Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկու չլուծված հարց է մնում։
«Լսել եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ։ Պարզ է, որ մնացած երկու հարցերը դժվար է ինչ-որ կերպ շրջանցել: Պետք է որոշել՝ «այո» կամ «ոչ»: Եվ ահա Եվրահանձնաժողովը եւ Եվրամիությունը սկսեցին ասել. «Մենք հիմա կգանք եւ կօգնենք ձեզ»: Դա Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե որտեղ պետք է ստորագրեն փաստաթուղթը եւ երբ այն կհամաձայնեցվի»,- ասել է Լավրովը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է ազդել Արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցումը տարածաշրջանի անվտանգության վրա, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է.
«Մենք անխուսափելիորեն երբեւէ գալու ենք նրան, ինչի մասին հիմա խոսում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը, դա այն է, որ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն իրենց խնդիրները իրենց անմիջական հարեւանների հետ»։
Սերգեյ Լավրովը հավելել է, որ որեւէ խնդիր չի տեսնում արեւմտյան երկրների եւ ԵՄ-ի հետ Հայաստանի շփումների առումով։ «Բայց երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից եւ պատմության ոչ գաղութատիրական պատկերացումներից, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը ապահովելու է անվտանգությունը Սյունիքի մարզում, ես դա այնքան էլ չեմ հասկանում»,- նշել է Լավրովը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: