Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանում բնակվող ադրբեջանցիների բռնի տեղահանումը, նյութական մշակույթի ոչնչացումը եւ յուրացումը պատմական փաստեր են, որոնք ապացուցված են հավաստի փաստաթղթերով»:
Ինչպես հաղորդում է Trend-ը՝ Ալիեւը այս մասին հայտարարել է Բաքվում ընթացող «Մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք» համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
«Հայաստանը պարբերաբար ոչնչացրել է Արեւմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների հարուստ նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, նրանց սրբավայրերը եւ գերեզմանատները՝ նպատակ ունենալով ջնջել ադրբեջանական ժողովրդի հետքն իր տարածքից:
Խիստ պարտադիր է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված մարդկայնության դեմ հանցագործությունները միջազգային իրավունքի շրջանակներում գնահատելու եւ այս հարցում միջազգային հանրության աջակցությունն ապահովելու համար», - ասվում է Ադրբեջանի նախագահի ուղերձում:
«Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, որը ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է, կարեւոր է թշնամանքի էջը շրջելու եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու համար: Արեւմտյան Ադրբեջանի համայնքի զուսպ, կառուցողական մոտեցումը, հաշտեցման եւ երկխոսության պատրաստակամությունը, ինչպես նաեւ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ նրա հարգանքը, բարձր գնահատականի են արժանի», - նշվում է ուղերձում:
















