Գիտական «վիճակախաղի շահումը»` 7 էկզոմոլորակ եւ հավանական կյանք - Mediamax.am

exclusive
13506 դիտում

Գիտական «վիճակախաղի շահումը»` 7 էկզոմոլորակ եւ հավանական կյանք


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA


NASA-ի Spitzer աստղադիտակը որսացել է Արեգակի 8%-ի ծավալով եւ գերսառը թզուկ աստղի շուրջ պտտվող երկրանման 7 էկզոմոլորակ:

 

 

Երկրից 40 լուսատարի հեռավորության վրա (287 տրիլիոն կմ) գտնվող TRAPPIST-1 արտաարեգակնային մոլորակների համակարգի հայտնաբերման մասին աստղագետները հայտնել են փետրվարի 22-ին:

 

«39-40 լուսատարի հեռավորությունը նշանակում է, որ եթե դեպի այդ մոլորակները թռչենք լույսի արագությամբ, ռեակտիվ ինքնաթիռով, ապա կարող ենք հասնել 40 տարում»,- ասուլիսի ժամանակ ասել է աստղագետ Նիկոլ Լյուիսը:

 

«Երկրորդ Երկիր մոլորակի հայտնաբերումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»,- հայտարարել է NASA-ի գիտական առաքելությունների տնօրինության տեղակալ Թոմաս Ցուրբյուխենը:

Լուսանկարը` NASA

Աստղագետները հայտնել են, որ մոլորակներից 3-ը կյանքի համար նպաստավոր գոտում են եւ դրանցում կյանքի առկայության հավանականությունը մինչ օրս հայտնի համակարգերից ամենաբարձրն է:

 

http://68.media.tumblr.com/2a2554df57903a3c093df0933f73ace6/tumblr_inline_olsef1WfLr1tzhl5u_500.gif

 

TRAPPIST-1-ի Էկզոմոլորակներն իրար շատ մոտ են պտտվում եւ պտույտի ժամանակ ազդում են միմյանց վրա: Այս մոլորակների միջեւ հեռավորությունն այնպիսին է, որ եթե մարդը կանգնած լիներ դրանցից մեկի վրա, ապա կարող էր տեսնել հարեւան մոլորակի երկրաբանական առանձնահատկությունները, օրինակ` ամպերը:

Լուսանկարը` NASA

Այս բոլոր մոլորակները շատ ավելի մոտ են իրենց համակարգի աստղին, քան Մերկուրին Արեգակին:

 

http://68.media.tumblr.com/90d9a81118f335e824f80f4c870fab1e/tumblr_inline_olseihysv41tzhl5u_500.gif

 

Դրանք, ի տարբերություն Երկրի, չեն պտտվում իրենց առանցքի շուրջը. պտույտները կատարվում են Լուսնի նմանությամբ, այսինքն` մի կողմում միշտ ցերեկ է, մյուսում` գիշեր: Դրանցից մի քանիսում ջերմաստիճանը մոտ է Երկրի ջերմաստիճանին:

Լուսանկարը` NASA

Վերլուծելով Spitzer աստղադիտակի գրանցած տվյալները, գիտնականները պարզել են էկզոմոլորակների ծավալները: Աստղագետները Արեգակը համեմատել են բասկետբոլի գնդակի, իսկ TRAPPIST-1 աստղը` գոլֆի գնդակի հետ:  

Լուսանկարը` NASA

Հիմնվելով էկզոմոլորակների խտության վրա, գիտնականները կարծիք են հայտնել, որ ամենայն հավանականությամբ, դրանք քարքարոտ են: Հետագա դիտարկումները ոչ միայն կօգնեն որոշել, թե արդյո՞ք դրանք հարուստ են ջրով, այլեւ կպարզեն` հեղուկ վիճակում ջրի առկայությունը դրանց մակերեսին:

 

 

Այս համակարգի մյուս առանձնահատկությունն այն է, որ թեեւ մոլորակները շատ մոտ են գտնվում թզուկ աստղին, սակայն այն բնորոշվում է որպես գերսառը, ինչը կարող է թույլ տալ, որ մոլորակների մակերեւույթի հեղուկ ջուրը պահպանվի նույնիսկ այդքան մոտ լինելու պարագայում:

 

http://68.media.tumblr.com/def0efd4b9d1674c87c057140af640dd/tumblr_inline_olqwobyYrf1tzhl5u_500.gif

 

TRAPPIST-1 արտաարեգակնային մոլորակների համակարգը գիտնականներին հրաշալի հնարավորություն է հետագա տասնամյակում Երկրի չափերով մոլորակների  ուսումնասիրությունները շարունակելու համար:

 

Այս բացահայտումն արդեն համեմատվում է վիճակախաղով շահումի հետ, որը նոր հնարավորություններ է տալիս այլմոլորակային կյանք փնտրող աստղագետներին:  Կյանքի առկայության նշանների հնարավորությունը պարզելու համար առավել բարդ եւ ճշգրիտ հետազոտություններ հնարավոր կլինի անել NASA-ի James Webb աստղադիտակով, որը կգործարկվի 2018թ.-ին:  

Լուսանկարը` NASA

Մեդիամաքսը Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանին խնդրել է մեկնաբանել NASA-ի այս բացահայտումը գիտական ուսումնասիրությունների հետագա զարգացման տեսանկյունից:

 

Արեգ Միքայելյանը նկատել է, որ արդեն 20 տարուց ավելի է, ինչ աստղագետները հայտնաբերել են արտաարեգակնային մոլորակներ։ Նրա խոսքով` դրանց թվի կտրուկ աճն ավելի ու ավելի հույսեր է ներշնչում, որ կարող են հանդիպել նաեւ կյանքի համար նպաստավոր պայմաններ ունեցող մոլորակներ։

 

«Առաջին մոտավորությամբ մենք փնտրում ենք երկրանման մոլորակներ, քանի որ առայժմ մեզ հայտնի կյանքի միակ տեսակը հենց մեր երկրայինն է։ Հայտնաբերված մոլորակների մեջ երկրանմանները համեմատաբար քիչ են, քանի որ հսկա մոլորակների հայտնաբերման հնարավորություններն ավելի մեծ են։ Ավելին, մեծ հեռավորությունների պատճառով մենք դեռեւս ի վիճակի չենք իրականում «տեսնել» գոյություն ունեցող կյանքը, սակայն որոշ նշաններ կարող են վկայել դրա մասին»,- ասել է նա:

 

Էկզոմոլորակների առաջին գիտական բացահայտումը եղել է 1988թ.-ին, իսկ 1992թ.-ին` առաջին հաստատված հայտնաբերումը: Այդ օրվանից մինչեւ 2017թ.-ի փետրվարի 22-ը հայտնի է 2 688 մոլորակային համակարգում 3 583 էկզոմոլորակների մասին: Ընդհանուր Ծիր Կաթինում հաշվվում է 100 միլիարդ էկզոմոլորակ, որոնցից 5-20 միլիարդը, հնարավոր է, երկրանման են:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին