Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Վրաստանի հետ հարաբերությունները հասցվել են ռազմավարական գործընկերության մակարդակի»:
Այդ մասին նա ասել է՝ հյուրընկալելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին:
«Դուք գիտեք, թե որքան ենք կարեւորում մենք Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները, արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները: Դա, կարծում եմ, մի քայլ է, որն արտահայտում է մեր երկարաժամկետ մտադրությունները: Վրաստանը եւ Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, եւ պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ, իր համոզմամբ, այդ շահերը տեղավորվում են նաեւ տարածաշրջանի երկարատեւ զարգացման շահերի համատեքստում:
Կառավարությունից հայտնել են, որ Միխեիլ Կավելաշվիլին իր հերթին ասել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները պետք է խորանան եւ զարգանան:
Հանդիպմանը Վրաստանի նախագահը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան։ Միխեիլ Կավելաշվիլին ողջունել է այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվել է, եւ հույս հայտնել, որ այն շուտով կստորագրվի ու տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն ու կայունություն:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: