Ալիեւը Հայաստանի սպառազինման «տրամաբանական բացատրություն» չի գտնում - Mediamax.am

1248 դիտում

Ալիեւը Հայաստանի սպառազինման «տրամաբանական բացատրություն» չի գտնում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը՝ ի հեճուկս համաշխարհային տերությունների ցանկությանը»։

Այս մասին ասվում է Ալիեւի՝ հունվարի 1-ին հրապարակված ուղերձում՝ «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա եւ Նոր տարվա» կապակցությամբ։

 

«Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ակնհայտ են. սկսվում են նոր պատերազմներ, առճակատումներ, հակամարտություններ։ Աշխարհի տարբեր շրջաններում շարունակվում են արյունալի բախումները։ Ադրբեջանն ապրում է խաղաղության, հանգստության, անվտանգության եւ կայունության պայմաններում։ Վստահ եմ, որ այսուհետ կայունությունն ու անդորրը հավերժ են լինելու։

 

2024 թվականին մեծ թվով կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Դրանցից ամենակարեւորը 1990-ականների սկզբին գրավված Ղազախի շրջանի չորս գյուղերի ազատագրումն էր։

 

Եթե չլինեին ադրբեջանա-հայկական հարաբերություններում վերջին չորս տարիների իրադարձությունները, ապա Հայաստանն, իհարկե, երբեք կամովին մեզ չէր վերադարձնի այդ գյուղերը։ Նրանք ստիպված էին դա անել, նրանք դա արեցին՝ գիտակցելով մեր քաղաքական եւ ռազմական ուժը, և ես հույս ունեմ, որ Հայաստանն իր քաղաքականության մեջ կշարունակի հաշվի առնել այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել Հարավային Կովկասում եւ աշխարհում», - ասել է Ադրբեջանի նախագահը։

 

«Հայաստանին զինելու լայնածավալ արշավը եւս մեկ սպառնալիք է տարածաշրջանի համար։ Եթե խոսենք 2024 թվականի մեզ համար ամենատագնապալի պահի մասին, ապա, իհարկե, դա Հայաստանի սպառազինումն է։ Այն ոչ մի տրամաբանական բացատրություն չունի։ Հայաստանն իր ագրեսիվ քաղաքականության կատարյալ կործանում ապրեց։ Ռազմական պարտությունները 2020-ին, ապա 2023 թվականին նրանց պետք է ցույց տային ճիշտ ճանապարհը։ Մենք ձգտել ենք դրան եւ այսօր շարունակում ենք մեր ջանքերը։ Ես բազմիցս զգուշացրել եմ խուսափել այս վտանգավոր ճանապարհից թե՛ իմ պաշտոնական հայտարարություններում, թե՛ հայկական կողմի հետ մեր բանակցությունների ընթացքում։ Նրանց հրահրող արտաքին շրջանակները, այն օտար երկրները, որոնք այսօր էլ հրահրում են կրկին հարձակվել Ադրբեջանի վրա, իրենց թիկունքում չեն կանգնի, պարզապես չեն կարողանա դա անել։ Այս տարածաշրջանում ոչ մի ուժ չի կարող մեզ հետ մրցել ռազմական ոլորտում։ Ուստի, նորից եմ ասում, քանի դեռ ուշ չէ, թող հեռանան այս վտանգավոր ճանապարհից։ Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության, հանգստության եւ համագործակցության տարածաշրջան։ Հայաստանի լայնածավալ եւ արագացված սպառազինությունը, նրան մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այն խաղաղությունը, որը հնարավոր է»,- ասվում է Ալիեւի ուղերձում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին