Անկայուն Կովկասն ու Պուտինի եւ Էրդողանի «մրցակցային համագործակցությունը» - Mediamax.am

exclusive
751 դիտում

Անկայուն Կովկասն ու Պուտինի եւ Էրդողանի «մրցակցային համագործակցությունը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը չի կիսում այն կարծիքը, որ Թուրքիան կարող է Հայաստանի համար «դարպաս» դառնալ դեպի Եվրոպական միություն:

Ելույթ ունենալով Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված գիտաժողովում, Մուսթաֆա Այդինն ասել է, որ ԵՄ-ն ու Թուրքիան մրցակցում են Հարավային Կովկասում եւ այդ պարագայում վերջինիս որպես «կամուրջ» դիտարկելը իրատեսական չէ։

 

Պրոֆեսորն ասել է, որ Կովկասը մշտապես բախվում է աշխարհաքաղաքական մարտահրավերների.

 

«Կարծում եմ, որ այս իրավիճակում գտնվելով՝ հարավկովկասյան երեք պետությունները բավականին վարժվել են հարափոփոխ աշխարհին եւ այն ճգնաժամերին, որոնք ազդում են տարածաշրջանի վրա»։

 

Մուսթաֆա Այդինը կարծիք է հայտնել, որ այսօր ստեղծվել մի իրավիճակ, երբ որեւէ արտաքին դերակատար Կովկասի նկատմամբ հատուկ հետաքրքրություն չի ցուցաբերում:

 

«Չեմ կարող ասել՝ դա լավ է, թե վատ։ Դա կարող է լավ լինել, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Իհարկե, ստորագրելը եւ իրական խաղաղության հասնելը տարբեր բաներ են, բայց ստորագրելը արդեն իսկ առաջխաղացում կլինի՝ հաշվի առնելով այն, որ այս հարցով զբաղվող բոլոր միջազգային կառույցները ձախողվել են», - նշել է Այդինը։

Պրոֆեսորը հնարավոր է համարում, որ ուկրաինական պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը մասնակիորեն կվերադառնա Կովկաս, ինչը կունենա ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական արտահայտություն։

 

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը Կովկասում ռեվիզիոնիզմի կդիմի, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Թուրքիան եւ Ռուսաստանը պայմանավորվել էին «բալանսավորել» Կովկասը: Կարծում եմ, որ այդ բալանսը Ռուսաստանը կպահպանի՝ նպատակ ունենալով արեւմտյան խաղացողներին հեռու պահել տարածաշրջանից»,- ասել է Այդինը:

 

Վերլուծելով ռուս-թուրքական հարաբերությունները՝ փորձագետն արձանագրել է, որ Լիբիայում, Սիրիայում եւ Ադրբեջանում Թուրքիան արդեն իսկ հետ է մղել Ռուսաստանին, բայց Թուրքիան երբեք Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման չի գնում։

 

«Թուրքիան շատ լավ գիտի, որ առանց արեւմտյան աջակցության չի կարող Ռուսաստանի դեմ դուրս գալ։ Վերջին 10 տարիների ընթացքում Պուտինն  ու Էրդողանը մի կողմից մերձենում են, մյուս կողմից՝ հեռվանում։ Նրանք համաձայնության են գալիս այն հարցերում, որոնցում կարող են համատեղ հակադրվել Արեւմուտքին։ Սա ես կոչում եմ մրցակցային համագործակցություն»,-ասել է Այդինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին