Թեհրանցի փորձագետ. ԵՄ-ն եւ Իրանը համակարծիք են Հայաստանին վերաբերող որոշ հարցերում - Mediamax.am

345 դիտում

Թեհրանցի փորձագետ. ԵՄ-ն եւ Իրանը համակարծիք են Հայաստանին վերաբերող որոշ հարցերում


Լուսանկարը` ahmadkazemi.com


Երեւան: Մեդիամաքս: Թեհրանի Իսլամական Ազադ համալսարանի պրոֆեսոր Ահմադ Քազեմին կարծում է, որ «այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Կովկասը կարող է հարթակ ծառայել Իրանի եւ Եվրոպայի համագործակցության համար»։

Ապրիլի 19-ին ելույթ ունենալով Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած "The South Caucasus Along Fault Lines: Regional and International Perspectives” («Հարավային Կովկասը խզումային խախտումների ներքո՝ տարածաշրջանային եւ միջազգային հեռանկարներ») կոնֆերանսում, Քազեմին նշել է, որ ի տարբերություն Թուրքիայի եւ Ռուսաստանի՝ Թեհրանը բացասական դիրքորոշում չհայտնեց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։

 

Խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի ստեղծումը պնդում են Ադրբեջանն ու Թուրքիան, Ահմադ Քազեմին ասել է, որ 2020 թվականի պատերազմին հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ պատերազմը նախաձեռնելու Ադրբեջանի նպատակներից հիմնականը հենց այդ միջանցքը ստանալն էր:

 

Ըստ փորձագետի՝  նեոօսմանիզմի նման դրսեւորումները վտանգ են ներկայացնում նաեւ Եվրոպայի համար, ուստի կողմերի շահերը այս առումով համընկնում են։

 

«Ահա թե ինչու են այսօր Փարիզն ու Թեհրանը բացահայտ հանդես գալիս Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու կոչերով»,- նկատել է պրոֆեսորը։

 

Ահմադ Քազեմին նշել է նաեւ, որ թե՛ Իրանը, թե՛ Եվրոպան մշտապես դեմ են արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը նախքան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Նրա խոսքով, Իրանն եւ Եվրոպական միությունը համակարծիք են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի հարցում։

 

Մարիամ Գալստյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին