Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կազմում է 20 %:
Այդ մասին են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից փետրվարի 3-ից 13-ը իրականացված հարցման արդյունքները։
Հեռախոսային հարցման ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,506 ՀՀ քաղաքացիներից եւ Արցախից տեղահանվածներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել ՀՀ քաղաքացիներ)։
«Ուժեղ Հայաստանի»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի վարկանիշը կազմում է 10 %, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը՝ 5 %:
Հարցման մասնակիցների 68 տոկոսն ասել է, որ մասնակցել է 2021թ. ԱԺ ընտրություններին: Հարցվածների 47 % այդ ընտրություններում ձայն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 8 %-ը՝ «Հայաստան» դաշինքին:
Պատասխանելով՝ «ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի» հարցին, հարցվածների 24 %-ը նշել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 9 %-ը` «Ուժեղ Հայաստանը», 3-ական տոկոսը՝ «Հայաստան» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը:
Հարցվածների 8 տոկոսն ասել է, որ չի մասնակցելու ընտրություններին, 30 %-ը՝ չի որոշել կամ դժվարացել է պատասխանել, 9 %-ը հրաժարվել է պատասխանել: Այսպիսով, հարցվածների 47 %-ը հստակ չի պատասխանել, թե ում է ընտրելու:















