«Մենք» առաջնորդության դպրոց եւ ակումբ. սովորել բացել ճիշտ «դուռը» - Mediamax.am

exclusive
2077 դիտում

«Մենք» առաջնորդության դպրոց եւ ակումբ. սովորել բացել ճիշտ «դուռը»


Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Մհեր Հովհաննիսյանը
Մհեր Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Մհեր Հովհաննիսյանը
Մհեր Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Մհեր Հովհաննիսյանը
Մհեր Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ


Պետության համար մարտահրավերային իրավիճակներում անգնահատելի է հմուտ առաջնորդների դերը, որոնք կարողանում են իրավիճակի ճիշտ գնահատմամբ նպաստել հայրենիքի պահպանմանն ու զարգացմանը: Հայաստանի դարավոր գոյության ընթացքում ամուր պետականության, նաեւ դրա երկարատեւ կորստի հիմքում ընկած դասերի վերլուծությունն ու սթափ դատողությունն է, որ այսօրվա առաջնորդներին թույլ կտա ճեղքել պատմության ցավալի կրկնությունների շղթան: Սակայն նման արդյունք ունենալու համար պետք է, նախ եւ առաջ, նպաստել բանիմաց առաջնորդների կայացմանը: Հենց այս նպատակով էլ «Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամը մեկնարկել է «Մենք» առաջնորդության դպրոցն ու վերջինիս մաս կազմող «Մենք» առաջնորդության ակումբը:

 

Հիմնադրամի գործունեության, երիտասարդներին միտված ծրագրերի ու Հայաստանում առաջնորդության խնդիրների մասին Մեդիամաքսը զրուցել է դրա տնօրեն, պատմաբան եւ հասարակական գործիչ Մհեր Հովհաննիսյանի հետ:

 

Հիմնադրամ՝ բացառապես ազգային միջոցներով

 

«Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 2021 թվականի ապրիլի 14-ին, սակայն դրա գաղափարը ձեւավորվել է 44-օրյա պատերազմի օրերին։ Այդ ժամանակ ես եւ իմ ընկերներից մի քանիսը հասարակական հարթակում տարբեր ծրագրեր էինք իրականացնում՝ առանց որեւէ կառույցային ներգրավվածության։ Այդ փորձի հիման վրա էլ իմ լավ բարեկամ, Նոր Նախիջեւան հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի հետ որոշեցինք ստեղծել մի այնպիսի հիմնադրամ, որը թիրախային աջակցություն կցուցաբերի հանրության՝ տարբեր սոցիալական ծրագրերից դուրս մնացող, բայց դրա կարիքն ունեցող շերտերին։ Անհրաժեշտություն կար ստեղծելու մի կառույց, որը բացառապես ազգային միջոցների ներգրավման ճանապարհով իրականացներ ծրագրեր՝ հիմքում ունենալով այն կարգախոսը, որը մենք ընտրեցինք, այն է՝ հայրենիքի կողքին եւ հայրենակցի հետ։

Մհեր Հովհաննիսյանը Մհեր Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Հիմնադրամի առաքելության հիմքում գործունեության առաջին իսկ օրվանից դրել ենք մի քանի կարեւոր սկզբունք։ Դրանցից ամենագլխավորն այն է, որ մենք պետք է ոչ թե պարզապես օգնություն բաժանենք, այլ այնպես անենք, որ ծրագրերը ծառայեցվեն մեր հայրենակցի հետագա կենսագործունեության բարելավմանը։ Հաջորդիվ, մենք կարեւորեցինք, որ ծրագրի շրջանակը պետք է առաջնահերթ իրականացվի հատկապես պատերազմից հետո սահմանամերձ դարձած բնակավայրերում։

 

Երրորդ սկզբունքը պատերազմի արդյունքում զոհված մեր այն տղաների ընտանիքներին աջակցությունն է, որոնք իրենցից հետո թողեցին անչափահաս երեխաներ։ Հաջորդ սկզբունքն այն է, որ մենք պետք է ստեղծենք ծրագրեր, որոնք կնպաստեն մեր հայրենակիցների մասնագիտական աճին։

 

Շատ հաճախ մեզ հետ կապ են հաստատում մարդիկ՝ ակնկալելով զուտ սոցիալական կարիքը բավարարող օգնություն։ Մենք փորձում ենք առանց նրանց նեղացնելու բացատրել, որ մենք ուղղակի օգնություն բաժանելու սկզբունքից հրաժարվել ենք: Կարծում եմ, որ մեր ընթերցողները եւս ինձ հետ կկիսեն այն միտքը, որ որքան էլ այդ օգնությունը բաժանես, միշտ կարիքը կամ ցանկությունը լինելու է։ Մենք փորձում ենք առաջնորդվել ոչ թե ձուկ տալու, այլ ձեռքին կարթ դնելու գաղափարով՝ վճռելով չդառնալ հերթական հիմնադրամներից մեկը, որը պարզապես սոցիալական ծրագրեր է իրականացնում մի երկրում, որտեղ դրա կարիքն անընդհատ զգացվելու է։

 

Առաջնորդների «արտադրության» հրամայականը

 

Ինչու՞ մենք չունենք առաջնորդներ։ Եթե դու չունես առաջնորդների պատրաստության համակարգված հարթակ՝ հանրային կրթության համակարգին զուգահեռ, նշանակում է, որ դու չես անում ոչինչ, որ այդ առաջնորդները ծնվեն: Առաջնորդ ասելով ես ամենեւին էլ նկատի չունեմ այն դրոշակակրին, որը կարող է փողոցի մեջտեղում վերցնել դրոշակը եւ մարդկանց այդպես տանել առաջ: Կարծում եմ, որ միջնադարը մեզանում պետք է որ ավարտված լինի:

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Առաջնորդը պետք է լինի պատրաստված, 21-րդ դարի մարտահրավերներից հասկացող, որոշակի փորձառությամբ լավ կառավարիչ՝ լինի նա դպրոցի տնօրեն, թե երկրի ղեկավար։ Առաջնորդը պետք է կարողանա լավ կառավարչի պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ առավելագույնս նվազեցնել հնարավոր կորուստները, բացթողումները։ Այսպիսի առաջնորդներ ստանալու համար մենք կամ աշխատում ենք, կամ չենք աշխատում: Եվ այստեղ, մենք՝ իբրեւ հասարակական դաշտի ներկայացուցիչներ, մեր պարտքն ենք համարում օգնել պետությանը։

 

Մենք ինքներս պետք է փորձենք նպաստել, որ առաջնորդի ներուժ ունեցող երիտասարդները չարտագաղթեն, չմտածեն օտարերկրյա կազմակերպություններ ընդգրկվելու ու ինչ-որ մեկի պատվերն իրականացնելու մասին, սոցիալական իրավիճակի պատճառով չհիասթափվեն հայրենիքից։ Հայրենիքն այս ամենում մեղավոր չէ, եւ այս մշակույթը եւս պետք է սովորեցնել։

 

Մենք հաճախ ասում ենք, որ եթե մարդը հայրենիքից կարող է հիասթափվել, պետք է նրա վրա խաչ քաշենք։ Սա նման է այն նույն տրամաբանությանը, որ գետի հորձանուտում խեղդվող մարդուն ձեռք մեկնել պետք չէ, նա է մտել գետն ու դա իր խնդիրն է: Մինչդեռ մեկը պետք է լինի՞, որ նրան օգնի դուրս գալ, որ ինքն էլ հաջորդին աջակցության ձեռք մեկնի։ Այս սկզբունքն է, որ մենք փորձում ենք զարգացնել, եւ այստեղ առաջնորդները ոչ թե պետք է ծնվեն իբրեւ առաջնորդ, այլ ինքներս պետք է նպաստենք, որպեսզի առաջնորդները ստեղծվեն, կայանան ու զարգանան։ Մենք պետք է ունենանք հարթակ, որն անսահմանափակ քանակությամբ անընդհատ «կարտադրի» այդ առաջնորդներին, որոնք իրար ոչնչով չեն զիջի, եւ հասարակությունն էլ, անկախ հանգամանքներից, մշտապես կունենա պրոֆեսիոնալների միջեւ ընտրելու հնարավորություն։

Մհեր Հովհաննիսյանը Մհեր Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Ես, հաճախ, սա համեմատում եմ թխսկան հավի եւ ինկուբատորի հետ։ Մենք մինչեւ հիմա փորձում ենք թխսկան հավ փնտրել, մտածում ենք քանի ձու դնենք, որ հետո արդյունք ունենանք, չհասկանալով, որ կա այլընտրանք՝ ստեղծել համակարգ՝ «ինկուբատոր», որը անընդհատ կտա մեզ այդ արդյունքը։ Առաջին տարբերակը փոքր ազգերի համար կործանարար մտածողություն է. եթե ինքներս չենք ձեւավորում այդ համակարգը, դառնում ենք այլոց ստեղծած համակարգերի սպասարկողը։

 

Ազնվության սկզբունքը՝ որպես հիմք

 

Հասարակական բոլոր հարթակներում մենք անդադար խոսում ենք կրթության որակից, կադրային սովից, եւ որ այսօր չունենք զարգացման հստակ տեսլականներ եւ այլն: Բոլորը խոսում են խնդիրներից, բայց կա մարդկության պատմություն, որը ցույց է տալիս՝ ինչ ճանապարհներով է պետք հաղթահարել այդ խնդիրները, եւ նոր «հեծանիվ» ստեղծելու կարիք չկա։ Պետք է պարզապես ներդրում կատարել սեփական երիտասարդության մեջ եւ դա անել ազնվության սկզբունքի հիման վրա:

 

Ազնվությունն ուզում եմ հատուկ ընդգծել, որովհետեւ եթե մեր նպատակն է երիտասարդին աջակցել՝ հետին պլանում ունենալով այլեւայլ գաղափարներ, որը, ցավոք, այսօր տեսնում ենք շատ հարթակներում, մենք չենք կարող ձևավորել ավելին, քան պարզապես իր անձնական հնարավորությունները բարելավող երիտասարդ առաջնորդի։

 

Մենք նաեւ հաճախ ենք կիրառում ազգային մտածողություն կամ ազգային ինքնություն եզրույթները։ Սա ինձ հիշեցնում է այն զուգահեռը, երբ մենք խոսում ենք կրոնից ու հավատքից, սակայն ինքներս որեւէ պատարագի չենք մասնակցում, կամ էլ դա այնքան ձեւական է լինում, որ մեր հոգու խորքում չի մնում հավատի նշույլ անգամ։ Նույնն այստեղ երիտասարդների ազգային դաստիարակությանն է առնչվում։

 

2021 թվականին, երբ սկսեցինք երիտասարդներին միտված երկու ծրագիր, դրանց հիմքում դրեցինք լավագույններին ընտրելու եւ նրանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու գաղափարը։ Այդ ընտրությունը վճռեցինք չկատարել հիմնվելով միայն ակադեմիական առաջադիմության ցուցանիշի վրա, ինչպես սովորաբար արվում է, որովհետեւ ուսանողի ՄՈԳ-ը (միջին որակական գնահատականը) միշտ չէ, որ արտացոլում է ուսանողի իրական գիտելիքը։

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Մեր ծրագրերում կրթաթոշակ ստանում են ոչ թե միայն բարձր թվանշանի, այլ իրենց՝ մեզ մոտ գալու նպատակների հիման վրա: Կրթաթոշակի են արժանանում այն երիտասարդները, որոնք կարողանում են դրսեւորել առաջնորդին հարիր մի քանի պարտադիր որակներ՝ ազնվություն, համախմբելու, ծրագրելու ու ծրագրածն իրականացնելու կարողություններ։

 

Երիտասարդների ինքնադրսեւորման հարթակ

 

Նախորդ տարի մեր իրականացրած ծրագրերից հասկացանք, որ կա դրանց շարունակականության ապահովման խնդիր։ Երիտասարդը գալիս է, մասնակցում հետաքրքիր ծրագրի, փորձում իր գիտելիքը դրսեւորել, ստանում կրթաթոշակ եւ հետո անհետանում։ Մենք մեզ հարց տվեցինք, թե արդյոք սա բավարարու՞մ է մեր առջեւ դրված պահանջներին։ Այս պատճառով 2022 թվականին վերաձեւակերպում կատարեցինք մեր ծրագրերում ու մեկնարկեցինք «Մենք» առաջնորդության դպրոցը, որի շարունակականության ապահովման համար էլ հիմնեցինք «Մենք» առաջնորդության ակումբը:

 

Մենք ոչ թե գնացինք հարյուրավոր երիտասարդների լավագույն հյուրանոցներից մեկում հավաքելու, սելֆիներ անելու ու վերջում ինչ-որ վկայականներ բաժանելու ճանապարհով, այլ եռաստիճան ընտրության միջոցով տասնյակ երիտասարդներից առանձնացրինք նրանց, որոնք հասկացան մեր կարգախոսը և այն իրականացնելու կարևորությունը։

 

Ունեցանք 4 կրթաթոշակակիր, որոնք ավարտելով բուն կրթական հատվածը, մինչեւ տարեվերջ ստանալու են կրթաթոշակ՝ զուգահեռաբար ստանձնելով նաեւ «Մենք» առաջնորդության ակումբի խորհրդի պատասխանատվությունը։ Ըստ էության, նրանք ձեւավորելու են ակումբի կորիզը, որտեղ ինտելեկտուալ երիտասարդների մի խումբ փորձելու է իր հմտությունների եւ գիտելիքների հիման վրա կոնկրետ աշխատանք կատարել՝ ուսումնասիրելով հանրության տարբեր շերտերի խնդիրներն ու մշակելով թիրախային լուծումներ։

Մհեր Հովհաննիսյանը Մհեր Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Ակումբի նպատակն է օգնել երիտասարդներին ինքնադրսեւորման հարցում, ձեռք բերել փորձ, կարողանալ հանրայնացնել իրենց՝ որպես լավ մասնագետներ։ Մենք տալիս ենք հնարավորություն կազմակերպելու իրենց հավաքները, օգտվելու մեր գույքից, սովորելու կառավարել լրատվությունը եւ մասնակից լինելու հիմնադրամի սոցիալական ծրագրերին։ Սա հարթակ է, որտեղ ապագա առաջնորդները կարող են ձեռք բերել կառավարման եւ արդյունավետ որոշումների կայացման փորձ։ Նրանք կարող են նաեւ սխալներ թույլ տալ, եւ լավ է սխալվեն հիմա, քան հետագայում որեւէ ոլորտում իրական առաջնորդ լինելու պարագայում։

 

Հանրության հետ շփում ու թիրախային լուծումներ

 

Շուտով կհրապարակենք մեր 4 կրթաթոշակակիրների վերլուծական հոդվածները, որոնք նրանք կատարել են ծրագրի կրթական փուլում՝ ընտրելով հանրության շրջանում առկա խնդիրներ եւ ուսումնասիրելով դրանք։ Օրինակ՝ մասնակիցներից մեկը անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության ձեւաչափում Հայաստանի տնտեսական հիմնախնդիրներին, մեկ ուրիշն էլ իր հայրենի մարզում հայրենակիցների հետ շփումներով վեր է հանել մարզային խնդիրները։ Այս ծրագրում մենք նաեւ շատ կարեւորում ենք, որ ապագա առաջնորդները ձեռք բերեն հանրության հետ շփման փորձ, որպեսզի կարողանան իրապես թիրախային լուծումներ մշակել։

 

«Մենք» ակումբի անդամները ծրագրեր գրելիս եւ դրանք հիմնադրամի կողմից իրականացման համար ներկայացնելիս չունեն ոլորտային սահմանափակումներ: Կարեւոր է միայն այն, որ դրանք լինեն հասանելի կարիքն ունեցող հանրության ներկայացուցիչներին։

 

«Մենք» ակումբ ընդգրկվելու համար պարտադիր չէ լինել «Մենք» առաջնորդության դպրոցի մասնակից։ Յուրաքանչյուր երիտասարդ, որն իրեն տեսնում է առաջնորդի դերում, կարող է լրացնել համապատասխան հայտն ու անցնել ընտրության փուլերը։

 

Պատմությունը՝ ներկայի ու ապագայի գործիք

 

Ենթադրենք, որ մեր դիմաց կա երեք դուռ: Պատմության ընթացքում հնարավորություն ենք ունեցել դրանք բոլորն էլ բացելու ու տեսել ենք՝ դրանցից երկուսով անդունդն ենք գլորվում, իսկ երրորդով նեղ արահետով կարողանում ենք հաղթահարել խնդիրը: Ի՞նչն է մեզ ստիպում անընդհատ բացել այն երկու դռները, որոնք մեզ տանում են անդունդը: Պատասխանը, թերեւս, պարզ է՝ չիմացությունը, որ նախկինում արդեն բացել ենք դրանք:

Լուսանկարը` «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ

Շատերը պատմությունը դիտարկում են տարեթվեր ու անուններ անգիր անելու, գլխացավանք առաջացնող մի նյութ, մինչդեռ պատմությունը մեզ սովորեցնում է անցյալը հասկանալով ըմբռնել ներկան ու կանխատեսել ապագան: Եթե մենք խոսում ենք արտաքին քաղաքական խնդիրներից, ի՞նչն է մեզ  խանգարում սառնասրտորեն վերլուծել վերջին 100 տարվա մեր արտաքին քաղաքականության բոլոր խնդիրները տարածաշրջանային խաղացողների հետ ունեցած հարաբերությունների օրինակով ու դրա համեմատականներում տեսնել հաջորդող շրջանի իրողությունները:

 

Ցավոք, այսօր չունենք կայացած միջգիտակարգային վերլուծական կենտրոններ, որտեղ միասին կնստեն պատմաբանը, տնտեսագետը, միջազգայնագետը, քաղաքագետը, իրավաբանն ու կփորձեն պետության մարտահրավերները դիտարկել  համեմատական զուգահեռներով՝ վիզուալիզացնելով իրավիճակները: Օրինակ՝ պատմաբանն ասում է, որ իրավիճակ առաջինում մենք ունեցել ենք այսպիսի հնարավորություններ, իրականացրել ենք սա, տնտեսագետը հաշվարկում է պետության օգուտները, միզագայնագետը համաշխարհային պատմությունից դիտարկում է միջազգային գործոնները, հետո միասին ստանում են պատասխան ու ամփոփ ներկայացնում առաջնորդներին՝ ինչ քայլերի տարբերակներ կան, որում ինչ ենք շահում, ինչ ռեսուրսներ եւ զոհողություններ են պետք: Արդյոք դժվա՞ր կլինի այս պարագայում ճիշտ ընտրություն կատարելը:

 

Էլիտայի ձեւավորման գործընթացի արագացում

 

428 թվականին մենք կարծեցինք, որ եթե Արշակունիների վերջին թագավորը վատն է, ուրեմն Արշակունիների արքայատոհմը պետք է վերանա, ու դիմեցինք Սասանյան Պարսկաստանին՝ ասելով, թե եկեք մեզ ազատեք։ Եթե հեծանիվը վատն է, այն չպետք է դեն նետենք, այլ փորձենք վերանորոգել․ ո՞րն է երաշխիքը, որ նոր հեծանիվը լավն է լինելու։ Այս մոտեցումը մեզ ստիպում է մտածել, որ յուրաքանչյուր նորը նոր ապագա է բերելու, բայց երբ լույսը բացվում է, մենք հասկանում ենք, որ չէինք լուծել այդ նոր ապագան ապահովողների հարցը, մենք չէինք աշխատել այդ առաջնորդներին ունենալու ուղղությամբ։

 

Առաջնորդներ պատրաստելու համար մենք պետք է կենտրոնանանք հատկապես երեք ուղղությամբ՝ էլիտայի, բանակի եւ տնտեսության։ Եթե վերցնեք մեր պատմության ցանկացած շրջափուլ, որտեղ անկախ պետականության կորուստ ենք ունեցել, փորձել ենք վերականգնել, բայց չենք կարողացել, կտեսնեք, որ մեր հակառակորդները փորձել են միշտ այս երեք ուղղությունների ներկայացուցիչներից ազատվել։ Արդյունքում, այս ներկայացուցիչների վերստին ձեւավորման գործընթացի դանդաղեցումը բերել է նրան, որ հանրությանը համախմբող ներուժ չենք ունեցել։ Հիմա, եթե մենք սա գիտակցում ենք, ուրեմն պետք է այս երեք բաղադրիչների պատրաստման գործընթացն արագացնենք։ «Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամը երիտասարդներին ուղղված ծրագրերով փորձում է իր համեստ ներդրում  ունենալ այս գործում։

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին