Լիլիթ Մ. Ղազարյան. Երկրորդ շանս. բազմազանությունն առավելություն է - Mediamax.am

11725 դիտում

Լիլիթ Մ. Ղազարյան. Երկրորդ շանս. բազմազանությունն առավելություն է


Լիլիթ Ղազարյանը
Լիլիթ Ղազարյանը

Ազգայինի ու համամարդկայինի խառնուրդ լինելը կարևոր է։ Սա ասում եմ սեփական կյանքիս փորձով, անցած ոչ այնքան երկար, բայց շատ հարցերում ծայրահեղ հակասություններով լի ճանապարհից արած եզրակացություններով։

 

Ծայրահեղ հավատացյալից ծայրահեղ աթեիստ, ռազմատենչից մինչև պացիֆիստ, եսակենտրոնությունից մինչև անանձնականություն, մոլի ազգայնականից մինչև համամարդկային արժեքներ. սրանք իմ՝ շարքային հայաստանցի երիտասարդիս որոնումների մի փոքր մասն են։ Ապրածս քառորդ դարը հերիքել է միայն հասկանալու, որ ծայրահեղությունները փրկություն չեն։

 

Դժվար օրեր են, ու ես անցյալիս ամեն կետը, ամեն փուլն՝ իր սխալներով ու կորուստներով, ավելի եմ արժևորում, երբ ամենասիրելի երգերս ու հազար տարի չլսածս երգերն ամեն պահի՝ աշխատելիս, համացանցում թափառելիս, գիրք կարդալիս հաջորդում են իրար՝ Ռուբեն Հախվերդանից ու Լիլիթ Բլեյանից մինչև Սահակ Սահակյան, Ներսիկ Իսպիրյանից մինչև Հայրիկ Մուրադյան ու համշենական «Վովա»… Միայն հայերեն, գրեթե տասը օր՝ միայն հայերեն երգեր, կարծես դրանով չգործած մեղք եմ քավում, կարծես ավելի եմ մոտենում սահմանին, ուր տղերքը կռիվ են տալիս բոլորիս փոխարեն։

 

Թվում է՝ այստեղ համամարդկայինն ավարտվում է. նեղ ազգայինից դուրս ի՞նչ արժեք կարող է լինել, երբ թշնամին սահմանիդ է, իսկ աշխարհն, ինչպես միշտ, շարունակում է անտարբեր ապրել, որովհետև «վերքը տիրոջն է ցավ տալիս»։

 

Ու ամեն դեպքում վերջին շաբաթն անընդհատ աչքերիս առաջ Քյարամն է՝ ինձնից յոթ տարի փոքր եզդի տղան, ով քաջի պես կռիվ տվեց ու ընկավ, ում հանդեպ, կարծես բոլորիս կույր ազգասիրությունից սթափեցնելու համար, թշնամին ամենասոսկալի բանն արեց։

 

Հայաստանի մասին խոսելիս մենք այնքան ենք հայ բառն օգտագործում, որ արդեն մոռացել ենք այն բոլոր ոչ հայերին, որոնց համար այս երկիրը հայրենիք է ոչ պակաս, քան ցանկացածիս համար։ Քյարամը միայն մեկն է այն բազմաթիվ ոչ հայերից, որոնք «հայ զինվորի» անվան տակ ծառայում են բանակում, ստեղծում են, ապրում, հողը երկիր ու հայրենիք դարձնում։

 

Մենք խտրականության ենթարկված, տարբեր լինելու և այդ իրավունքը պաշտպանելու համար կոտորված ազգ ենք, և դա մեզ առնվազն թույլ չի տալիս մեր ներսում ու մեր շուրջը մարդկանց միայն «մեզանից տարբեր» լինելու համար։ Քյարամը, եղբորս ծառայակից եզդի էդոն, այն բոլոր հրեաները, հույները, մոլոկանները, որոնք ապրում են մեր կողքին, մեզ հավասար են, տարբեր, բայց հավասար։

 

«Հայ ազգը», «հայի տեսակը», անգամ Հայաստանը միատարր չէ, և դա հրաշալի է։ Բազմագույն, բազմաշերտ, բազմամշակույթ, նման ու տարբեր, ամենաբազմազան ճաշակի ու ամենատարբեր արժեհամակարգերով մարդիկ են մեր շուրջը, գումարած նույնքան ոչ միօրինակ Սփյուռքը. այս ամենն իրականում հարստություն է, որին ճիշտ մոտենալու դեպքում մենք կարող ենք հզոր, զարգացած պետություն կերտել։

 

Կարծում եմ՝ հենց սա է մեր երկրորդ շանսը. գնահատել այն ամենն, ինչ ունենք, այն երկիրը, անկախությունը, մշակութային բազմազանության հնարավորությունը, որ տրվել է մեզ պատերազմի, արյան ու պայքարի միջոցով։

 

Վերարժևորել ամեն ինչ՝ երաժշտությունից մինչև կրթություն, բնությունից մինչև բանակ։ Արդյունավետ օգտագործել ամեն ինչ։ Կան բաներ, որոնց «ճոխությունը» մենք մեզ չենք կարող թույլ տալ՝ ոչնչացվող բնություն, գոյություն չունեցող արդյունաբերություն, իրենց զավակներին սահման ուղարկող ծայրաստիճան աղքատ ընտանիքներ, տնակներից չազատագրված աղետի գոտի, 80-ականների զինտեխնիկա, վերացվող ճարտարապետական հուշարձաններ…

 

Պատմական քարտեզների «ծովից ծով Հայաստանը», Երևանի՝ Հռոմից 29 տարով հին լինելն այսօր մեզ ոչնչով չօգնող երևույթներ են։ Ո՞ւմ է պետք արագընթաց մեքենան գյուղամիջի չասֆալտած, անձրևներից քայքայված ճանապարհներին։ Այլ բան է, որ անցյալը կարելի է օգտագործել որպես ոգեշնչում, բայց պետք է նայել ներկային, գնահատել այսօրվա օրը, ամուր հող ստեղծել վաղվա համար։

 

Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ այս երկրի, այս հողի համար կյանքը տված ոչ մի զինվորի մահն իզուր չանցնի, որ ոչ մի գիտնական ստիպված չլինի գնահատված զգալու համար հեռանալ երկրից, որ «լավագույն տղերքն օտար ափերում բախտ որոնելու» փոխարեն հնարավորություն ունենան հայրենիքում գտնելու իրենց որոնածը։

 

Երբ պատկերացնում էի իմ ապագան, երազում էի դրսում ինչ-որ տեղ գիտությամբ զբաղվելու, ընտանիքիս հետ ավելի բարեկեցիկ, ապահով մի տեղում ապրելու մասին, իսկ Քյարամը, կիսաքանդ տնից, ծայրահեղ կարիքից դուրս եկած, երկու տարով ընտանիքից կտրված, այդ բարեկեցիկ ու ապահով կյանքը չտեսած, սահմանին ինձ ու մեզ համար զոհված Քյարամը տակնուվրա արեց ամեն ինչ, սառը ցնցուղի պես թափ տվեց, վեր հանեց բաներ, որ քնած էին։

 

Արժե ապրել ու պայքարել մի երկրում, որն էսպիսի զավակներ ունի, արժե երկրորդ շանս տալ մեր երկրին ու ինքներս մեզ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին