Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ կարող էր «հեշտությամբ» գրավել Հայաստանի հարավային շրջանները, սակայն չի արել դա։
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հրապարակել է Trend-ը, Ալիեւը, մասնավորապես, ասել է.
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվեց մեր հաղթանակով, մենք կարող էինք ուժով գրավել այս հատվածը։ Այդ ժամանակ հայկական բանակը լիովին հուսահատված էր։ Մենք ուժով չգրավեցինք տարածքի այս հատվածը, բայց մենք ասել ենք Հայաստանին, որ այն չի կարող խոչընդոտել մեր հաղորդակցությունը Նախիջեւանի հետ։ Գրեթե հինգ տարի մենք բանակցություններ էինք վարում նրանց հետ այս հաղորդակցության ուղիների վերաբերյալ։ Այդ ընթացքում Ադրբեջանը սկսել է կառուցել երկաթուղի դեպի Հայաստանի սահման՝ այս ճանապարհը Նախիջեւանի հետ կապելու համար։ Սկսվել է նաեւ մայրուղիների շինարարությունը։
Մայրուղիների նախագծերը, հավանաբար, պատրաստ կլինեն հաջորդ տարի, ինչպես նաեւ երկաթուղին։
Սակայն այս գրեթե հինգ տարվա բանակցային գործընթացի ընթացքում Հայաստանը կառուցողական մոտեցում չէր ցուցաբերել մեր պահանջների կամ օրինական խնդրանքների նկատմամբ։ Հետեւաբար, երբ նախագահ Թրամփը եւ նրա թիմը միացան այս գործընթացին եւ ցանկացան օգնել այն առաջ մղել, մենք նրանց փոխանցեցինք հետեւյալը.
«Զանգեզուրի միջանցքի գործունեության եւ Ադրբեջանի քաղաքացիների համար պետք է ապահովվեն հուսալի անվտանգության երաշխիքներ, միջազգային անվտանգության երաշխիքներ։ Միայն Հայաստանի կողմից անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի»։
Հարցազրույցի մեկ այլ հատվածում Ալիեւն ասել է.
«Որոշ լրատվամիջոցներում եւ որոշ ինտերնետային կայքերում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում Ադրբեջանի կողմից Զանգեզուրի ենթադրյալ օկուպացիայի մասին: Որ Ադրբեջանն իբր պլանավորում է փակել Իրանի եւ Հայաստանի սահմանը: Դա բացարձակ սուտ էր: Մենք նման մտադրություն չունեինք: Կրկնում եմ, եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք 2020 թվականի նոյեմբերին: Եվ դա շատ հեշտ կլիներ: Նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում դա անելը դժվար չէր: Ի վերջո, երթուղին ընդամենը քառասուն կիլոմետր է: Ռազմական տեսանկյունից դա շատ ժամանակ չէր պահանջի: Պարզապես մտնում եք երկու կողմից՝ Նախիջեւանից եւ Ադրբեջանի հիմնական մասից, եւ վերցնում այն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: