2026թ. փետրվարի 17-ին ԵՄ Խորհուրդը ֆինլանդացի ոստիկան Սատու Կոյվուին նշանակեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) նոր ղեկավարի պաշտոնում, որը նա փետրվարի 20-ին՝ փոխարինելով գերմանացի Մարկուս Ռիտերին: Ներկայացնում ենք մի քանի փաստ Սատու Կոյվուի մասին:
EUMA-ն Հայաստանում տեղակայվել է 2023 թվականին փետրվարին՝ ունենալով 100 դիտորդ: 2023 թվականի դեկտեմբերին Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշում էին կայացրել առաքելության կազմն ընդլայնել մինչեւ 209 դիտորդ: Ավելի ուշ առաքելությանը միացել էր նաեւ Կանադայի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան պաշտոնական Մոսկվայի եւ Բաքվի ներկայացուցչներն հայտարարել էին, որ EUMA-ն «վերածվում է ՆԱՏՕ առաքելության»:
EUMA-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Եղեգնաձորում, այն նաեւ 6 կայան ունի Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում, Կապանում, Գորիսում եւ Իջեւանում:
2025թ. հունվարի 30-ին ԵՄ որոշեց EUMA-ի մանդատը երկարացնել երկու տարով՝ մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը:
1. Որքա՞ն ժամանակ է Սատու Կոյվուն աշխատում Ֆինլանդիայի ոստիկանությունում:
Սատու Կոյվուն ավագ սպա է՝ ազգային եւ միջազգային ավելի քան 35-ամյա փորձով: Մինչեւ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի պաշտոն ստանձնելը նա Ֆինլանդիայի ազգային ոստիկանական վարչության մարդկային ռեսուրսների ղեկավարն էր:
Այս պաշտոնում նա գերատեսչության հանրային դեմքն էր եւ մեկնաբանություններ էր անում զգայուն հարցերի շուրջ: Մասնավորապես, նա ընդունել էր, որ վերջին տարիներին ոստիկանների շրջանում ինքնասպանությունների թվի աճը լուրջ մտահոգություն է առաջացնում:
2. Ի՞նչ միջազգային փորձ ունի Սատու Կոյվուն:
Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ի եւ ԵՄ առաքելություններում՝ Պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում եւ Կիպրոսում:
3. Ի՞նչ աշխատանք է կատարել Սատու Կոյվուն Կիպրոսում:
Կոյվուն ծառայել է որպես ոստիկանության ավագ խորհրդական UNFICYP-ում՝ Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում, որտեղ կատարել է ՄԱԿ-ի ոստիկանական բաղադրիչի պետի պարտականությունները՝ ղեկավարելով առաքելության 69 միջազգային ոստիկաններին:
Սատու ԿոյվունԼուսանկարը` UNFICYP
Նրա պատասխանատվության գոտին կղզու հունական եւ թուրքական հատվածների միջեւ գտնվող բուֆերային գոտին էր: Սատու Կոյվուն ՄԱԿ-ի խաղաղապահ ոստիկանությունում ղեկավար պաշտոն զբաղեցրած առաջին ֆինլանդացին էր:
4. Ի՞նչ է ասել Սատու Կոյվուն կանանց դերի մասին:
Սատու Կոյվուն ասել է, որ որպես ղեկավար իր պարտքն է համարում ճիշտ ուղղություն սահմանել՝ հավատարմություն դրսեւորելով գենդերային հավասարակշռության հանդեպ եւ արժեքները վերածելով կոնկրետ գործողությունների:
Միջազգային միջավայրում կանանց հանդեպ երբեմն դրսեւորվող թերահավատության մասին խոսելիս նա նշել է.
«Թերահավատությունը փարատվում է, երբ մարդիկ տեսնում են մեզ գործողության մեջ»:
5. Ո՞րն է Սատու Կոյվուի մոտեցումը հակամարտությունների կանխարգելման հարցում:
Նա վստահ է, որ տեղում հակամարտությունները կանխելու համար անհրաժեշտ է ուշադիր լինել անգամ աննշան թվացող դեպքերում.
Սատու ԿոյվունԼուսանկարը` UNFICYP
«Օրինակ, կրակի դադարեցման գծին չափից մոտ եկած ֆերմերը կարող է մի իրավիճակ հրահրել, որում շուտով կներգրավվեն մամուլն ու քաղաքական գործիչները»:















