Ռոբերտ Քոչարյան. Հնարավոր է 3-4 խոշոր ընդդիմադիր դաշինք ձեւավորել - Mediamax.am

Հունվար 29, 2026
324 դիտում

Ռոբերտ Քոչարյան. Հնարավոր է 3-4 խոշոր ընդդիմադիր դաշինք ձեւավորել


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է լրագրողներին ու անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, TRIPP-ի ծրագրին ու այլ հարցերի:

Մեդիամաքսը ներկայացնում է հատվածներ ճեպազրույցից։ 

 

Ներքաղաքական իրավիճակը լավատեսական է 

 

Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ։ Չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որեւէ ընտրություն, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետեւյալ բովանդակությամբ՝ Արարա՞տ, թե՞ Արագած։ Երբեք խոսք չի եղել ազգային ինքնությունը պահպանելու մասին, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ 

 

Վիճակն իսկապես ունիկալ է։ Ամբողջ ընդդիմադիր դաշտում ֆունդամենտալ հարցերի շուրջ տարբեր բեւեռներում գտնվող, տարբեր հայացքներ ունեցող լավ կամ վատ մարդկանց մոտ խոսույթը գրեթե նույնն է։ Սա նշանակում է՝ կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, նաեւ թեզերի սինքրոնիզացման համար։ Սա բացառիկ իրավիճակ է։ Սա եւս մի հանգամանք է, որը հնարավորություն է տալիս եւ ավելի մեծ լավատեսություն է հաղորդում այն հանգամանքին, որ հնարավոր է ձեւավորել խոշոր նախընտրական դաշինքներ: 

Լուսանկարը` Photolure

Եթե սոցհարցումը ցույց տա, որ ես եմ ամենից շատ ձայներ բերողը, ուրեմն՝ ես եմ, ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ՝ մեծ բեռից կազատվեմ: Հիմա ընտրություններում  8-10 քաղաքական ուժի կամ դաշինքի մասնակցության հնարավորություն կա, ու ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3 կամ առավելագույնը 4 խոշոր բլոկով: Իմ տպավորությամբ՝ այս ընտրությունների ժամանակ պատկերն ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար: 

 

TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար

 

TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Հայկական շահն այստեղ չի երեւում: Հայաստանը կիսակողմ է՝ 25 տոկոսով: TRIPP-ը դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Տրանզիտային ուղիները ունեն երկու գործոն։ Առաջինն աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով վերահսկողություն տակ է պահում տարածքը եւ երկրորդը՝ տնտեսական գործոնն է։ 

 

ԱՄՆ-ն առաջ է տանելու այս ծրագիրը, բայց իր տնտեսական շահը չեմ տեսնում, միակ բացատրության անունն Իրան է։ Նրանք ուզում են Իրանը վերցնել հսկողության տակ։ Այսպիսով` Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ 

Լուսանկարը` Photolure

Այս ծրագիրը կարող է Հայաստանին հանել այդ բախման կետից, եթե ընդլայնվի ու բոլոր խաղացողները շահառուներ դառնան, օրինակ` Չինաստանը կամ Ռուսաստանը:

 

Ադրբեջանական բենզինը՝ քարոզչական բենզին 

 

Ադրբեջանից Հայաստան ներմուծված բենզինը չի նվազեցրել ՀՀ-ում բենզինի գինը։ Իմ նախագահության օրոք Հայաստանում բենզինի պահանջարկը տարեկան 250-300 հազար տոննա էր։ Հիմա թվերը փոխվել են, բայց քանի՞ տոննա է բերվել Ադրբեջանից, այս թիվը պահանջարկի մեկ տոկոսն էլ չի կազմում ու չի կարող գնային ազդեցություն ունենալ Հայաստանի շուկայի վրա։ Զրո ազդեցություն է: Զուտ քարոզչական բենզին է: 

 

ՀՀ-ում բենզինի գինը որոշակիորեն նվազել է, քանի որ համաշխարհային շուկայում նավթի գինն է ընկել։ Ադրբեջանը չունի բենզինի այնքան ծավալ, որ կարողանա լայն արտահանում իրականացնել։ Ադրբեջանն ունի մեկ նավթավերամշակման գործարան, ինչը հազիվ է բավարարում ներքին պահանջարկը։ Անցած տարիներին Ռուսաստանից Ադրբեջանը 120 հազար տոննա «պրեմիում» կարգի բենզին է ներկրել։ Հարց է առաջանում՝ Հայաստան եկած բենզինն ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին