«Աստղերի կղզում» մեկնարկել է Starmus փառատոնը - Mediamax.am

exclusive
343 դիտում

«Աստղերի կղզում» մեկնարկել է Starmus փառատոնը


Լուսանկարը` Raven's view

Լուսանկարը` Starmus

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 25-ին Լա Պալմայում՝ Կանարյան կղիներից մեկում, մեկնարկել է Starmus փառատոնը։

 

Starmus-ները սովորաբար անցկացվում են երկու տարին մեկ՝ 2022 թվականին փառատոնը հյուրընկալել էր Երեւանը, 2024-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան։

 

Starmus VII փառատոնը՝ 20 լուսանկարում

Փառատոնի համահիմնադիր եւ տնօրեն, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ասել է, որ Starmus La Palma «հատուկ թողարկում» ունենալու գաղափարի հիմքում Լա Պալմա կղզուն աջակցություն ցուցաբերելն էր, որը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել հրաբխի ժայթկման հետեւանքներից։

 

Կումբրե Վիեխա հրաբուխը ժայթքել է 2021 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ժայթքումը շարունակվել էր 85 օր՝ դառնալով կղզում գրանցված ամենաերկարը։ Լավայի հոսքերը ծածկել էին մոտ 1,219 հեկտար հողատարածք, ավերել շուրջ 3 000 շինություն։ Ավելի քան 7 հազար բնակիչ տարհանվել էր։ Լավան հասել էր Ատլանտյան օվկիանոսին՝ նոր ցամաքային տարածքներ առաջացնելով ափամերձ գոտում։ Ժայթքումը ոչ միայն փոխել էր Լա Պալմայի լանդշաֆտի մի մասը, այլեւ էական վնաս հասցրել գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներին։

 

Starmus La Palma փառատոնի բացման մամուլի ասուլիսում Կանարյան կղզիների եւ Լա Պալմայի իշխանությունների ղեկավարները հատուկ երախտագիտություն հայտնեցին փառատոնի հիմնադիրներ Գարիկ Իսրայելյանին եւ Բրայան Մեյին՝ նմանօրինակ աջակցության համար։ Փառատոնը մեծ իրադարձություն է կղզու բնակիչների կյանքում։ Ինչպես միշտ, Starmus-ի հիմնական ծրագրին զուգահեռ անցկացվում են նաեւ «գիտական ճամբարները»։ Ապրիլի 25-ի առավոտյան դրանցից մեկը բացվեց Սանտա Կրուզ Դե Լա Պալմա քաղաքի պատմական կենտրոնում՝ ավելի քան 1 000 ուսանողների մասնակցությմբ։

 

Գարիկ Իսրայելյանը մեզ պատմել է, որ Լա Պալմայում փառատոն անցկացնելու գաղափարն առաջին անգամ ծագել էր 2020 թվականին եւ այս հինգ տարվա ընթացքում տարբեր «վայրիվերումներ» է ունեցել։ Հիմնական խնդիրն այն էր, որ Լա Պալման փոքր կղզի է, որտեղ ընդամենը 80 հազար մարդ է բնակվում, եւ միջազգային մեծ փառաոտոնի կազմակերպումը դյուրին չէ լոգիստիկ եւ այլ խնդիրների պատճառով։ Բայց ի վերջո դրանք բոլորը հաղթահարվել են՝ Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն հայտնեց կղզու իշխանություններին եւ բնակիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառատոնի տնօրենը հատուկ նշել է այն փաստը, որ Starmus La Palma-ն առաջին փառառոտոնն է Starmus-ի 14-ամյա պատմության մեջ, որն ամբողջությամբ անվճար է այցելուների համար։ Գարիկ Իսրայելյանն ընդգծել է, որ Starmus-ը երբեւէ շահույթ ստանալու նպատակ չի ունեցել եւ տոմսերի վաճառքի միակ նպատակը ծախսերի մի մասի հատուցումն էր։ Այս անգամ, տեղի իշխանությունների եւ հովանավորների աջակցության շնորհիվ, հնարավորություն է ստեղծվել փառատոնի դռները բացել բոլոր ցանկացողների համար։

 

Իսկ նրանք շատ են՝ այս տարի եւս Starmus-ի խոսնակների թվում են գիտության «աստղերը»։ Կարծում եմ, չեմ սխալվի, եթե պնդեմ, որ այս օրերին Լա Պալման միակ վայրն է աշխարհում, որտեղ միաժամանակ գտնվում են Նոբելյան մրցանակի մոտ 10 դափնեկիրներ։ Ընդհանուր առմամբ, փառատոնը 45 խոսնակ ունի։

 

Այս տարվա փառատոնը կոչվում է «Աստղերի կղզի» եւ դա սոսկ գեղեցիկ անվանում չէ։ Լա Պալմայում է գտնվում GTC (The Gran Telescopio CANARIAS) աստղադիտարանը: Այն աշխարհի ամենամեծ եւ ամենաառաջադեմ օպտիկական եւ ինֆրակարմիր տելեսկոպներից մեկն է։ Նրա հիմնական հայելին բաղկացած է 36 առանձին վեցանկյուն հատվածներից, որոնք միասին գործում են որպես մեկ հայելի։ GTC-ի լույս հավաքող հայելու մակերեսը համարժեք է 10.4 մետր տրամագծով մեկ մոնոլիտ հայելի ունեցող տելեսկոպի մակերեսին։ Այդ հսկայական մակերեսի եւ առաջադիմական ճարտարագիտական լուծումների շնորհիվ GTC-ն համարվում է աստղագիտական հետազոտությունների համար լավագույն արդյունավետությամբ տելեսկոպներից մեկը։

 

Չմոռանանք, որ Starmus-ը միավորում է գիտությունն ու արվեստը, մասնավորապես, երաժշտությունը։ Այս տարի եւս փառատոնի բոլոր օրերի ավարտին համերգներ են տեղի ունենալու՝ դասական, էլեկտրոնային եւ ռոք։ Գարիկ Իսրայելյանն ասում է, որ Starmus-ի երաժշտությունը բոլոր տարիքների եւ նախասիրությունների մարդկանց համար է։

 

Փառատոնի տնօրենն ասում է, որ դեռ որոշված չէ, թե որտեղ է կայանալու Starmus-ը 2026 թվականին, բայց նկատում է, որ այն պետք է առանձնահատուկ լինի, քանի որ հաջորդ տարի լրանում է ոչ միայն Starmus-ի 15-ամյակը, այլեւ փառատոնի հիմնադրած Սթիվեն Հոքինգի անվան մեդալի 10-ամյակը։

 

Մեդալը շնորհվում է այն մարդկանց, որոնք իրենց աշխատանքով ճանաչելի են դարձնում գիտության արժանիքները։ 2024 թվականին մեդալը շնորհվել էր բրիտանացի մեծանուն կենսաբան եւ գրող Դէվիդ Աթենբորոյին եւ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանին։

Լուսանկարը` Starmus

Մեդալի դիզայնում օգտագործվել է Սթիվեն Հոքինգի դիմանկարը, որն արել է լեգենդար ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը՝ բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը։ Ալեքսեյ Լեոնովը Starmus-ի խորհրդի անդամ էր փառատոնի հիմնադրման պահից եւ մինչ իր մահը։ Խորհրդանշական է, որ Starmus La Palma-ի հատուկ հյուրերի թվում է Ալեքսեյ Լեոնովի դուստրը։

 

Mediamax.am կայքում Starmus փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը IDBank-ն է: IDBank-ի Travel card-ը ստեծղված է քարտեզը բացահայտելու համար: Այդ քարտով ոչ միայն կարող եք ձեզ վստահ զգալ ճանապարհորդելիս, այլեւ 0,5%-ից 1,5% քեշբեք ստանալ գործարքներից, անվճար մուտք ունենալ 1 300 օդանավակայանների բիզնես սրահներ։ Քարտի առավելություներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք https://idbank.am/cards/other/travel-card:

 

Այս պահին գործում է նաեւ հատուկ ակցիա, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով։

 

Արա Թադեւոսյան (Լա Պալմա)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին