[Շարժում 1988/25]. Գոհար Մկրտչյան. Արթուրի խոսքը պարզ էր ու հասկանալի - Mediamax.am

exclusive
30325 դիտում

[Շարժում 1988/25]. Գոհար Մկրտչյան. Արթուրի խոսքը պարզ էր ու հասկանալի

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի այրուն` Գոհար Մկրտչյանին, հանդիպեցինք Շուշիում:

Արթուր Մկրտչյանը
Արթուր Մկրտչյանը

Լուսանկարը` http://amkrtchyan.nkr.am/ կայքից:

Արթուր Մկրտչյանը
Արթուր Մկրտչյանը

Լուսանկարը` http://amkrtchyan.nkr.am/

Լուսանկարը` http://amkrtchyan.nkr.am/


ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.` Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում : 1976թ. ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը: Հետո սովորել էր Մոսկվայի Մ. Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում : 1981-83թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, 1986թ. տեղափոխվել է ծննդավայր եւ աշխատել որպես Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն: 1988թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: 1992 թվականի հունվարին ընտրվել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ: Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: 1992թ. ապրիլի 14-ին Արթուր Մկրտչյանը մահացավ: Առ այսօր խոսվում է այն մասին, որ դա ինքնասպանություն չէր, այլ` սպանություն:

 

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի այրուն` Գոհար Մկրտչյանին, հանդիպեցինք Շուշիում:

 

Բոլոր ժողովները վարում էին ադրբեջաներեն

 

Այն տարիների Ղարաբաղը միանգամայն այլ էր, քան հիմա: 1980-ականների սկզբին արդեն առանձին դրվագներով արտահայտվում էին հայերի հանդեպ խտրականությունն ու անհավասար վերաբերմունքը: Հայերին ճնշելու տրամադրությունն իշխում էր Ղարաբաղում: Իրավիճակն այնպիսին էր, որ Հայաստանում եւս փորձում էին լռել Արցախի թեմայի մասին: Անգամ հայաստանյան դպրոցների պատմության դասագրքերում Լեռնային Ղարաբաղի պատմության մասին ոչինչ չէր ասվում: Այդ հարցին փորձում էին չմոտենալ:

 

Երբ ամուսնացա Արթուր Մկրտչյանի հետ եւ տեղափոխվեցի Հադրութ, աշխատանքի անցա տեղի դպրոցներից մեկում: Հիշում եմ, որ անգամ մեր դպրոցի մանկավարժական խորհրդի բոլոր ժողովները վարում էին ադրբեջաներեն: Զարմանում էինք, թե ինչու՞ մի դպրոցում, որի տնօրենը եւ ուսուցիչների մեծ մասը հայեր էին, բոլոր ժողովներն անցնում էին ոչ հայերենով: 

 

Դպրոցի մանկավարժների միջեւ երբեմն զրույցներ, քննարկումներ էին ծավալվում հայ եւ ադրբեջանցի ազգերի պատմության շուրջ: Յուրաքանչյուրը փորձում էր իր ազգի լավագույն հատկանիշների մասին խոսել, ներկայացնել պատմության նշանավոր դրվագները, նվաճումները: Մեր ասելիքը միշտ շատ էր լինում: Սակայն նկատում էի, որ Հադրութում վախի մթնոլորտ էր տիրում: Մարդիկ, ովքեր անցյալում տխուր փորձ էին ձեռք բերել նմանատիպ խոսակցությունների պատճառով, մտավախություն ունեին, որ այդ զրույցները լավ ավարտ չեն ունենա: 

 

Ապրիլին մեր դպրոցի պատի թերթը մեծ աղմուկ բարձրացրեց: Դպրոցի տնօրենը թերթը պատից հանել էր միայն այն պատճառով, որ այնտեղ հիշատակվում էր Հայոց ցեղասպանության մասին: Որոշ հայկական շրջանակներում մտավախություն կար, որ այդ քայլով մենք կարող էինք վիրավորել ադրբեջանցիների զգացմունքները:

 

Արթուրին համոզում էի, որ գանք Երեւան

 

Երբ Արթուրն ավարտեց ասպիրանտուրան եւ Մոսկվայից վերադարձավ Հադրութ, այստեղ արդեն իշխում էին խտրական տրամադրությունները: Սկզբնական շրջանում, 1980-ականների սկզբին, հադրութցիները կենտրոնական իշխանություններից պահանջում էին այնպիսի փոփոխություններ, ինչպես, օրինակ, Հադրութի հայկական դպրոցներում հայոց պատմություն առարկայի դասավանդումը, հայալեզու հեռուստահաղորդումների հիմնումը: Մեզ համար զարմանալի էր, թե ինչո՞ւ մեր երեխաները պետք է զրկված լինեին իրենց ազգի պատմությունն իմանալու հնարավորությունից: Այս պահանջով մենք խնդրագրեր էինք ուղարկում շրջանի վարչակազմին, այնուհետեւ` ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին:

 

Հասկանում էինք, որ այդ ամենը պետական քաղաքականություն էր՝ ուղղված Արցախի հայաթափմանը: Մենք մեր աչքի առջեւ արդեն ունեինք Նախիջեւանի հայաթափման օրինակը եւ գիտակցում էինք, որ նույն ճակատագիրը մեզ էր սպասվում:

 

Արթուր Մկրտչյանը

Լուսանկարը` http://amkrtchyan.nkr.am/ կայքից:

 

Այդ էր վկայում նաեւ այն հանգամանքը, որ այդ շրջանում Արցախում սկսվեց ադրբեջանցիների զանգվածային բնակեցումը: Տարվում էր հատուկ քաղաքականություն, որպեսզի հայկական բնակավայրերը շրջափակվեին ադրբեջանաբնակ գյուղերով: Ստեփանակերտը եւս փորձում էին առնել օղակի մեջ, որպեսզի հարմար պահին հայերին վերցնեին օղակի մեջ:

 

Ես Արցախ տեղափոխվեցի 1982-ին, եւ մի քանի տարի ապրելով, արդեն չէի դիմանում այդ մթնոլորտին ու հաճախ Արթուրին համոզում էի, որ գանք Երեւան:

 

Արթուրին որակեցին  որպես «антисоветский элемент»

 

Արթուրը, Մոսկվայից վերադառնալով, որպես տնօրեն աշխատանքի անցավ Հադրութի երկրագիտական թանգարանում: Մի օր թանգարան եկավ Արթուրի ընկերներից մեկը, ում շատ զարմացրեց թանգարանի մուտքի մոտ փակցված Լենինի նկարը: Արթուրն էլ որոշեց հանել այն: Այդ քայլը մեծ աղմուկ հանեց ողջ շրջանում: Արթուրին որակեցին որպես «антисоветский элемент»: Շրջանի վարչակազմի ղեկավարը հանձնարարեց թանգարանում ստուգումներ սկսել եւ պատճառ գտնել Արթուրին թանգարանից հեռացնելու համար: Ըստ էության, հենց այդ օրվանից էլ սկսվեցին քաղաքական հետապնդումները:

 

Արթուրի եւ իր կողմնակիցների հարաբերությունները շրջանի վարչակազմի հետ արդեն իսկ լարված էին: Արթուրը, լինելով Հադրութի հայ երիտասարդների առաջնորդը, դարձավ մարզկոմի «աչքի փուշը»:

 

Առաջին հանրահավաքները Հադրութում

 

Հադրութում առաջին հանրահավաքը տեղի ունեցավ 1988 թ. փետրվարի 12-ին: Ես վատառողջ էի, տանն էի մնացել: Այդ օրը ժողովուրդը հավաքվել էր շրջկենտրոնի հրապարակում, վանկարկում էր` «Միացում», «Հայաստան»: Դուրս եկա պատշգամբ: Տեսա մարդկանց, տեսարանը նման էր Չարենցի նկարագրած «Ամբոխները խելագարվածին»: Հաջորդ օրը, թեւ հիվանդ էի, ջերմություն ունեի, բայց գնացի հանրահավաքի: Մոտեցա մարզկոմի շենքի մոտ կանգնած մարդկանց, հարցրեցի, թե որտե՞ղ է Արթուրը: Ինձ պատասխանեցին, թե Արթուրն ու իր կողմնակիցները գրավել են շենքը եւ կապ հաստատել Ստեփանակերտի հետ՝  հայտնելով Հադրութում տիրող իրավիճակի մասին: Ստեփանակերտում արդեն ձեւավորվել էին գաղտնի խմբեր, որոնց մեջ մտնում էին Ժաննա Գալստյանը, Ռոբերտ Քոչարյանը: Նրանք հաճախ էին լինում մեր տանը:

 

Հանրահավաքներին շատ չեմ մասնակցել: Ինձ ուղարկում էին տուն՝ երեխաների մոտ: Բայց հարկ եղած ժամանակ դպրոցի երգչախմբին տանում էի հանրահավաքի, որպեսզի երգեն ու ոգեւորեն մարդկանց:

 

Արթուր Մկրտչյանը

Լուսանկարը` http://amkrtchyan.nkr.am/ կայքից:

 

Այդ հանրահավաքներին պարզ դարձավ, որ մարդիկ շատ էին ընդունում Արթուրին: Նրա խոսքը պարզ էր ու հասկանալի: Լինելով ազգագրագետ՝ Արթուրը լավ էր ճանաչում ժողովրդին եւ գիտեր` ինչպես խոսել մարդկանց հետ: 

 

Շարժումն ուներ եւ՛ վերելքի, եւ՛ անկման շրջաններ

 

Եղան շարժման եւ՛ անկման, եւ՛ վերելքի շրջաններ: Հատկապես Գորբաչովյան «պուտչի» օրերին շարժումն ուժեղ անկում ապրեց: Այդ օրերին «էքստրեմիստները» շատ խիստ հետապնդվում էին:

 

Կային մարդիկ, ովքեր վառ արտահայտված «էքստրեմիստներ» էին, եւ կային նրանք, ովքեր վառ արտահայտված «հակաշարժումական» էին: Վերջին խմբի մեջ մտնում էին բարձր դիրք զբաղեցնող անձինք, վարչական աշխատողները, ովքեր վախենում էին կորցնել իրենց պաշտոնները: Բայց եղան նաեւ նրանք, ովքեր անկախ պաշտոնից, բարձրաձայնեցին իրենց կարծիքը եւ միացան պայքարին:

 

Սումգայիթի դեպքերից հետո պարզ էր, որ պատերազմն անխուսափելի է: 1989 թ.-ին մայիսին ՕՄՕՆ-ը մեկ գիշերվա ընթացքում դատարկեց Հադրութի շուրջ գտնվող 16 հայկական գյուղեր: Հասկացանք, որ Հադրութի վերջն եկել է: Մնացել էր մեկ գյուղ, որպեսզի ուժերը մտնեին Հադրութի շրջկենտրոն: Մարդիկ հուսահատության մեջ էին: 

 

Այդ օրերին ոտքի էին կանգնել բոլորը: Հադրութի մանկապարտեզներից մեկը վերածվել էր շտաբի, կանայք հերթապահությամբ կերակուր էին պատրաստում կռվող տղաների համար: Կանանց միջեւ անգամ մրցակցություն էր ընթանում, թե որ խմբի պատրաստած կերակուրներին էին ավելի համեղ: Մի օր Հադրութ եկավ Վազգեն Սարգսյանը: Նա, տեսնելով տղաների համար մեր պատրաստած սեղանն ասաց. «Որ զինվորն այսքան ուտի, էլ ո՞նց կկռվի»: Տներից ամեն ինչ բերում էինք կռվող տղաների համար:   

 

«Ձերոնքականն» ու «մերոնքականը»

 

1992 թ.-ին  հունվարին կայացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունները: Արթուրն ընտրվեց Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ նրա տեղակալ ընտրվեց Գեորգի Պետրոսյանը:  Արթուրի ընտրվելու մասին տեղեկացա ռադիոյով:

 

Լուսանկարը` http://amkrtchyan.nkr.am/ կայքից:

 

Հիշում եմ, որ հաջորդ օրը, երբ նա վերադարձավ Հադրութ, մի տեսակ մեղավորի պես նայեց ինձ ու ասաց. «Գորիկ, ես մեղավոր չէի, ընտրեցին»: Բանն այն է, որ նա խոստացել էր ինձ, որ այլեւս երկար չի բացակայելու, քանի որ միշտ մի վատ բան պատահում էր, երբ նա տանը չէր լինում: 

 

Մի օր, շատ պատահական խոսակցություն լսեցի այն մասին, թե ինչպես է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դժգոհել, որ Արթուրն է ընտրվել Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ եւ ասել էր՝ նախագահը «ձերոնքական է», թող գոնե տեղակալը «մերոնքական» լինի: Հետո ինձ բացատրեցին, որ «ձերոնքականը» նշանակում էր դաշնակցական է, իսկ «մերոնքականը»` ՀՀՇ-ական: Միայն հետո իմացա, որ Արթուրը Տող գյուղում երդում է տվել եւ Դաշնակցության անդամ դարձել:

 

Ցավալի էր տեսնել, որ այդ օրերին, երբ հայությունն ավելի միասնական պիտի լիներ, «ձերոնքական» եւ «մերոնքական» հասկացություն կար…

 

Շնորհակալություն ենք հայտնում Արմեն Գրիգորյանին եւ Սեւակ Մկրտչյանին` նյութի պատրաստմանը աջակցելու համար:

 

Գոհար Մկրտչյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

 

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

 

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին