց մենք արժանի չենք լինի մեր նորագույն պատմությանը, մեր հաղթանակներին, նաեւ զրկանքներին հանուն այդ հաղթանակի, եթե չփորձենք  ինչ-որ չափով վերականգնել լեգենդը, հավերժացնել Շարժումը, Շարժման ոգին:

 

Մի շատ պարզ, բայց, երեւի, վիճելի առաջարկ ունեմ. «Ղարաբաղ»  կոմիտեի տղաների արձանը կանգնեցնել Ազատության հրապարակի մի անկյունում:  11 բրոնզե ֆիգուրներ (ինչպես Սարյանի պուրակում կանգնած  «Տղամարդիկ» ֆիլմի հերոսները), 11 ընկերներ, համախոհներ: Ոչինչ, որ շատերը նրանցից, փառք Աստծո,  ողջ են եւ առողջ:  Չէ որ դրանով մենք հարգանքի տուրք կմատուցենք ոչ թե ողջերին, այլ մեր նորագույն պատմության լեգենդին՝ «Ղարաբաղ» կոմիտեին, ուրեմն նաեւ Շարժմանը եւ մեզ բոլորիս:

 

Տիգրան Հակոբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

 

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

 

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին