Երեւանում բջջի ուսումնասիրության «երկրորդ շնչառությունը» կբացվի - Mediamax.am

exclusive
22830 դիտում

Երեւանում բջջի ուսումնասիրության «երկրորդ շնչառությունը» կբացվի


Լուսանկարը` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Լուսանկարը` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Լուսանկարը` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Արսեն Առաքելյանը
Արսեն Առաքելյանը

Լուսանկարը` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Լուսանկարը` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Լուսանկարը` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Լուսանկարը` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ


Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը աշխարհի 15 երկրների շարքում է, որոնք ընդգրկվել են գիտահետազոտական սարքավորումների տրամադրման՝ Seeding Labs կազմակերպության 2017թ.-ի Instrumental Access ծրագրում:

 

Գիտական հետազոտությունները եւ կրթական բաղադրիչը միաժամանակ կարեւորող մրցույթին 24 երկրներից 65 դիմումատու է մասնակցել: Հայաստանից մրցույթին հայտ է ուղարկվել առաջին անգամ:

 

«Մեր ինստիտուտը զբաղվում է կենսաբժշկության հետազոտություններով եւ մեծ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերին: Հայտի նպատակը բջջային կենսաբանության ոլորտի հետազոտությունների համար ավելի լավ նյութատեխնիկական բազայի ստեղծումն է ու կենսաքիմիայի եւ բջջային կենսաբանության կրթական պրակտիկ մասն ուժեղացնելը: Եթե գենետիկայի առումով մեր հետազոտական բազան բավականաչափ լավն է, բարձր մակարդակի հետազոտություններ անելու եւ նորմալ կրթություն տալու հնարավորությունը կա, ապա բջջային կենսաբանության մասը մեզ մոտ մի փոքր կաղում էր»,- Մեդիամաքսին ասել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Արսեն Առաքելյանը Արսեն Առաքելյանը

Լուսանկարը` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Ինստիտուտը ստանալու է մոտ $‌200 հազ.-ին համարժեք սարքավորումներ: Դրանց շնորհիվ եւս մեկ մակարդակով կբարձրանա բջջի ուսումնասիրությունը:  Հիմնական սարքավորումները, որոնք նախատեսում ենք ձեռք բերել, ուղղված են բարելավելու բջջային կենսաբանության եւ իմունաբանության, բջջային կուլտուրաների հետ կապված հետազոտական աշխատանքների որակը:

 

Ինստիտուտը պլանավորում է ձեռք բերել հոսքային ցիտոֆոտոմետր, ֆլուորեսցենտ միկրոսկոպ, գեների էլեկտրոպորացիայի համակարգեր, իրական ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիայի տերմոցիկլեր, ռադիոիզոտոպային հաշվիչ եւ մեծ քանակով փոքր լաբորատոր սարքավորումներ ու պարագաներ:

 

Հոսքային ցիտոֆոտոմետրը թույլ է տալիս ուսումնասիրել բջջում տարբեր կենսամոլեկուլների արտադրության մակարդակները, տարբերակել բջիջների պոպուլյացիաները, ուսումնասիրել իմունային պատասխանի առանձնահատկությունները: Ֆլուորեսցենտ միկրոսկոպը կիրառվելու է տարբեր գործոնների եւ կենսաբանական ակտիվ նյութերի ազդեցությամբ ԴՆԹ վնասվածքների, ինչպես նաեւ վիրուսների` բջիջ ներթափանցման մեխանիզմների ուսումնասիրության համար: Գեների էլեկտրոպորացիայի համակարգերը կօգտագործվեն գենային ինժեներիայի հետազոտություններում: Իրական ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիայի տերմոցիկլերը թույլ կտա հետազոտել տարբեր բջիջներում գեների էքսպրեսիայի առանձնահատկությունները, իսկ ռադիոիզոտոպային հաշվիչը կօգտագործվի բջջում ազդանշանի փոխանցման կենսաքիմիական հիմունքներն ուսումնասիրելու համար:

 

Ինստիտուտը մոտ 15 մլն դրամի համաֆինանսավորում է ստացել ԳԱԱ նախագահությունից, այս գումարով կիրականացվեն տեղափոխման համար անհրաժեշտ աշխատանքները: Սարքավորումների տրամադրման գործընթացն արդեն սկսվել է, նախատեսվում է, որ դրանք ԱՄՆ-ից Հայաստան կհասնեն տարեվերջին:

Լուսանկարը` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Instrumental Access-ը բարձրորակ լաբորատոր սարքավորումների մատչելիություն է ապահովում զարգացող երկրների բուհերի եւ գիտահետազոտական հաստատությունների համար: Այն Seeding Labs շահույթ չհետապնդող ամերիկյան կազմակերպության առաջնային ծրագիրն է, որի նպատակն է արագացնել աշխարհի առավել արդիական խնդիրների լուծումները՝ խթանելով գիտական ներուժը զարգացող աշխարհում: Մինչ օրս Seeding Labs կազմակերպությունը աշխարհի 27 երկրների 47 հաստատություններ է առաքել 137 տոննա արժեքավոր գիտական սարքավորումներ: 2017 թվականի դրամաշնորհառուների գիտական ուղղությունները ներառում են կենսաբանական գիտություններ, քիմիա, քիմիական ճարտարագիտություն, նանոտեխնոլոգիաներ, գիտության կրթություն եւ մանկավարժություն:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին