Ալիեւ. Ադրբեջանն «անուղղակիորեն դարձել է ՆԱՏՕ-ի ռազմական դաշնակիցը» - Mediamax.am

3149 դիտում

Ալիեւ. Ադրբեջանն «անուղղակիորեն դարձել է ՆԱՏՕ-ի ռազմական դաշնակիցը»


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը «անուղղակիորեն դառնում է ՆԱՏՕ-ի ռազմական դաշնակիցը»։

Մայիսի 3-ին Շուշիում պատասխանելով «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձեւավորումը. անցյալից ներկա եւ ապագա» համաժողովի մասնակիցներից մեկի հարցին՝ Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Դառնալով Թուրքիայի ռազմական դաշնակիցը՝ Ադրբեջանն անուղղակիորեն որոշ չափով դառնում է նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական դաշնակիցը։

 

Տարիների ընթացքում թյուր պատկերացում է եղել եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհի մասին։

 

Այո, Ադրբեջանը պաշտոնապես ոչ մի համաձայնագրի չի մասնակցել։ Ի տարբերություն «Արեւելյան գործընկերության» ծրագրի որոշ անդամների, մենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր չենք ստորագրել։ Բայց ոչ այն պատճառով, որ չէինք ցանկանում ավելի մոտ լինել: Իմ կարծիքով, ասոցացման համաձայնագիրը,  համաձայնագիր չէ բառի ընդունված իմաստով։ Այն հրահանգների ցանկ է, որոնք ներկայացված են այս ձեւաչափին միացած երկրներին:

 

Մենք այլ ճանապարհ ենք ընտրել: Մենք ստորագրել ենք ռազմավարական գործընկերության համաձայնագրեր եւ հռչակագրեր ԵՄ 9 անդամների հետ։ Այսինքն՝ կազմակերպության անդամ երկրների մեկ երրորդի հետ։ Եվ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրերն ավելի մեծ արժեք ունեն, քան ասոցացման համաձայնագիրը։

 

Նույնը ՆԱՏՕ-ի դեպքում է։ ՆԱՏՕ-ն 15 տարի առաջ անդամակցություն խոստացավ Ուկրաինային եւ Վրաստանին։ Ես ներկա էի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովին, երբ որոշ եվրոպական առաջատար երկրների ղեկավարներ մերժեցին Ուկրաինային եւ Վրաստանին տրամադրել անդամակցության գործողությունների ծրագիր: Փոխարենը հայտարարվեց, որ նրանք անդամակցելու են։ Ե՞րբ: Պատասխան չկար։ Անցել է 15 տարի։ Բայց մենք բանակի ներուժի տեսանկյունից ՆԱՏՕ-ի երկրորդ անդամ երկրի հետ համաձայնագիր ենք ստորագրել, եւ սա լուրջ է։ Այսինքն՝ մենք միշտ ընտրություն ենք կատարել հօգուտ գործնական քայլերի, այլ ոչ թե հայտարարությունների, որոնք հետագայում շոշափելի արդյունք չեն տվել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին