Դրամաշնորհներ հայ գիտնականների համար + 6 օգտակար խորհուրդ - Mediamax.am

exclusive
5395 դիտում

Դրամաշնորհներ հայ գիտնականների համար + 6 օգտակար խորհուրդ


Լուսանկարը` ՀՕՖ

Լուսանկարը` ՀՕՖ

FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը
FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը

Լուսանկարը` FAST

Կարեն Թռչունյանը
Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահե Դանիելյանը
Վահե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Թռչունյանը եւ Արթուր Մովսիսյանը
Կարեն Թռչունյանը եւ Արթուր Մովսիսյանը

Լուսանկարը` Sputnik Armenia


Եթե Մարի Կյուրին իր գիտական կարիերայի սկզբում ստիպված էր պայմանավորվել քրոջ հետ, որ նախ՝ քույրը կրթություն կստանա, Մարին կաշխատի եւ ֆինանսապես կօգնի նրան, իսկ հետո կանեն հակառակը (ինչը հետագայում, այնքան էլ չարդարացրեց իրեն), ապա այսօր մեխանիզմը ավելի արդար է։ Եթե Սկլոդովսկա քույրերը ապրեին մեր օրերում, հնարավոր է՝ երկուսն էլ դիմեին դրամաշնորհային մրցույթի, իսկ ֆինանսավորումը ստանար նրանցից լավագույնը։  

 

Գիտական հետազոտություններն այսօր ֆինանսավորվում են պետական բյուջեից, մասնավոր ընկերություններից եւ շահույթ չհետապնդող հիմնադրամներից՝ դրամաշնորհային մրցույթների միջոցով։ Այդ մրցույթները, ինչպես ասում են պատասխանատուները, նպատակ ունեն գտնել եւ աջակցել լավագույններին։  

 

Հայաստանում, որտեղ գիտության ֆինանսավորումը դեռեւս հեռու է անհրաժեշտին մոտ լինելուց, կա բազային ֆինանսավորումը, որը գիտական կազմակերպությունների «գոյատեւման» համար նվազագույն անհրաժեշտությունն է, իսկ դրամաշնորհային մրցույթներն էլ ավելի մեծ ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն են։

 

Դրամաշնորհային մրցույթների նպատակը

 

Հայաստանի ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն ասում է, որ Հայաստանը, ինչպես եւ աշխարհի երկրների մեծ մասը, որդեգրել է այն ուղղությունը, որ դրամաշնորհային մրցույթները գերակշռեն գիտությանը հատկացվող բյուջեի մեջ։

 

«Եթե խոսում ենք, որ գիտության բյուջեն 2022թ․-ին աճեց 80 տոկոսով, ապա մեր դրամաշնորհային բյուջեն 1,5 միլիարդից դարձել է 6,6 մլրդ։ Այսինքն՝ մենք գնում ենք այն ճանապարհով, որ մեր հիմնական միջոցները պետք է ծախսվեն մրցակցային եղանակով»,- ասում է Արթուր Մովսիսյանը։

 

Նրա խոսքով, գիտնականի կարեւոր պահանջը մրցունակ լինելն է՝ ոչ թե ներհայաստանյան,  այլ՝ աշխարհի մակարդակով:  

 

«Այս փուլում, երբ համակարգը թերսնված է, մենք չենք պահանջում առաջատարը լինել աշխարհում, դա լուրջ չէ այս պահին, բայց, այո, մրցունակ լինել աշխարհի մակարդակով, հայտնի լինել միջազգային գիտական համայնքում, ներգրաված լինել աշխարհի հետազոտական տարածքում, համագործակցային տարբեր գործընթացներում։ Եթե գիտնականն ակտիվ է, կարող է ընդլայնել ֆինանսավորումը։ Երիտասարդներ ունենք, որ միայն Գիտության կոմիտեի գումարներով  500 հազար եւ ավելի դրամ գումար են վաստակում։ Պարզ է՝ դա մեկ աղբյուրից չի գոյանում՝ սրա մեջ մտնում է դրամաշնորհ, բազային ֆինանսավորում եւ այլն»,- ասում է Արթուր Մովսիսյանը։

Կարեն Թռչունյանը եւ Արթուր Մովսիսյանը Կարեն Թռչունյանը եւ Արթուր Մովսիսյանը

Լուսանկարը` Sputnik Armenia

Ինչ վերաբերում է մասնավոր ընկերությունների դրամաշնորհներին, ապա Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը նկատում է, որ զարգացած տնտեսությունն ունեցող երկրներում մասնավոր ընկերություններից շատ դրամաշնորհներ են գալիս գիտություն, որովհետեւ մասնավոր ընկերությունները մրցակցում են իրար հետ, ինչի համար անընդհատ նորարարություններ են հարկավոր։

 

«Շատ դեպքերում հենց մասնավորներն են նաեւ ավելի շատ դրամաշնորհ տալիս, քան պետական կառույցները: Դրամաշնորհները լավ են, բայց եթե ցանկանում ենք արդյունքներ տեսնել, ապա դրանք պետք է կրեն շարունակական բնույթ, որովհետեւ գիտության մեջ 1 կամ 2 տարով ներդրումը շատ մեծ ազդեցություն չունի»,- ասում է նա։

 

Գիտության կոմիտեի՝ ներպետական եւ միջազգային դրամաշնորհները

 

Հայաստանի պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցները բաշխվում են ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի միջոցով։ Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման տրամադրման համար հայտարարվում են մրցույթներ ինչպես գիտական թեմաների, առաջատար հետազոտությունների թեմաների հայտերի ընդունման, ազդեցության գործակցով պարբերականներում տպագրված հոդվածների, կիրառական արդյունքի ձեռքբերման, այնպես էլ ենթակառուցվածքների եւ նյութատեխնիկական կարողությունների զարգացման, ամրապնդման եւ այլ նպատակներով։

 

Կոմիտեն երկու տեսակի մրցույթ է անցկացնում՝ ներպետական եւ միջազգային։ Մրցույթների հայտարարությունները, ինչպես նաեւ հավանական ժամանակացույցը հրապարակվում են ԳԿ կայքում։

 

Գիտության կոմիտեն ունի 20-ից ավելի գործող դրամաշնորհային ծրագիր։ Ծրագրերը եւ թիրախային խմբերը շատ տարբեր են։

Կարեն Թռչունյանը Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«2022 թվականի հունվարի 1-ից Գիտության կոմիտեի միջոցով բաշխվող պետական դրամաշնորհները շատացել են՝ մոտավորապես, երկու անգամ եւ շարունակական աճ է լինելու։ Առաջին անգամ նաեւ առաջատար հետազոտությունների, հեռավար լաբորատորիաների հիմնման, արտերկրի գիտնականների կողմից այստեղ նոր խմբերի ստեղծման դրամաշնորհներ են հայտարարվել։ Մենք կգնահատենք դրանց արդյունքները եւ արդյունավետությունը ծրագրերի ժամկետի ավարտին»,- ասում է փոխնախարար Կարեն Թռչունյանը։

 

Philip Morris International-ի PMI Science գիտահետազոտական կենտրոնի դրամաշնորհները

 

Philip Morris International-ի PMI Science գիտահետազոտական կենտրոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ, գիտության ֆինանսավորման իր նախագծերի շրջանակներում ամեն տարի դրամաշնորհային մրցույթներ է հայտարարում համալսարանների ու գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերի, ուսանողների եւ ասպիրանտների համար։

 

Ամեն տարի մինչեւ 15 հետազոտական թիմ հնարավորություն է ունենում ստանալ  շուրջ 7 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։  

 

PMI Science-ի մեկ այլ՝ Գիտական ինկուբացիոն ծրագրի նպատակն է աջակցել գիտնականներին, մասնագետներին, ընկերություններին եւ հետազոտական ինստիտուտներին` նորարար գաղափարներ, վարկածներ առաջ քաշելու եւ բեկումնային գիտական արդյունքների վրա հիմնված ձեռնարկատիրական սուբյեկտների ստեղծման գործընթացն ուղղորդելու համար: Այս ծրագրով՝ առաջատար որոշ խմբեր իրենց հետազոտություններն իրականացնելու համար նաեւ ֆինանսական աջակցությություն են ստանում Philip Morris International-ից։

Ասպիրանտների աջակցության ծրագրի դեպքում ամեն տարի 10 ասպիրանտ հետազոտական ծրագրերն իրականացնելու համար PMI Science-ից ստանում է ամսական շուրջ 360,000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում՝ առավելագույնը 12 ամիս ժամկետով։

Վահե Դանիելյանը Վահե Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետազոտություններն իրականացվում են մի շարք ուղղություններով՝ տվյալագիտություն, նյութագիտություն, արդյունաբերական ինժեներիա, էլեկտրական ինժեներիա, փորձարարական ֆիզիկա, մաթեմատիկական մոդելավորում, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, մեխանիկական ինժեներիա, սենսորային տեխնոլոգիա եւ այլն։

 

PMI Science-ն աջակցում է նաեւ «Տվյալների գիտությունը բիզնեսում», «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն», եւ «Նյութերի գիտություն» մագիստրոսական ծրագրերին, իսկ դրանց լավագույն ուսանողներին նաեւ տրամադրում դրամաշնորհներ՝ ուսման ծրագրերը հոգալու համար։

 

Մինչ այժմ Կենտրոնի աջակցման ծրագրերի շնորհիվ մագիստրատուրայի 121-ից ավելի ուսանողների է շնորհվել կրթաթոշակ։ Հայաստանի տարբեր համալսարանների և ինստիտուտների 62-ից ավել հետազոտական թիմեր ամենատարբեր, ուղղություններով հետազոտական ծրագրեր իրականացնելու համար, ստացել են յուրաքանչյուրը շուրջ 7 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորում: Կենտրոնն աջակցում է ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Հայ-ռուսական համալսարանի, Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի, Ամերիկյան համալսարանի, Մաթեմատիկայի ինստիտուտի, Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, Մեխանիկայի ինստիտուտ, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտական խմբերին։

 

ANSEF-ի դրամաշնորհային մրցույթը

 

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ANSEF) գիտնականներին $‌5000 արժողությամբ եւ 1 տարի ժամկետով դրամաշնորհներ է տրամադրում։

 

ANSEF-ի նպատակն է նպաստել հայ գիտական մտքի զարգացմանը, աջակցել ինչպես երիտասարդ, այնպես էլ վաստակաշատ եւ փորձառու գիտնականներին,  ժամանակակից գիտական, տեխնոլոգիական եւ գիտական ուսումնասիրությանը Հայաստանում:

Լուսանկարը` ՀՕՖ

ANSEF-ի դրամաշնորհային մրցույթները սովորաբար հայտարարվում են մայիսի վերջին, իսկ արդյունքները՝ հունվարի սկզբին: Բոլոր դիմորդները պետք է օգտագործեն ANSEF-ի կայքը՝ գրանցվելու եւ հայտ ներկայացնելու համար։

 

Այս մրցույթին կարող են դիմել գիտական բոլոր ինստիտուտների եւ գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, քանի որ այն «նպատակ ունի խթանել Հայաստանի գիտական, կրթական եւ մտավոր կարողությունների բոլոր ոլորտները»։

 

FAST-ի ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհները

 

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE STEM ծրագիրը 2-ից 4 տարի տեւողությամբ դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանում ստեղծված հետազոտական խմբերին, որոնց ծրագիրն առաջարկվել եւ ղեկավարվում է արտերկրից ժամանած ականավոր գիտնականի կողմից։ Առաջնահերթությունը տրվում է ինչպես AI/ML ոլորտում, այնպես էլ STEM-ի հետ կապված այլ ուղղություններում արհեստական բանականության կիրառմամբ հետազոտական նախագծերին:

FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը

Լուսանկարը` FAST

Դրամաշնորհով կարելի է վճարել տեղական հետազոտողների աշխատավարձերը, միջազգային ճանապարհորդության, արտերկրում համագործակցային հետազոտական գործունեության կամ կարողությունների զարգացման այլ միջոցառումների, լաբորատոր նյութերի, ծախսվող նյութերի, ամսագրերում հրապարակումների եւ, եթե կիրառելի է, արտոնագրման համար ծախսերը։  

 

6 կարեւոր քայլ՝ դրամաշնորհային ծրագրի դիմելիս․ խորհուրդ է տալիս Philip Morris-ի PMI Science-ի թիմը

 

Քայլ 1

 

Մանրամասն ծանոթանալ հայտարարությանը՝ անցնելով բոլոր կետերով։ Նախօրոք գնահատել, թե ինչքանով է համապատասխանում ձեր եւ ձեր թիմի (եթե թիմային հետազոտական աշխատանք է նախատեսվում) մասնագիտական ուղղվածությունն ու որակները հայտարարված դրամաշնորհի պայմաններին։ Հարցերի դեպքում, անպայման, կապ հաստատել դրամաշնորհը հայտարարած կազմակերպության հետ եւ փորձել ծրագրի պատասխանատուի օգնությամբ գտնել ծագած հարցերի պատասխանները։

 

Քայլ 2

 

Մանրամասն ուսումնասիրել հայտարարության մեջ առկա հետազոտական աշխատանքի ներկայացման օրինակելի ձեւը։ Հետազոտական աշխատանքը ներկայացնել՝ չխախտելով օրինակելի ձեւի կառուցվածքը եւ ապահովելով անհրաժեշտ բովանդակային մասը։ Հարցերի դեպքում, անպայման, կապ հաստատել դրամաշնորհը հայտարարած կազմակերպության հետ եւ փորձել ծրագրի պատասխանատուի օգնությամբ գտնել ծագած հարցերի պատասխանները։ Չմոռանալ նաեւ, որ հայտի կազմման օրինակելի ձեւից բացի կարող են պարտադիր լինել այլ փաստաթղթերի օրինակելի ձեւեր (ինքնակենսագրական (CV), թիմի անդամների CV, Աջակցության ապացույց ընդունող հաստատությունից եւ այլն)։

 

Քայլ 3

 

Հետազոտական աշխատանքը պետք է գիտական տեսանկյունից հետաքրքիր լինի, պարունակի նորույթ, հետագա զարգացման հնարավորություն ունենա։ Աշխատանքում դրված խնդիրները, դրանց լուծումների համար կիրառվող մեթոդները, աշխատանքների իրականցման փուլերը եւ ժամանակացույցը, իրականացման համար անհրաժեշտ բյուջեն պետք է հստակ եւ հիմնավորված լինեն, սպասվելիք արդյունքները՝ տրամաբանական։ Հիմնավորված պետք է լինի թիմի անդամների ընտրությունը եւ հստակ լինի նրանց դերն աշխատանքի հաջող կատարման տեսանկյունից։

 

Քայլ 4

 

Հետազոտական աշխատանքը կազմված օրինակելի ձեւին համապատասխան պետք է պատրաստ լինի մինչեւ հայտարարությունում նշված վերջնաժամկետը։ Ձեր կողմից ներկայացվող ծրագրի բոլոր մասնակիցները պետք է ծանոթ լինեն ներկայացվող հայտին։ Ներկայացվող հայտը պետք է մինչեւ ուղարկելը մի քանի անգամ քննարկված եւ կարդացված լինի։ Դա կօգնի ձեզ հնարավորինս խուսափել բացթողումներից, որոնք միշտ առկա են շտապելուց։ Եթե ունեք ավելի փորձառու կոլեգա եւ վստահում եք նրան, կարող եք խնդրել նաեւ նրա կարծիքը։

 

Քայլ 5

 

Հայտն ուղարկելուց հետո հետեւեք ընթացքին։ Հարցերի դեպքում, անպայման, կապ հաստատեք դրամաշնորհը հայտարարած կազմակերպության հետ եւ փորձեք ծրագրի պատասխանատուի օգնությամբ գտնել ծագած հարցերի պատասխանները։

 

Քայլ 6

 

Պատրաստ վիճակում միշտ ունեցեք մեկ, երկու հետաքրքիր նախագիծ։ Հետեւեք դրամաշնորհային ծրագրերի մասին հայտարարություններին։ Դիմեք տարբեր դրամաշնորհային ծրագրերին, բայց դիմեք տարբեր հետազոտական ծրագրերի առաջարկներով։ Հիշեք, որ միշտ լինում է մրցակցություն եւ միշտ չէ, որ դուք հաղթող եք լինելու։ Այդ պատճառով ինչքան ակտիվ լինեք եւ ինչքան շատ տարբեր ծրագրերին մասնակցեք, այնքան հաղթելու եւ ձեր հետազոտությունը իրականացնելու հավանականությունը մեծ է լինելու։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին