Վրաստանը ցանկություն չունի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, կարծում է ՀԱԿ անդամը - Mediamax.am

2081 դիտում

Վրաստանը ցանկություն չունի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, կարծում է ՀԱԿ անդամը


ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը
ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն այսօր քննադատել է վերջին վեց տարիների ընթացքում իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը:

«Մասնավորապես, որեւէ բան չի արվել հարեւան պետությունների հետ հարաբերությունների փակուղին ճեղքելու առումով ու մենք շարունակում ենք մնալ մեկուսացված»,-ասել է նա:

 

Խոսելով Հայաստանի եւ հարեւանների հարաբերությունների մասին` ՀԱԿ անդամն ասել է, որ «Վրաստանի հետ առկա լարվածությունը կամ չհասկացվածությունը, որը կար նախկինում, ցավոք, աճել է»:

 

Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, Վրաստանը, կարծես, ցանկություն չունի Հայաստանի հետ խորացված հարաբերություններ զարգացնել: 

 

«Մաքսային միությանը միանալու մեր հայտարարության ու ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրելու հետ կապված նոր մարտահրավերներ կառաջանան, եւ պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք` կանգնեցնելու այն սառեցումը, որն առկա է երկու երկրների միջեւ», - ասել է ՀԱԿ անդամը:

 

Իրանի հետ հարաբերություններում եւս ՀԱԿ անդամը դրական զարգացում չի տեսնում: «Գրանցվել է առեւտրաշրջանառության շուրջ 10 % անկում:  Իսկ Իրանի դեսպանի հայտարարությունները գազի գնի վերաբերյալ ցույց են տալիս, որ երկրների միջեւ կա որոշակի անվստահություն», - նկատել է Կարապետյանը:

«Թուրքիայի հետ գրանցել ենք փոխվստահության առավել նվազում: Հայտնվել ենք 2006-2007 թթ. իրավիճակում, երբ Թուրքիան փորձում էր հանդիպումներ ապահովել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ` ապացուցելու միջազգային հանրությանը, որ կան որոշակի մակարդակի շփումներ: Այսօր հայ պաշտոնյաները կրկին խուսափում են հանդիպումներից` չցանկանալով Թուրքիայի ստի եւ կեղծիքների ջրաղացին ջուր լցնել», - ասել է նա:

 

Վլադիմիր Կարապետյանը լուրջ տեղաշարժ չի տեսնում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: 

 

«Եթե Հայաստանը ցանկանում է վերադառնալ Մադրիդյան փաստաթղթին, ապա Ադրբեջանը, կարծես, հրաժարվում է դրանից` փորձելով ավելի նպաստավոր պայմաններ գտնել բանակցությունները շարունակելու համար»,- նշել է ՀԱԿ անդամը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին