STARMUS-ը հասարակությունից «չի թաքցնի» Հայաստան եկած հյուրերին - Mediamax.am

3087 դիտում

STARMUS-ը հասարակությունից «չի թաքցնի» Հայաստան եկած հյուրերին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն այսօր հայտնել է սեպտեմբերին Հայաստանում կայանալիք STARMUS VI գիտական փառատոնի հեղինակավոր հյուրերից ոմանց անունները։

Միջոցառումներին մասնակցելու են հինգ տասնյակից ավել աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ եւ տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ:

 

Գարիկ Իսրայելյանն ասել է, որ Հայաստան կայցելեն քիմիկոս Թիմ Հանտը, տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը, երաժիշտներից՝ Սերժ Թանգյանը, Sons of Apollo խումբը, Ռիք Վեյքմանը եւ այլոք։

 

«Շատերն են հետաքրքրված փառատոնով եւ հաստատել են իրենց մասնակցությունը, բայց նրանց անունները կհայտարարենք ավելի ուշ»,- ասել է Գարիկ Իսրայելյանը։

 

 

Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երեւանից դուրս՝ մարզային կառույցներում։

 

«STARMUS VI-ի համար ձեւակերպվել են շատ կոնկրետ խնդիրներ՝ կազմակերպվելու են դպրոցականների, ուսանողների հանդիպումներ Նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, ինժեներների, նորարարների, գիտական համայնքի հետ։ Նրանց հետ փորձելու ենք ընդհանուր եզրեր գտնել համագործակցությունների համար։ Չենք «թաքցնելու» մեր հյուրերին ժողովրդից կամ գիտնականներից»,- ասել է նա։

Գարիկ Իսրայելյանը նաեւ նշել է, որ վերջին 30 տարում Հայաստանում քիչ քայլեր են արվել գիտության մասսայականացման, գիտությունը հասարակությանը հասցնելու ուղղությամբ եւ STARMUS փառատոնը Հայաստան բերելն այս ուղղությամբ մեծ քայլ է։

«STARMUS-ը լավ հարթակ կլինի համագործակցության համար, մենք բաց ենք բոլորի առաջ, ովքեր կուզեն համագործակցել մեզ հետ»,- ասել է փառատոնի համահիմնադիրը։

 

Գարիկ Իսրայելյանն ասել է, որ STARMUS VI-ի շրջանակներում անցկացվող դասախոսությունները կմեկնարկեն կեսօրից հետո՝ հնարավորություն տալով մասնակիցներին ավարտելու գործերն ու վայելելու համաշխարհային առաջադեմ մտքի ներկայացուցիչների կողմից ներկայացվող գերժամանակակից թեմաները եւ արտիստների ելույթները։

 

«Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար եւ համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը դիրքավորելու որպես գիտության երկիր։ Մենք պետք է անենք հնարավորը՝ այս նպատակին հասնելու համար»,- հավելել է Գարիկ Իսրայելյանը։

 

Հայաստանում STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնը կանցկացվի «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված կլինի Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին