Բաքվում խոսում են «անկլավները» վերադարձնելու անհրաժեշտության մասին - Mediamax.am

5452 դիտում

Բաքվում խոսում են «անկլավները» վերադարձնելու անհրաժեշտության մասին


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն այսօր ասել է, որ «Ադրբեջանի անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղերը եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Քյարքի գյուղը, վերադարձնելու հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանի սահմանազատման համատեքստում»։

«Այդ հողերը Ադրբեջանի տարածքն են։ Դրանց վերադարձը պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի այն կդիտարկվի դրա շրջանակներում։ Այդ հարցերը կքննարկվեն ու կլուծվեն»,- ասել է Խալաֆովը։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2021 թվականի նոյեմբերի 23-ին «անկլավների» թեման մեկնաբանելիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.

 

«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասկանանք իրավական հիմքը: Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի: Պետք է հասկանանք, թե դա ինչ հարց է ընդհանրապես, որտեղի՞ց են ծագել անկլավները: Այս հարցերը պետք է լրջորեն դիտարկվեն, մենք չենք ուզում որեւէ ճնշման ներքո Հայաստանի համար կարեւոր խաղաքարտեր բացել»:

 

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, այսօր մեկնաբանելով  սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի ժամկետները, ասել է.

 

«Մեր առաջարկությունն այն էր, որ Ադրբեջանի կողմից հանձնաժողովը պետք է ղեկավարի փոխվարչապետը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեր առաջին հեռախոսազրույցի ժամանակ ըմբռնումով էր ընդունել դա եւ հայտարարել էր, որ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ ներքին քննարկումների համար։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ նման առաջարկն ընդունելի կլիներ նաեւ իրենց համար։ Կողմերի միջեւ կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանն արդեն ապրիլին պատրաստ էր այս հանդիպմանը։ Կարծում եմ, որ երբ հայկական կողմն ավարտի իր ընթացակարգերը, հնարավոր կլինի նման հանդիպում անցկացնել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին