Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը վերահաստատել է իր վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ ինքը չի մեկնաբանում հայաստանյան քաղաքականությունը:
Fox 11 Los Angeles հեռուստաալիքին տված հարցազրույցում Արմեն Սարգսյանն ասել է.
«Ես այդ որոշումը կայացրել էի 2022 թվականին՝ հեռանալով հայաստանյան քաղաքականությունից: Ժողովրդավարությունը ոչ միայն ժողովրդավարական ընտրություններն են, այլեւ զսպումների եւ հակակշիռների համակարգը:
Հայաստանում, որը խորհրդարանական հանրապետություն է, չկան իրական զսպումներ եւ հակակշիռներ:
Նախագահը որեւէ լիազորություն չունի: Իմ միակ ուժը իմ անձն էր: Հետեւաբար, Հայաստանում փոփոխություններն անհրաժեշտ են, սակայն ես չեմ մեկնաբանում հայաստանյան քաղաքականությունը: Կա վարչապետ, կա կառավարություն՝ նրանք են կրում պատասխանատվությունը:
Ես եղել եմ նախագահ, ես փորձել եմ: Ոմանք ինձ լսում էին, ոմանք՝ ոչ: Ես այլեւս նախագահ չեմ, ուստի չեմ մեկնաբանում հայաստանյան գործերը»:















