Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպմանը երկու երկրի ղեկավարները ողջունել են օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը:
«Նրանք նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման եւ առաջմղման կարեւորությունը՝ երկկողմ ձեւաչափով:
Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առեւտրի մեկնարկի եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաեւ երրորդ երկրներից հացահատիկի եւ այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:
Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նրանք նաեւ ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները եւ համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։
Վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիեւը քննարկել են TRIPP-ի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։
Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջեւ խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ եւ համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: