Ռուսաստանի ԱԳՆ. «Համաձայնությունները ուժի մեջ են մնում» - Mediamax.am

Նոյեմբեր 07, 2025
484 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ. «Համաձայնությունները ուժի մեջ են մնում»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «չորս բարձր մակարդակի հայտարարությունները կազմում են խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզը»։

 

«Այս համաձայնությունները ուժի մեջ են մնում եւ չեն կորցրել իրենց արդիականությունը: Ադրբեջանական եւ հայկական կողմերն ակտիվորեն կիրառում

են եռակողմ ձեւաչափով ստեղծված կարեւոր հիմքերը, այդ թվում՝ ուղիղ երկխոսության մեջ։

 

Այս համատեքստում ռուսական կողմը դրական է գնահատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի նախաստորագրումը Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին», - նշվում է հայտարարության մեջ։

 

Փաստաթղթում նաեւ նշվում է.

 

«Բաքուն եւ Երեւանը դեռ շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը անշրջելի դարձնելու համար, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ նրանց անմիջական հարեւանների շահերից ելնելով տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների վերականգնումը, պետական սահմանի արդարացի սահմանազատման եւ սահմանագծման ապահովումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության շրջանակներում արդյունավետ կապերի հաստատումը: Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի եւ հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակներում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին