Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ առաջացած խնդիրները մնացել են անցյալում, երկու երկրների հարաբերություններում սկսվել է նոր շրջան։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդ մասին ասել է ՝ ընդունելով Բաքվում Ֆրանսիայի նոր դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագրերը։
«Հիշեցնելով վերջերս Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ կայացած հանդիպման մասին՝ Իլհամ Ալիեւը նշել է, որ երկու երկրների միջեւ թյուրըմբռնումներ առաջացնող հարցերը մնացել են անցյալում»,- ասվում է Ալիեւի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նա նշել է գործնական շփումների վերականգնման եւ զարգացման, մշակութային ու հումանիտար ոլորտներում համագործակցության կարեւորությունը։
Մեդիամաքսը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Իլհամ Ալիեւը սուր քննադատության էր ենթարկում Էմանյուել Մակրոնին։
Մասնավորապես, 2024թ. նոյեմբերին ելույթ ունենալով նոյեմբերի 13-ին COP29-ի շրջանակներում տեղի ունեցած Փոքր կղզիների զարգացող պետությունների գագաթնաժողովում (SIDS), Ադրբեջանի նախագահն ասել էր.
«Նախագահ Մակրոնի ռեժիմն այս տարի Նոր Կալեդոնիայում կանակների օրինական բողոքի ցույցի ժամանակ սպանել է 13 եւ վիրավորել 169 մարդու: Ձերբակալվել է 1700 մարդ։ Մարտինիկայում եւ Գվադելուպայում բողոքի ակցիայի ժամանակ 38 մարդ է ձերբակալվել։ Սրանից հետո Ֆրանսիան չդատապարտվեց ոչ Եվրահանձնաժողովի, ոչ Եվրախորհրդարանի, ոչ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից։ Դա քաղաքական երեսպաշտություն է։ Եվրախորհրդարանը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը, որոնք դարձել են քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ, անմեղ մարդկանց սպանության պատասխանատվությունը կիսում են նախագահ Մակրոնի կառավարության հետ։ Ֆրանսիայի բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: