Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի քաղաքագետ, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները «զուտ ներքաղաքական իրադարձություն չեն լինելու»։
«Դրանք առաջինը կլինեն Լեռնային Ղարաբաղի լիակատար կորստից եւ նրա հայաթափումից հետո։ Դրանք տեղի կունենան Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության լայնածավալ վերափոխումների ֆոնին, որոնք լավ չեն տեղավորվում «Ռուսաստան vs. Արեւմուտք» ծանոթ դիխոտոմիայի մեջ», - գրում է Մարկեդոնովը։
«Նախկինում մենք հետխորհրդային պետություններում քարոզարշավները դիտարկում էինք որպես անվերջ սերիալ, որը պատմում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի մրցակցության մասին՝ ազդեցության համար։ Սակայն հիմա տեսնում ենք այլ հետաքրքիր գործոններ։ Վերցնենք, օրինակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի վերջերս արած անկեղծ խոստովանությունը.
«Հունիսի սկզբին Հայաստանում կայանալու են ընտրություններ։ Դա կարեւոր փուլ է լինելու։ Այժմ մենք տեսնում ենք, որ հարցումների համաձայն՝ պարոն Փաշինյանը առաջատարն է։ Եվ մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին...»։
Այսպիսով, Անկարան հստակորեն ազդարարում է իր նախասիրությունների մասին։ Կարծում եմ, Բաքուն պատրաստ է լիովին համաձայնվել այս գնահատականի հետ», - նշում է ռուսաստանցի փորձագետը։
Միեւնույն ժամանակ, նկատում է նա, որ չնայած շատերը Փաշինյանին ընկալում են որպես «թյուրքական տանդեմի կարծիքների եւ շահերի փոխանցող», «վարչապետն ինքն է մեղադրում է իր հակառակորդներին (նաեւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսին) իր երկրի դեմ «հիբրիդային պատերազմ» վարելու մեջ»։
Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ «իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է» եւ շարունակում է.
«Հայաստանում ծավալվում է ազգային-պետական նախագիծը «վերագործարկելու» հավակնոտ փորձ։ Իրականում, խոսքը հայկական ինքնության համակարգային վերափոխման մասին է։ Քաղաքացիներին առաջարկում են աջակցել ոչ միայն Նիկոլ Փաշինյան անունով մարդուն, այլեւ «Իրական Հայաստան» կոչվող նախագծին, որը արմատապես խզում է անցյալի պատմական ավանդույթներն ու խորհրդանիշները՝ առաջարկելով թե՛ արտաքին, թե՛ ներքին կոորդինատների նոր համակարգ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ դա ընդմիշտ եւ անդառնալիորեն կփոխի այս երկիրը։ Հնարավոր են տարբերակներ, սակայն պատմությունը գծային չի զարգանում. նայեք հարեւան Վրաստանին։ Սակայն դա բոլորովին այլ պատմություն է»։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: