Սասունցի Նուրի. «Այդ տունը մերն է, ձեզ օրհնություն չի բերի» - Mediamax.am

exclusive
10490 դիտում

Սասունցի Նուրի. «Այդ տունը մերն է, ձեզ օրհնություն չի բերի»


Նուրին
Նուրին

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի


Սոֆիա Հակոբյանի հեղինակած «Թաքնված Սասուն» հատուկ նախագիծը ներկայացնում է պատմական Սասունի լեռներում Ցեղասպանությունից հետո ապրել շարունակած արաբախոս հայերին՝ քննելով նրանց անցած ճանապարհն ու շատերի աչքից հեռու կազմակերպած յուրահատուկ դիմադրությունը 1915-ից մինչ այսօր։

 

«Չունքի հուղ մերունն ա»...

 

Նուրի, 65 տարեկան, Սասուն

 

Մերոնք ընտանիքում 35 հոգի էին, նրանց սպանեցին 1915-ին։ Ողջ են մնացել միայն իմ պապն ու իր հորեղբայրը՝ Ստեփանն ու Պոլոսը։ Նրանք բնակվում էին Գոմքի գյուղամեջում, սակայն երբ տեղի ունեցավ ցեղասպանությունը, վեր կացան, եկան սկզբում Իրիցանքում մնացին 7 տարի... Մինչեւ որ մեծացան, ամուսնացան, եկան այստեղ, այսինքն՝ Փիրշենք։ Արդեն եղավ 70 տարի, որ այստեղ ենք ապրում։

 

(Մերուն, 35 նյուֆուս կաներ մերուն, սպանեցին ուրանց 1915-ին։ Մացեր ին ըմ պապ լը ուր հոպիկ։ Ստեփան լը Պոլոս։ Ուրանք Գոմք մըզրան կնստեին, ֆարման օր էղավ՝ էլան էգան առաջ մացին Իրցանք, 7 տարի․․․ Չուր մեծցան, կարգվան, էգան օդանա, յանի Փուրշենգ, էղավ 70 տարի հա, 70 տարի օդանա կնստինք)։

 

Մեր հողը զավթեցին, նստեցին վրան։ Նրանց ձեռքին է, քրդերի ձեռքին է։ Իհարկե, ես գնացի մեր գյուղը, հա բա ինչպե՞ս։ Ես այդ մարդկանց ասացի, որ ինչ ուտեք-չուտեք՝ ձեզ հալալ չի լինի, ասացի, այդ հողը մերն է, այդ տունը մերն է, եւ ինչ էլ որ անեք՝ ձեզ օրհնություն չի բերի։ Օրհնությունը ամբողջովին մերն է, որովհետեւ հողը մերն է։

 

(Մըր հուղ զավթեցին նստեցին վրան, ուրանց ձեռվին ա, քրդերու ձեռվին ա։ Հալբաթ գացի մըր քիղ, տեսա, հըբը իմալ։ Յիս ըսեցի ուրանց ըդ մարդերուն, ըսեցի, օր ինչ ուտիք չուտիք՝ ձըզի հալալ չի` ըսեցի, իդա հուղ մերունն ա, իդա թավապան մերունն ա, ու ինչ էնիք չենիք ձըզի խեր չերթա։ Խեր թամամ մըզի` ըսեցի։ Չունքի հուղ մերունն ա...)

 

Սասունի որ գյուղում հարսանիք լիներ՝ ես ու հայրս գնում, հայերեն երգում էինք։ Բոլորը մեզ հրավիրում էին։ Իմ լուսահոգի հայրը ինչպիսի՜ հայերեն երգեր էր երգում՝ Նուբարը, Դերիկոն, Մարաթուկի երգը... Դու գիտե՞ս․ «Յիս գացի, հեռուն գացի, Մերեթուն սարին, հանանինա՜, հանանինա...»։ Հայերեն էլ, քրդերեն էլ երգեր գիտեմ։ Արաբերեն էլ գիտեմ։

 

Հայրս ասում էր՝ «Զավա՛կս, մեր ընտանիքը փոքր է, ամուսնացե՛ք, բազմացե՛ք, թո՛ղ շատանանք, այսինքն՝ երեխա՛ ունեցեք։ Հիմա ասեմ-չասեմ՝ է՜ հայրիկ, ասում են, ինչի համար երեխա ունենանք։ Բայց եթե երեխա չլինի՝ ընտանիքը գոյություն չի ունենա։

Նուրին  Նուրին

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Ես ունեմ 3 աղջիկ, 8 տղա։ 14 տարեկանում են ինձ ամուսնացրել, այո-այո՝ 14։ 20 տարեկանում առաջին երեխան ունեցանք։ Այժմ թոռներս բոլորը Ստամբուլում են, ես էլ ձմռանը գնում եմ, հնձին գալիս ենք։ Նրանք հայերեն չգիտեն, ո՛չ, գնացին Ստամբուլ, դարձան թուրք... Այո՛։ Բայց եթե աղջիկս հայ տղա չուզի՝ չեմ տա։ Հա բա ինչպե՞ս, չի՛ լինի։ Պետք է մերոնցից լինի։ Իհարկե, բա ես չիմանա՞մ, թե ում եմ տալիս իմ աղջկան, օտար մեկը լինի՝ վաղը վերցնի դուրս շպրտի՞։

 

Չէ՞ որ դուք չգիտեք մեր գլխին եկածը

 

Իսմայիլ, 48 տարեկան, Ստամբուլ 

 

Ծնվել եմ Սասունի Ք. գյուղում, 6 տարեկանում ընտանիքիս հետ միասին տեղափոխվեցի Մուշ, հետո եկանք Ստամբուլ։ Աղոտ եմ հիշում Սասունը, միայն հիշում եմ, որ սայլով գալիս էինք։ Մուշում շաղգամ ու ելակ էինք մշակում, բայց էնտեղ էլ հեշտ չէր։ 

 

Պապիկիս ու իր երեք եղբայրները փրկվել են ցեղասպանությունից, իրենք ուրիշ գյուղում էին ապրում, փախել եկել են Խան գյուղի արոտավայրերում են մնացել, երկար թափառել, սոված-ծարավ, քարանձավներում թաքնվելով։ Հետո գալիս հասնում են մեր գյուղ, երկար թափառելուց հետո։ Չորս որբեր... Խեղճուկրակ որբեր։ Հիմա այդպես չէ, խեղճությունը հետեւում մնաց, մեր ցեղը հիմա 500 հոգուց ավել է, թող փորձվի մեկը խառնվի։

 

Գյուղի մեծերը բոլորն էլ հայերեն շատ լավ գիտեին։ Մեր արաբերենում էլ այնքան բառ կա, որ հետո եմ հասկացել, որ հայերեն է։ Օրինակ՝ ասում ենք «չիր», «չամիչ», «կարագ», «ընգուզ», ծաղիկին «զաղի» են ասում։ Բոլոր արոտավայրերի, լեռների, գյուղերի անունները հայերեն են։ Մերեթուն, Զովասեր (Ծովասար), Օթնակ, Փզգանք, Մըջքիղ, Քաղքիկ, Կորով, Փշուտ, բոլորը... Քեզ թվում է, թե մարդիկ իրենց գյուղերի նոր թուրքական անունները գիտե՞ն լրիվ։ Բա պարերը... Մըյրոքե, Յարխուշտա, Քոչարի, Գովընդ... Առանց դրանց հարսանիք չկա։ Մերոնք Մուշում պատուհաններն ու դռները կողպում՝ թաքուն տանը հայերեն էին խոսում։

 

Հայրս 93 տարեկան է, ասում է՝ իր երիտասարդության ժամանակ ոչ ոք արաբերեն չէր խոսում, հայերեն էին հաղորդակցվում։ Հիմա նույն հայրս արաբերեն է խոսում, իսկ եթե փորձես հայերեն խոսեցնես՝ «Մոռցեր իմ, լաո»։ Պատասխանը միշտ դա է։ Փոքր եղբայրս շատ է բարկանում, ասում է, թե մեծերի մեղքով է, որ մենք լավ չսովորեցինք մեր լեզուն, բայց ես չեմ կարողանում մեղադրել, ինձ թվում է՝ չեն խոսել, որ գլխներիս մի բան չգա։ Էս երիտասարդ սերունդը ավելի ըմբոստ է, քննադատում են, աքլորանում։

 

Օրինակ՝ Կ. գյուղում հարձակումներ էին եղել, հայերի հետ էլի բախումներ են տեղի ունենում ու մի մասը գյուղից փախնում է, մյուսները՝ մնում։ Այդ դեպքերից հետո գյուղում մնացածները հայերեն այլեւս չէին խոսում։ Բայց գյուղից հեռացածները Ստամբուլում են հիմա, այստեղ են, մինչեւ հիմա հիշում են բարբառը, բայց ո՞ւմ հետ խոսեն։ Երեխաները գնում են հայկական վարժարան, գրական հայերեն են սովորում, իրենց ծնողների «գյուղի լեզուն» չեն հասկանում։ Դու Զ․-ի կնոջը գյուղում տեսա՞ր։ Այ իր համար հայերենը միակ մայրենին է։ Ն. գյուղից է հարս եկել, մինչեւ ամուսնանալը արաբերեն չգիտեր էլ։ Իրենք միայն հայերեն են խոսել տանը, շատ լավ գիտի, ուրիշ լեզու չեն էլ օգտագործել։ Եկավ հարս, Ն․-ն էլ կիսատ-պռատ հայերեն գիտեր, սա էլ արաբերեն չգիտի, պատկերացնո՞ւմ ես։

Էդպես է, մեր սասունցիները բոլորը իրար ազգական են, ոնց պտտվում ես՝ իրար խնամի ենք։ Բոլորը իրար ենք աղջիկ առել-տվել։ Ստամբուլ գալու առաջին տարիները շատ դժվար էին, լեզու չգիտեինք, ոչինչ չգիտեինք, իրար օգնելով մի կերպ ստեղծեցինք այն, ինչ ունենք։ Հիմա էլ եթե մի սասունցի նեղն է ընկնում կամ հիվանդանում՝ բոլորը հասնում են, այցելում, գումար ենք հավաքում, այդպես է ընդունված։   

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Իհարկե, ես շատ կցանկանայի նաեւ Հայաստանը տեսնել, ճանաչել, բայց եկեք շատ պարզ հասկանանք, որ մեր տեղը սա է։ Ես այստեղ տեղացի եմ, ոչ մի տեղից չեմ եկել, ես՝ ես եմ։ Դա էլ իր գինն ունի, բայց կան բաներ, որ ես ուրիշ տեղ չեմ գտնելու։ Այստեղ էլ կան հայաստանցիներ ու որոշները մեզ շատ խեթ են նայում, հայ չեն ընկալում մեզ։ Մի անգամ էլ զբոսաշրջիկներ կային Ամերիկայից, եկան «Փակ շուկայի» մեր խանութը, իրենց մեջ մի հայ կար։ Այդ ժամանակ տղաս է եղել խանութում, խոսել են։ Երբ այդ մարդն իմացել է, որ մենք էլ ենք հայ՝ զարմանքով հարցրել է, թե ինչու ենք այստեղ մնացել։

 

Բայց չէ՞ որ դուք չգիտեք մեր գլխին եկածը։

 

Իմ մայրը մինչեւ կյանքի վերջին տարին Զատկի պահքը պահում էր։ Հա, գուցե դա չի էականը, բայց այդ կամքը... Հասկանում ես, չէ՞, թե ինչ եմ ուզում ասած լինեմ։

 

Գրի առավ Սոֆիա Հակոբյանը

 

***

 

Սասունում կիրառվող արաբերենի բարբառը

 

Սասունում կիրառվող արաբերենի բարբառը բավականին յուրահատուկ է ու, ցավոք, շատ քիչ ուսումնասիրված։ Այստեղ նկատելի են թե՛ պաղեստինյան, թե՛ սիրիական ու իրաքյան, թե՛ անգամ եգիպտական արաբական բարբառների ազդեցություններ, թեեւ Սասունի արաբները պնդում են, որ եկել են Իրաքի Բասրա նահանգից։ 

 

Այնուամենայնիվ՝ Սասունից դուրս այս բարբառը սովորաբար չի հասկացվում։ 

 

Սասունի արաբերենում չափից դուրս շատ են նաեւ քրդերեն ու հայերեն փոխառությունները։ Իհարկե, գյուղ-գյուղ բարբառը նույնպես տարբերություններ ցույց տալիս է եւ երբեմն ըստ դրանց կարելի է տարբերակել իսլամացված հայերին արաբներից կամ արաբախոս քրդերից՝ նկատելով հայերեն ավելի շատ փոխառություններ կամ որոշ «բանալի բառեր», որոնք հատուկ են միայն կրոնափոխ հայերին։ 

 

Սասունի լեռնային գյուղերում թե՛ տեղի արաբները, թե՛ նրանց բարբառը յուրացրած հայերը արաբերեն գրին ընդհանրապես չեն տիրապետել։  

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Տեղի հայերը նաեւ բավականին երկար են պահպանել հենց մայրենին՝ մի շարք գյուղերում ընդհուպ մինչեւ 20-րդ դարի երկրորդ կես խոսելով գերազանցապես հայերեն։ Ավելի ուշ սաստկացած ճնշումներն ու ուրբանիզացման պատճառով բազմաթիվ գյուղերի նոսրացումը էականորեն փոխեցին պատկերը։ Արդեն 1960-ականների երկրորդ կեսից կրոնափոխ ու ծպտյալ-քրիստոնյա հայերի շրջապատում սկսեց գերակշռել արաբերենը։ Թեեւ տարեցները շարունակել են հաճախ շփվել նաեւ հայերեն եւ մի շարք գյուղերում հայերեն խոսող ծերեր հիմա էլ կան, սակայն առօրյայում գերակշռում է արաբերենը, իսկ մայրենին ընկալվում է նախնիներից մնացած գեղեցիկ հիշողություն։ Միայն Մոտկան գավառում է, որ սասունցիները հաջողացրին պահել մայրենին առաջնային դիրքում եւ հատկապես քրիստոնյա մոտկանցիների շրջանում անգամ երիտասարդ սերունդը արաբերեն կամ քրդերեն գրեթե չի խոսում։ 

 

Սասունի հայերը Ցեղասպանությունից հետո սովորաբար շարունակել են կյանքը շատ փակ համայնքային «ռեժիմով»՝ բավականին երկար ժամանակ զերծ մնալով պետության հետ անմիջական շփումից։ Երեխաների զգալի մասը մինչ 1980-ականներ դպրոցներ չեն ուղարկվել, օտարների հետ շփման շրջանակը սահմանափակվել է հարեւան մուսուլման արաբներով։ Հենց այս պատճառով էլ սասունցի կրոնափոխ ու ծպտյալ-քրիստոնյա հայերն ընդհանրապես չեն տիրապետել թուրքերենին՝ մինչեւ 1970-ականներին դեպի Ստամբուլ ինտենսիվացած գաղթից հետո։

 

Կարդացեք նաեւ Մուշում ծնված Տիգրանն եւ քրդերի ասած «Սասոն բե կանոն»-ը :

 

Կարդացեք նաեւ Սասունցի «արաբ» Սինեմի ու «Շեկո տան քրդերի» պատմությունները:

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին