Սուրբ Սարգսի տոնը Սասնա լեռներում ապրեցնողները - Mediamax.am

exclusive
6563 դիտում

Սուրբ Սարգսի տոնը Սասնա լեռներում ապրեցնողները


Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի


Սոֆիա Հակոբյանի հեղինակած «Թաքնված Սասուն» հատուկ նախագիծը ներկայացնում է պատմական Սասունի լեռներում Ցեղասպանությունից հետո ապրել շարունակած արաբախոս հայերին՝ քննելով նրանց անցած ճանապարհն ու շատերի աչքից հեռու կազմակերպած յուրահատուկ դիմադրությունը 1915-ից մինչ այսօր։

 

«Եղածը եղավ»...

 

Ֆերիդե, 70 տարեկան, Սասուն

 

Ինձ փոքր տարիքում են ամուսնացրել, հստակ չգիտեմ, թե քանի տարեկան էի, փոքր էի։ Ունեմ յոթ աղջիկ, երեք տղա։ Միայն մեկ տղաս ու երկու աղջիկներս դեռ ամուսնացած չեն։ Իրենք Ստամբուլում են, փոքր տղաս իր երեխաների հետ մեր կողքին են, գյուղում են։ Իմ մեծ աղջկաս էլ որ ամուսնացրինք՝ երեխաների հետ խաղում էր, փոքր էր։ Դու Հայաստանում Աշնակ գնացե՞լ ես, գիտե՞ս, իմ հորեղբոր տղան այնտեղ է ապրում, իմ եղբայրն է։ Հորս ընտանիքը երեք եղբայր են եղել, երբ տեղի ունեցավ Ցեղասպանությունը՝  իրենց (հայաստանցի ազգականների) հայրը գնաց Հայաստան, երկուսը մնացին Սասունում։ Մի ընտանիքը Հայաստանում, մեկը Ստամբուլում, մեկն էլ դեռ այստեղ, մեր գյուղում են ապրում։ Այսինքն՝ Խարվեռում։ Ես էլ այստեղ հարս եկա։ Խարվեռը ներքեւն է, դպրոցի թաղամասը։ Եկեղեցի չկա, Սուրբ Գեւորգ ու Սուրբ Հակոբ եկեղեցիները կան, սակայն քահանա չկա։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Հա, մենք նշում ենք Սուրբ Սարգիսը, անպայման, փոխինդ են պատրաստում, վերցնում դնում դռան մոտ։ Յոթ բաղադրիչ են օգտագործում, կարմրացնում են, տանում են ալրաղաց, լոբին, ցորենը, գըլգըլը, եգիպտացորենը... Հա, ծոմը պահում ենք, երեք օր։ Հետո մատաղ են անում, բերում, բոլորը հավաքվում են իրար գլխի եւ միասին ուտում։

 

(Պզտիկ կարգեցին ընձի,  չըմ գինա քանի տարեկան, պզտիկ իշթե։ Ընձի յոթ աղջիկ, իրեք տղա կա։ Մինագ մի տղան լը էրկու աղջիկ բեքյար ին։ Ուրանք Իստանբոլ ին, պզտիկ տղան լը ուր ճժեր մըր քովն ին, քիղն են։ Ըմ մենձ աղջիկ լը օր կարգեցինք՝ ճժերու հետ կխաղար, պզտիկ։ 

 

Դուն Հայաստան Աշնակ գացե՞ր իս, գինա՞ս, ըմ հորողբոր տղա հոդա կնստի, ըմ ախպերն ի։ Ըմ բաբոն իրեք ախպեր ին, հայերու Ֆարման օր էղավ՝ ուրանց բաբ գնաց Հայաստան, էրգուս մացին Սասուն։ Մեկ Հայաստան, մեկ Իստանբոլ, մեկ հալա հոդանա, մըր քիղը կնստին։ Յանի Խարվեռ։ Յիս լը  հոդա հարս էգա։ Խարվեռ վարն է, օքուլի թաղ։ Քիլիսա չիկյա, Սուրբ Գեւորգ լը Սուրբ Հակոբ կան, ամա փափազ չիկյա։ 

 

Հա, Սուրբ Սարգիս լը կենինք, հալբաթ, փոխինդը կենին, կառնեն կդնին վըր դռնան։ Յոթ մալզեմե կդնին, կկարմրցուն, կտանին դեյիրմեն, ֆասուլյան, ցորեն, գըլգիլ, մըսըր... Հա, պաս կպահինք, իրեք օր։ Վերջը մատաղ կենին, կբերին, ըմենը կժողվին իրար գլուխ կուտին իշթե)։

 

(Շարունակում է թուրքերեն) Նոր տարին հին տոմարով է նշվում, երեխաները հավաքվում, դիմակահանդես են կազմակերպում, բայց հին ժամանակներում ավելի ճոխ էր։ Սուրբ Ծնունդին թոնրի մեջ միս, հարիսա, ընկույզով հաց է պատրաստվում։ Խորիզով հացն էլ կա։ Չյորեքը հովիվների հաց է, պարկի մեջ դնում, իրենց հետ տանում էին սարեր։ Հիմա գարուն է, լեռները առատ բանջար, գնում սինձ ու ավելուկը հավաքում բերում էինք, հյուսում գեղեցիկ կախում։ Բայց աշնանը որ գաս՝ քաղցր սուջուխի պատրաստումը կտեսնես։ Խաղողը ոտքով ճզմում, երեք օր թողնում են։ Վրան բայց մոխիր են շաղ տալիս։ Հետո օշարակը եփում են, խառնում խառնում, նույն ձեւ փեսթիհն ենք անում (թթու լավաշ), փռում արեւին։  

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Հին ժամանակներում Մարաթուկի ուխտավորները 4 օր 4 գիշեր վրաններում էին մնում, պարում երգում։ 4 օր։ Բոլորն այնտեղ էին, բոլորը։ Տեքորս կինը ոտաբոբիկ էր բարձրանում Մարաթուկի վանքը։ Էդպես է ուխտ է, սուրբ է։ Այն ժամանակ մոմ առնել չկար, պատրաստում էինք տունը, ամբողջ գիշեր։ Հիմա էլ ուխտի գնում են, բայց առաջվա պես շատ չեն։ Քառսուն մանուկ եկեղեցին էլ էին ուխտի գնում, հետո Մըջգեղի եկեղեցին էլ... Կան, էլի կան։ Հիմա մարդ չմնաց։ Հռութ, Փշուտ, Գետեր, Վարդնոց, բոլորը հայ էին։ Կրոնափոխների մեծ մասն էլ զղջում են, ասեմ քեզ, դու էդպես մի նայի։ Բայց եղածը եղավ։

 

Մանկություն՝ Սասունի քարանձավներում

 

Գրիգոր, 33 տարեկան, Ստամբուլ

 

1986 թվականին Սասունի Կուսգետ գյուղում եմ ծնվել: Մենք ընտանիքում 7 երեխա ենք՝ 5 տղա, 2 աղջիկ: Գյուղում հիշում եմ, որ հայրս գնում, ժայռի տակը փորում էր, խոտ փռում, երեկոյան այնտեղ քարանձավում էինք քնում, հետո առավոտը՝ էլի իջնում գյուղ: Քրդական շարժման ակտիվացման տարիներն էին։ Գյուղ իջնելուց ճանապարհին սպանված քուրդ պարտիզանների դիերն էինք հաճախ տեսնում: 

 

Մայրս ու հայրս զենքով հերթով պահակ էին կանգնում գիշերը քարանձավի մոտ: Գյուղերում ահաբեկչության ակտիվացման պատճառով թողեցինք, եկանք քաղաք: Եկանք Ստամբուլ, Սահակյան-Նունյան վարժարան տարան ինձ՝ Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ:

 

7 տարեկան էի, երբ եկանք, բայց գյուղի կյանքը, մեր առօրյան, ամեն ինչ շատ լավ եմ հիշում: Սասունում, իհարկե, այն ժամանակ ոչ դպրոց, ոչ բժիշկ կար՝ ոչինչ չկար: Փոքր ժամանակ չար երեխա էի։ Մի անգամ կտուրից գլորվեցի, ընկա։ Մերոնք մտածում էին՝ մահացել եմ: Վերջը, հասկացող մեկն է գալիս, սիրտս լսում, ասում է․ «Չի մեռել, ուշագնաց է եղել»: Մի անգամ էլ ոչխարներին արածեցնելիս մի ոչխար սայթաքում է լեռներում, քարը ոտքի տակից գլորվում է, ինձ էլ հետը քաշում, գլորում է մինչեւ ձորը: Մի կերպ փրկվեցի։ Ոտքս վնասվել էր։ Հայրս սնխչու մոտ տարավ ինձ։ Ոչխարին բռնեց, մորթեց, կաշիով ոտքս կապեցին:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Հիշում եմ, որ մեկը, որ հիվանդանում էր, հայրս կամ լուսահոգի պապիկս մեջքի վրա քարշ էին տալիս կիլոմետրերով սնխչու մոտ։ Երեխաներից մեկի ականջը, որ ցավում էր, մայրս իր կրծքի կաթն էր կաթացնում ականջի մեջ: Մեր դեղերը բնական էին։ Ինչ լիներ՝ մեղր էինք ուտում։ Պապս մեղվապահ էր, մեղուների փեթակներ ուներ: Կանայք «շարան» էին պատրաստում, կախում, այսինքն՝ քաղցր սուջուխ։ Նույն խաղողի օշարակից «փեսթիհ» էին փռում, չորացնում. ամենահամով բանն է։ Աղթան էին եփում, «քյալլա փաչա» էին եփում: Շատ վաղուց չեմ գնացել մեր գյուղ: Տատս ու պապս մինչեւ վերջերս գնում էին։ Հող ունենք էնտեղ։ Գնում, մշակում էին մինչեւ պապիս մահը:

 

Նրանք տառապեցին, որ մենք ապրենք

 

Պապիկս, տատիկս պատմում էին, որ ջարդերի ժամանակ հայ կանանց ու երեխաներին փախցնում, բռնաբարում էին առանց տարիքին նայելու: Այդ շրջանի պատմությունը լավ չգիտեմ: Մերոնց 1930-ականներին արտաքսել են Սասունից։ Գյուղերը դատարկում էին, բայց որ թվին՝ հստակ չգիտեմ: Տատիկիս, պապիկիս պատմածի չափով ինչքան որ հիշում եմ… Այն ժամանակ էլ քրդական ապստամբություններն էին։ Զինվորականները գալիս էին գյուղ։ Ոչ ոք վախից տանից դուրս չէր գալիս։ Մերոնք լեզուն չգիտեն, զինվորի հետ խոսելիս արաբերեն են խոսում, ոչ ոք չի հասկանում, չեն կարողանում ոչինչ բացատրել։ Սրանք ասում են․ «Դուք է՞լ եք ահաբեկիչ»: Գյուղում ոչ ոք թուրքերեն չգիտեր։ Մարդիկ ինչ-որ բան էին ասում, զինվորն ասում էր. «Էդ դու հայհոյո՞ւմ ես ինձ»։ Ու ծեծում էին մարդկանց:

 

Միայն տատիկս էր, որ հետագայում թուրքերեն սովորեց, այն էլ՝ աքսորավայրում՝ Քյութահիայում։ Հետո Ստամբուլ էլ էր սկսել գնալ-գալ, թուրքերեն կարողանում էր խոսել, զինվորների հետ լեզու գտնել: 

 

Էդպես բոլորին աքսորում, մերոնց էլ տանում են Քյութահյա։ Չորս-հինգ տարվա չափ այնտեղ են մնում՝ աքսորված։ Հետո պետությունը տեսնում է, որ հայերը գնացին՝ հող մշակող չկա, ոչինչ չկա, նորից հետ կանչեցին մեզ: Էլի մեր գյուղն են գալիս, նույն տեղը՝ Կուսգետ: Պետությունը կանչեց, վերադարձողը վերադարձավ, չվերադարձողները ցրվեցին կամ այլ քաղաքներով, կամ այլ երկրներ: Մեկ-մեկ մտածում եմ՝ մեր մեծերն ինչեր-ինչեր են վերապրել։ Նրանք տառապեցին, որ մենք ապրենք:

 

Գրի առավ Սոֆիա Հակոբյանը

 

***

 

Ազգային տոները, սովորույթներն ու կենցաղը

 

Սասունի լեռներում արաբական/արաբախոս ցեղախմբերի ազդեցության տակ մնացած հայերը սովորաբար մշակել են գյուղի աղաների հողերը։ Հետագա շրջանում քանականպես շատանալով՝ հաջողացրել ստեղծել իրենց տնտեսությունը, սակայն «դե ֆակտո» մնալով տեղի մուսուլման աղաների վերահսկողության տակ՝ նույնիսկ եթե հողը «դե յուրե» պատկանում էր հային։ 

 

Ինչպես եւ մինչ ցեղասպանությունը, դրանից հետո էլ սասունցիների հիմնական եկամտի աղբյուրը մնաց անասնապահությունը․ տան երեխաները 7-8 տարեկանից ընտելացվել են հովվության, նաեւ՝ բեռնակրության։ Արաբախոս հայերը հիմնականում զբաղեցրել են Սասունի Խաբլջոզի կողմից Մարաթուկ լեռան «Օթնակ» յայլան (հովիտը), ինչպես նաեւ Սասունի Խութի, Մոտկանի եւ Փսանքի բարձրադիր մի շարք յայլաներ՝ կրկին հիմնականում Մարութա սարի փեշերին։ 

 

Իսլամացված ու ծպտյալ-քրիստոնյա սասունցիների շրջանում, հասկանալի պատճառներով, ցեղասպանությունից հետո վերացան գինեգործության ավանդույթները, սակայն մինչ օրս անխախտ շարունակվում են հարեւան գավառներում մեծ հռչակ վայելող Սասունի քաղցր սուջուխի (Սասունի բարբառով՝ շարան), ինչպես նաեւ բոլոր ավանդական ճաշատեսակների ու թոնրի հացի տեսակների պատրաստման ու կաթնամթերքի մշակման ավանդույթները։ 

 

Արաբախոս հայերը շարունակել են նաեւ զբաղվել մեղվապահությամբ, թեեւ վերջին 20 տարում գյուղական բնակչության խիստ նվազման հետ կապված վերջինս այլեւս նախկինի պես շահութաբեր եկամտի աղբյուր չի ընկալվում։

 

Սասունի հայերի ընտանիքները բավականին բազմամարդ են, ամեն ընտանիքում եղել է միջինում 7-8 երեխա, որոշ մայրեր ունեցել են 15 եւ ավելի երեխա։ Ամուսնության շեմը աղջիկների համար տատանվում էր 10-14-ի միջեւ, տղաների դեպքում՝ 14-18։ Այսօր, իհարկե, իրավիճակը փոխվել է․ իսլամացված հայերի շրջանում նկատում ենք ամուսնություններ 17-25, երբեմն էլ մինչեւ 30 տարեկանի սահմանում, քրիստոնյաների մոտ՝ 23-35։ Մեծ քաղաքներում բնակվող ընտանիքներն այլեւս ունենում են միջինում 2, առավելագույնը՝ 3 երեխա։

 

Գյուղերում արաբախոս հայերի հագուստը, հատկապես կանանց դեպքում, էապես տարբերվում է հարեւան քրդերից ու արաբներից։ Սասունում թե՛ կրոնափոխ, թե՛ քրիստոնյա կանայք, ինչպես եւ հնում, գունավոր լաչակ են կապում՝ ծածկելով միայն մազերը, բայց ոչ երբեք ուսերը, վիզը կամ դունչը, ինչպես ընդունված է մուսուլմանների մոտ։ Ի տարբերություն քրդերի ու արաբների, որոնց շրջանում կինը որոշակի տարիքից հետո միայն ճերմակ շալ է կապում եւ հրաժարվում ծաղկավոր գլխաշորից, սասունցի հայ կանայք երբեւէ ճերմակ շալ չեն գործածում։ Ավելին՝ նույնիսկ այրիանալու դեպքում շարունակում են ծաղկվոր լաչակ կրել՝ նշելով, որ, ըստ իրենց նախնիների, վատ էներգիան հագուստի միջոցով փոխանցվելու հատկություն ունի։ 

 

Այժմ արդեն մեծ քաղաքներում՝ Ստամբուլում, Բաթմանում, Դիարբեքիրում կամ Մուշում նկատում ենք կրոնափոխ հայ ընտանիքների կանանց դասական մուսուլմանական գլխաշորով՝ փակ վզով։ Սա կապված է նրա հետ, որ գյուղերում, լինելով ազգականների շրջապատում՝ կանայք ավելի հանգիստ են, իսկ մեծ քաղաքներում ավանդապաշտները ընդունելի չեն համարում օտարների մոտ չծածկվելը։ Բացի այդ, շատ հայեր նման կերպ փորձում են չտարբերվել ամբոխից ու ուշադրություն չգրավել։ 

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Կարեւոր է ընդգծել, որ արաբախոս հայերը, լինելով բավականին ավանդապաշտ համայնք, տասնամյակներ շարունակ անխախտ պահել են նախնիներից մնացած ավանդույթները, ազգային ու կրոնական տոները։ 

 

Արաբախոսների գյուղերում մեծ շուքով շարունակել են նշել Սուրբ Ծնունդը, Սուրբ Սարգսի ու Սուրբ Հարության տոները։ Ավելին՝ այս հայերի գերակշիռ մասը խստորեն պահել է Զատկի պահքը՝ հատուկ ուտեստներ պատրաստելով այդ ընթացքում, իսկ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ 3 օր ծոմ են պահել, մեկ օր առաջ աղի բլիթ թխել ու պատրաստել ավանդական փոխինդը։ Մեծ շուքով է նշվել նաեւ հին տոմարով Ամանորը, որի ժամանակ ընդունված է եղել հատուկ դիմակահանդես կազմակերպել։

 

Սասունում շատ տարածված ուխտագնացությունների ավանդույթը շարունակվել է նաեւ ցեղասպանությունից հետո։ Սասունցիների համար ամենակարեւոր՝ Մարութա Սուրբ Աստվածածին վանքի ուխտն ու դրան նվիրված մատաղը մինչ օրս կատարում են թե՛ իսլամացված, թե քրիստոնյա արաբախոս հայերը։ Կրոնափոխ հայերից շատերը նույնպես ամեն տարվա հուլիսի վերջին կիրակին ուխտագնացություն են կատարում գագաթ՝ մոմեր վառելով վանքի ավերակներում, որոնք շարունակում են սուրբ համարել։ 

 

Բացի Մարաթուկից կան բազմաթիվ այլ ուխտատեղիներ, վանքերի ու եկեղեցիների ավերակներ, խաչքարեր, ինչպես նաեւ ժողովրդի կողմից սրբացված աղբյուրներ, որտեղ սիրում են հատուկ օրերի հավաքվել ու մատաղ անել սասունցիները նաեւ մեր օրերում։ 

 

Ուխտագնացություններն մշտապես ուղեկցվել են ավանդական երգուպարով։ Այստեղ պետք է շեշտել, որ Սասունի «արաբական» հատվածում մնացած կրոնափոխ ու ծպտյալ-քրիստոնյա հայերը բավականին լավ են պահել մշակութային հիշողությունը․ թե՛ հայերեն ժողովրդական երգերը, թե՛ ազգային պարերը շարունակել են ապրել Սասունի լեռներում ցեղասպանությունից հետո երկար տարիներ։ Այսօր 60 տարեկանից բարձր մի քանի ծերեր դեռ տիրապետում են այդ երգերին, իսկ ազգային այնպիսի պարերը, ինչպիսիք են «Յարխուշտան», «Քոչարին», «Գովընդն» ու «Մայրոկեն»՝ մինչ օրս Թուրքիայում ապրող սասունցիների բոլոր հարսանիքների անքակտելի մասն են։

 

Նշենք, որ ցեղասպանությունից հետո արաբախոս սասունցիները, չունենալով հոգեւոր առաջնորնդեր ու հայկական դպրոցներ, իրենց գյուղերում հիմնականում պահել են ավանդույթները սովորության ուժով։ Ցավոք, վերջիններս երկար տասնամյակներ զրկված են եղել մկրտության ու պսակի եկեղեցական ծեսեր անելու հնարավորությունից, հայալեզու կրթությունից ու այլ հայերի հետ շփումից։ 

 

Հաճախ ենք լսում պատմություններ, ըստ որոնց քարերի կամ անգամ թխվող հացի վրա խաչ անող այս հայերը տեղյակ էլ չէին դրա նշանակությունից, այլ պարզապես ընկալել են այն որպես իրենց «տարբերության նշան», որը եկել է նախնիներից։ Նույն սովորության ուժով արաբախոս հայերը որեւէ գործ ձեռնարկելուց առաջ հաճախ օգտագործում են «Աստված Քրիստոս» բառը, թեեւ հաճախ չեն կարող բացատրել, թե ով է Քրիստոսը։ 

 

Հայտնի է, որ երբեմն Սասունի գյուղեր այցելել են հայ քահանաներ Դիարբեքիրից ու Մարդինից, սակայն Սասունի անառիկ դիրքի պատճառով այդ այցելությունները հատուկենտ էին, իսկ 1970-ականներից հետո իսպառ դադարեցին՝ ազգային ու կրոնական ճնշումների սաստկացման պատճառով։ 

 

Քրիստոնյա արաբախոս սասունցիների՝ Կ․Պոլիս խոշոր գաղթից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը բավականին լուրջ աշխատանք է տարել նրանց կրոնական կրթության ու հայերենի ուսուցման բացերը լրացնելու նպատակով։

 

***

 

Կարդացեք նաեւ Սասունցի քահանայի կրոնափոխ թոռնուհու պատմությունը

 

Կարդացեք նաեւ Սասունցի Նուրի. «Այդ տունը մերն է, ձեզ օրհնություն չի բերի»

 

Կարդացեք նաեւ Սասունցի «արաբ» Սինեմի ու «Շեկո տան քրդերի» պատմությունները

 

Կարդացեք նաեւ Մուշում ծնված Տիգրանն եւ քրդերի ասած «Սասոն բե կանոն»-ը 

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին