Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն «կարողանա առեւտրային ուղի բացել Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով, Կենտրոնական Ասիայի երկրները մուտք կունենան դեպի համաշխարհային շուկաներ եւ կնվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից եւ Չինաստանից»:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ջեյմս Օ'Բրայենը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ռուսաստանից կտրվելու խիզախ քայլերը»։
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ասել է. «Դա հանգեցրել է լուրջ խզման. Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից»։
«Ուստի մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի դա տեղի ունենա», - Օ'Բրայենի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների մասին՝ Օ՛Բրայենը նշել է, որ Ռուսաստանը «ձգտում է, որ իրադարձությունները զարգանան իր պայմաններով», ինչը, ըստ նրա, «նյարդայնացնում է երկու կողմերին»։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլյան հանդիպման ժամանակ «ստեղծվել է նոր հարթակ՝ օգնելու Հայաստանին նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից»։
«Հայաստանը տնտեսապես եւ էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, եւ մենք պետք է դիվերսիֆիկացիայի հասնենք»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: