STARMUS VI գիտության եւ արվեստի միջազգային փառատոնի մեկնարկին մեկ շաբաթ է մնացել. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ակտիվորեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները:
Փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը լրագրողների հետ հանդիպմանը պատմել է սպասվող անակնկալների մասին:
Միայն մեկ անգամ, միայն Հայաստանում
Երաժշտական, սպորտային միջոցառումներով ոչ մեկին չես զարմացնի, քանի որ դրանք արվում են աշխարհի բոլոր երկրներում, մինչդեռ STARMUS փառատոնը յուրաքանչյուր տարի նոր ծրագիր է ունենում: Մարսի թեման լինելու է միայն Հայաստանի փառատոնում, նախատեսված դասախոսությունները լինելու են միայն այս տարի եւ միայն այստեղ, համերգները նույնպես:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ուզում եմ մարդկանց հորդորել, որ շատ լուրջ վերաբերվեն STARMUS փառատոնին, որովհետեւ սա չկրկնվող իրադարձություն է: Մենք աշխատել ենք ամեն ինչ անել, որ Հայաստանի STARMUS-ը ոչ մի բանով չզիջի նախկին փառատոներին, եւ մեկնարկից մեկ շաբաթ առաջ ես արդեն տեսնում եմ՝ հաստատ չի զիջելու:
Համերգային բացառիկ կատարումներ
Շատ խոշոր մի քանի համերգներ են լինելու: Բրայան Մեյը ելույթ է ունեցել գրեթե բոլոր STARMUS-ների ժամանակ, սակայն 2-3 կատարումով, իսկ Հայաստանում կունենանք 5-6 եւ գուցե ավել կատարումներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Պատրաստում ենք «Show must go on» երգի բացառիկ կատարում, որին կմասնակցեն մի շարք երգիչներ, այդ թվում՝ Սերժ Թանգյանը: 1988 թվականի երկրաշարժից հետո ռոք-աստղերը Rock Aid Armenia նախագծում միավորվեցին ու կատարեցին «Smoke on the Water» երգը: Այդ պատմական իրադարձությունում մեծ դեր ուներ Բրայան Մեյը: Որոշել ենք, որ Հայաստանում հնչի այդ երգը Բրայան Մեյի ու մի շարք հզոր երաժիշտների կատարմամբ:
Կունենանք նաեւ Ջիվան Գասպարյանին նվիրված կատարում: Շատ այլ հետաքրքիր անակնկալներ ենք պատրաստել:
Գիտության տարբեր ոլորտներ
Մարզահամերգային համալիրի դահլիճում սպասում ենք 6000-7000 մարդու: Շատ կարեւոր է, որ մարդիկ մասնակցեն ոչ միայն համերգներին, այլեւ դասախոսություններին: Այս երաժիշտները եկել են գիտական փառատոնի համար: Եթե մեզ մոտ այդպիսի բարձր գիտական ստանդարտ չլիներ, հազիվ թե նման երաժիշտներ միանային մեզ: Ես տեսել եմ, թե ինչպես են մեր փառատոների ընթացքում համաշխարհային երաժշտության աստղերը նստած լսում դասախոսությունները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մարսի թեմային դասախոսությունների մեկ օր ենք տրամադրելու: Քննարկվելու են Մարսի հետ կապված բոլոր արդիական հարցերը՝ սկսած նրանից, թե եղել է արդյոք կյանք Մարսի վրա, մինչեւ այն, թե ինչ են փորձում ապագայում կառուցել Մարսի վրա:
Փառատոնի դասախոսություններում թեմաները բազմազան են՝ աստղագիտություն, արհեստական բանականություն, քվանտային հաշվարկներ: Լինելու է նաեւ Անդրեյ Սախարովի 100-ամյակին նվիրված պանելային քննարկում, որի թեման գիտական էթիկան է: Այս հարցը միշտ Անդրեյ Սախարովն էր բարձրացնում: Ինքն իրեն ամբողջ կյանքում այդ հարցը տվեց՝ արդյոք ճի՞շտ էր, որ ստեղծեց ջրածնային ռումբը:
Փոփոխության սկիզբը
Մարզահամերգային համալիրը միշտ հազարավոր մարդկանց է ընդունել սպորտային ու երաժշտական միջոցառումների շրջանակում: Համալիրի պատմության մեջ սա առաջին դեպքը կլինի, երբ մի քանի հազար մարդիկ կհավաքվեն գիտական դասախոսության համար: Սա կարող է Հայաստանը փոխող իրադարձություն դառնալ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես միշտ ասում եմ, որ եթե այստեղ գա շատ հայտնի գիտնական ու նրան լսելու համար նստած լինեն մի քանի հազար մարդիկ, դա կնշանակի, որ հայ հասարակությունը փոխվել է: Նման հասարակություններն աշխարհում կարելի է մատների վրա հաշվել: STARMUS-ը կլինի Հայաստանում այդ փոփոխության սկիզբը:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: