Երկաթգծի Երասխ-Հորադիզ հատվածի վերաշահագործման մասով կա կոնսենսուս - Mediamax.am

Հունվար 05, 2026
5694 դիտում

Երկաթգծի Երասխ-Հորադիզ հատվածի վերաշահագործման մասով կա կոնսենսուս


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ «շատ կարեւոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից»:

«Կարեւոր է, քանի որ կոնկրետ է ու շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը: Կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության ու ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Մհեր Գրիգորյանը:

 

Նա կարծում է, որ «ադրբեջանական կողմը համաձայն է այս տարբերակին, քանի որ բազմիցս է հայտարարվել, որ այլ ձեւաչափով այս հարցը չի քննարկվելու»։

 

«Եթե կան հանդիպումներ ու քննարկումներ, նշանակում է, որ ընկալումը կիսում են բոլոր մասնակիցները։ Երկաթգծի Երասխ-Հորադիզ հատվածի վերաշահագործման մասով կա վերջնական կոնսենսուս, բոլոր կողմերը հայտարարել են, որ համաձայն են ու դա դրական լուծում է տարածաշրջանի համար»,- մանրամասնել է Մհեր Գրիգորյանը:

 

Փոխվարչապետը տեղեկացրել է նաեւ, որ Ադրբեջանը դրական է արձագանքել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու հայկական կողմի առաջարկին:

 

«Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,- ասել է նա:

 

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ էր ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում, որի «նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին