Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, ոչ «աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայրի պայմաններում, երբեմն նույնիսկ մեր կամքից չկախված, մենք ստացել ենք պետականություն»:
Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին նա ասել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» միջոցառման մասնակիցների հետ հանդիպմանը։
«Իմ կարծիքով, վերջին տարիների մեր բոլոր քաղաքականությունները և որոշումները, ես կարող եմ նույնիսկ կոնկրետ թիվ ասել՝ 2024 թվականից սկսած մեր բոլոր որոշումները, որոնք մենք կայացրել ենք, կամ գուցե դրանից առաջ, քայլ-քայլ, դրանք բոլորն ուղիղ ձևով կապված են մեր պատմությունից քաղած դասերի հետ», - ասել է նա:
«Ցիկլը, որի մասին ես խոսում եմ, հետևյալն է՝ աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայրի պայմաններում, երբեմն նույնիսկ մեր կամքից չկախված, մենք ստացել ենք պետականություն, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է այդպես եղել: Հետո աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, ու մենք, նորից անկախ մեր կամքից, կորցրել ենք պետությունը: Հիմա ո՞րն է այսօրվա իրավիճակը։ Այսօրվա իրավիճակն այն է, որ մենք այդ ցիկլն անցանք»,– ասել է վարչապետը։
«Մենք այդ ցիկլի մեջ էինք՝ պետք է կորցնե՞նք, թե չկորցնենք, արդեն հասունացել էր, եկել էր այն պահը, որ պատմական այդ ցիկլի կուլմինացիային էինք հասել 2020 թվականին, 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին և այնուամենայնիվ՝ 2024 թվականին հանգուցալուծումը տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ պատմական ցիկլի փոփոխություն՝ այն, որ մենք այն պահին, երբ պետք է կորցնեինք մեր պետությունը, մենք չկորցրինք մեր պետությունը։ Ընդ որում, ես ձեզ ուզում եմ ասել, որ այդտեղ կան նույնիսկ կոնկրետ ամիսներ, ամսաթվեր, իրադարձություններ, եթե դա ձեզ հետաքրքրի, ես նույնիսկ դրանով կարող եմ կիսվել: Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հիմա բոլորովին ուրիշ բան է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության հետ. զոհերի և զոհողությունների գնով մենք հասել ենք մի կետի, որ Հայաստանը հենց այսօր՝ 2026 թվականի փետրվարի 12-ին, երեկ էլ, երեկ չէ առաջին օրն էլ ու վաղը, մյուս օրն էլ է այդպես լինելու, աշխարհի ծայրագավառից, ընդ որում ֆիզիկապես ոչ մի տեղ չտեղափոխվելով, տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն: Եվ սա ամենակարևոր նորությունն է, որ ես ուրախ եմ ձեզ հայտնել»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։















