Հայաստան կայցելի Իրանի փոխնախագահը, ասել է դեսպանը - Mediamax.am

Դեկտեմբեր 27, 2025
11352 դիտում

Հայաստան կայցելի Իրանի փոխնախագահը, ասել է դեսպանը


Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին
Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Առաջիկա ամսվա ընթացքում Հայաստան կայցելի Իրանի փոխնախագահը` ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին:

 

Նա նշել է, որ այցի շրջանակում կքննարկվեն երրորդ բարձրավոլտ էլեկտրակայանի հետ կապված հարցեր՝ հավելելով, որ նման մակարդակի այցն իր ազդեցությունը կունենա նոր համագործակցության մեկնարկի վրա:

 

Դեսպանն անդրադարձել է նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա:

 

«Իրանի քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը հարեւան երկրների հետ համագործակցությունն է: Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, որոնք էլ ավելի կզարգացնեն: Կարծում եմ՝ համագործակցության բնագավառները Իրանի եւ Հայաստանի միջեւ բազմաթիվ են.  մինչ օրս մի շարք նախագծեր են ստորագրվել, սակայն կյանքի չեն կոչվել»,- ասել է Մուհամադ Ռաիսին՝ հավելելով, որ մի շարք ծրագրերի իրագործումը դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա:

 

Անդրադառնալով նախագծերի ուղղություններին՝ դեսպանը նշել է, Հայաստանը միջանցք կլինի Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու հարցում՝ միաժամանակ նկատելով, որ այդ միջանցքի կառուցումը կարող է երկար տեւել:

 

«Խոսքը Իրան-Հայաստան երկաթգծի մասին է, որը լուրջ ներդրող է ակնկալում: Իրանի տրանսպորտի նախարարությունը մի քանի անգամ նիստեր է կազմակերպվել, մի շարք բանակցություններ են եղել, սակայն մինչ օրս լուրջ ներդրող չի եղել»,-ասել է Մուհամադ Ռաիսին:

 

ԵՏՄ Իրան հարաբերություններին անդրադառնալով՝ դեսպանը նշել է, որ ԵՏՄ-ն բավական մեծ շուկա է Իրանի համար: Դեսպանը խոսել է նաեւ տարածաշրջանի խաղաղության եւ անհարմարությունների ամսին՝ նշելով, որ Իրանի դիրքորոշումն այս առումով մեկն է՝ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին