Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը պայմանավորվել են սկսել պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները:
«Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական եւ ընթացակարգային մի շարք հարցերի:
Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ սահմանազատման պետական հանձնաժողովի միջեւ նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգի տեքստը:
Պայմանավորվել են նաեւ աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
















