Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գաղտնալսումների թեմային:
Այդ մասին նա խոսել է հոկտեմբերի 23-ին՝ ներկա գտնվելով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան եւ կառույցի կազմավորման 4–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Ներկայացնում են համապատասխան հատվածը կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունից.
««Շատ առանցքային գործերի հետ կապված գաղտնալսումներ են հրապարակվում։ Հայաստանում օպերատիվ հետախուզության մասին օրենքը նորություն չէ։ Այդ օրենքով հստակ սահմանված է եւ, ընդ որում, բոլոր ամենաժողովրդավարական երկրներն ունեն այդ համակարգերը, երբ, ինչպես, որ դեպքում, ինչ պայմաններում կարելի է իրականացնել այդ օպերատիվ աշխատանքը։ Իսկ նորությունն այն է, որ քանի որ մեզ համար հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարեւոր եւ սկզբունքային է, կառավարությունն, այո, հնարավորինս ներդրումներ է անում, որպեսզի Հայաստանի օպերատիվ մարմինները տեխնիկական կարողություններ ունենան»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ հանցավորությունն ինքը տեխնոլոգիական մոտեցումներ է որդեգրում, եւ եթե իրավապահ համակարգը տեխնոլոգիական մոտեցումներ չորդեգրի, հանցավորության դեմ ողջ պայքարը կձախողվի։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ իրավապահ մարմիններն այլեւս այդքան կախված չեն անձերի ցուցմունքներից, քննչական մարմիններն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ եթե նույնիսկ ստացվեն իրավիճակներ, երբ ապօրինի ճնշումներ կլինեն վկաների վրա եւ այլն, որպեսզի նրանք արդյունքում հրաժարվեն ցուցմունքներից, այնուամենայնիվ փաստական բազան լինի այնքան ծանրակշիռ, որպեսզի այդ գործերը հասնեն տրամաբանական ավարտին»։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: